Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հանդիպել է Ֆրանսիայի նախագահի ռազմական գծով խորհրդական, ռազմական գրասենյակի ղեկավար, բանակի գեներալ Ֆաբիեն Մանդոնի հետ:
Ըստ հայկական կողմի՝ Պապիկյանն ու Մանդոնին քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության ընթացքին և հեռանկարային ծրագրերին, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող հարցեր:
Պապիկյանն աշխատանքային այցով Ֆրանսիա է մեկնել հունիսի 17-ին։ Նա մի շարք հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայում, այդ թվում՝ ռազմարդյունաբերական մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Ձեռք են բերվել պայմանավորվածություններ, ստորագրվել են պայմանագրեր։
Պապիկյանի հետ երեկվա հանդիպումից հետո Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն հայտարարեց, որ Հայաստանն ու Ֆրանսիան «Սեզար» հրետանային համակարգերի ձեռքբերման պայմանագիր են ստորագրել։
Հայաստանն ու Ֆրանսիան ռազմական ոլորտում համագործակցության մասին պայմանագրեր էին ստորագրել դեռ անցած աշնանը: Արդեն այս տարվա փետրվարին Ֆրանսիայի զինված ուժերի նախարարը հայտարարեց, որ Հայաստանը ստացել է պաշտպանական նշանակության սարքավորումների առաջին խմբաքանակը։
Փարիզը շեշտել է, որ Հայաստանին միայն պաշտպանական նշանակության սարքավորումներ է տալիս՝ առաջնահերթ համարելով այս տարածաշրջանում՝ և՛ բնակչության, և՛ սահմանների պաշտպանությունը։ Բաքուն բազմիցս քննադատել է այս ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցությունը։