Փարիզը Հարավային Կովկասում զինված հակամարտության հերթական փուլն է հրահրում, մեկնաբանելով Ֆրանսիայի կողմից «Սեզար» (CAESAR) հրետանային կայանքների՝ Հայաստանին վաճառքի գործարքը՝ այսօր հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ֆրանսիայի ղեկավարությունը չի առաջնորդվում Հայաստանի կամ առանձին վերցված որևէ այլ ժողովրդի շահերով։ Փարիզը փորձում է օգտագործել պետությունների միջև առկա տարաձայնություններն ու հակասությունները բացառապես սեփական այսրոպեական շահերից ելնելով», - պնդում է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակը։
Պաշտոնական Երևանը դեռ չի արձագանքել Զախարովայի հայտարարությանը:
- Հայաստանն ու Ֆրանսիան երեկ հայտարարեցին, որ «Սեզար» հրետանային համակարգերի ձեռքբերման պայմանագիր են ստորագրել։
- Բաքուն ևս դատապարտեց այդ գործարքը, հայտարարելով, որ Հարավային Կովկասում «պատերազմի նոր օջախ ստեղծելու ողջ պատասխանատվությունը կրելու են Հայաստանի ղեկավարությունը և Մակրոնի բռնապետությունը»։
- Պաշտոնական Երևանն այսօր մտահոգություն հայտնեց ամեն առիթով տարածաշրջանային սրացումներ կանխատեսելու Ադրբեջանի գործելակերպի շուրջ, նշելով, որ «սա գալիս է հիմնավորելու մի շարք կենտրոնների կողմից արվող վերլուծությունները, թե Ադրբեջանն ամեն ինչ անելու է վիժեցնելու Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու գործընթացը, 2024թ. նոյեմբերին Բաքվում կայանալիք COP 29 գագաթնաժողովից հետո Հայաստանի Հանրապետության նկատմամբ նոր ագրեսիա ձեռնարկելու համար»։