Մատչելիության հղումներ

Կարելի է քննարկել Ուկրաինայում ժամանակավոր կառավարման ներդրման հարցը. Պուտին


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, 27-ը մարտի, 2025թ.
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, 27-ը մարտի, 2025թ.

Ռուսաստանի նախագահը հայտարարել է, թե քանի որ Ուկրաինայի իշխանությունները լեգիտիմ չեն, միջազգային փորձը հնարավորություն է տալիս ստեղծել ժամանակավոր վարչակազմ, որը կկառավարվի դրսից՝ միջազգային հովանու ներքո: Ըստ Վլադիմիր Պուտինի՝ դա թույլ կտա նոր ընտրություններ անցկացնել, որոնց արդյունքում իշխանության կգա գործունակ և ժողովրդի վստահությունը վայելող կառավարություն, ինչից հետո նրանց հետ կսկսեն խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ վարել, ապա ստորագրել փաստաթղթեր, որոնք կճանաչի ողջ աշխարհը:

«Նման պրակտիկա կա, և, սկզբունքորեն, իհարկե, հնարավոր կլինի ՄԱԿ-ի հովանու ներքո, Միացյալ Նահանգների, նույնիսկ եվրոպական երկրների և, անշուշտ, մեր գործընկերների ու բարեկամների հետ քննարկել Ուկրաինայում ժամանակավոր կառավարման ներդրման հնարավորությունը», - ասել է նա:

Վլադիմիր Պուտինը նշել է, որ ռուսական զորքը ռազմավարական առավելություն ունի շփման գծի ողջ երկայնքով և դանդաղ, բայց համառորեն առաջ է շարժվում: «Ես վերջերս ասացի, որ մենք նրանց կսեղմենք մինչև վերջ, բայց հիմքեր կան ենթադրելու, որ մենք նրանց վերջը կտանք»,- հավելել է նա։

Կիևից դեռ չեն արձագանքել Պուտինի հայտարարությանը: Իսկ Մոսկվայի ու Կիևի միջև միջնորդ ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչը, ում անունը չի նշվում, Reuters-ին ասել է, որ Ուկրաինայի պետական կառավարումը որոշվում է այդ երկրի սահմանադրությամբ և ժողովրդի կողմից։

Կրեմլի խոսնակն ասել է, որ նախագահներ Պուտինն ու Թրամփը այս թեման չեն քննարկել, դա Պուտինի գաղափարն է. «Խոսելով արտաքին կառավարման մասին՝ նախագահը հիշատակեց ՄԱԿ-ը, ընդգծեց, որ դա գաղափարներից մեկն է, սակայն այն տարբերակը, որը, գուցե պետք է նկատի ունենալ»:

Դմիտրի Պեսկովն անդրադարձել է նաև Փարիզում երեկ եվրոպացի առաջնորդների հայտարարություններին, որ դեռ վաղ է վերացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները: Պեսկովն ասել է, որ դրանով Եվրոպան ցույց է տալիս, որ չի ցանկանում գնալ խաղաղության ճանապարհով:

Երեկ Մեծ Բրիտանիայի վարչապետն ԱՄՆ-ին զգուշացրել էր, որ Պուտինը լուրջ չի վերաբերվում բանակցություններին և իր հին հնարքներն է բանեցնում: Ֆրանսիայի նախագահն էլ ասել էր, որ Պուտինը մտադիր չէ հրադադարի գնալ և ժամանակ է ձգում:

«Նախագահ Թրամփը սպասում է ռուսների հստակ պատասխանին։ Եթե նա հստակ ուղերձ ստանա, որ ռուսները չեն նստում բանակցությունների սեղանին, նա իրեն խաբված, դավաճանված կզգա և ստիպված կլինի արձագանքել», - ասել էր Էմանյուել Մակրոնը։

Ռուսաստանը նոր հարձակում է պատրաստում. Զելենսկի

Ուկրաինայի նախագահն էլ երեկ Le Figaro-ի հետ զրույցում ասել է, որ Ռուսաստանը պատրաստ չէ հրադադարին և նոր հարձակում է պատրաստում Սումիի, Խարկովի և Զապորոժիեի ուղղությամբ: Ըստ նրա՝ Մոսկվան բանակցությունների միջոցով փորձում է Վաշինգտոնին ներքաշել անվերջ ու անիմաստ քննարկումների մեջ, որպեսզի ժամանակ շահի և փորձի ավելի շատ տարածքներ գրավել:

«ԱՄՆ-ն փոխում է պայմանները և առաջարկում է միանգամից ստորագրել ամբողջական գործարքը»

Զելենսկին անդրադարձել է նաև Ուկրաինայի հազվագյուտ օգտակար հանածոների համատեղ արդյունահանման շուրջ համաձայնագրին՝ ասելով, որ ԱՄՆ-ն շարունակ փոխում է պայմանները. «Կարծում էի, որ մենք պայմանավորվել ենք, որ կլինի շրջանակային գործարք, հետո ամբողջական գործարք։ Հիմա, որքան հասկանում եմ, ուկրաինական և ամերիկյան թիմերն աշխատում են դրա վրա, քանզի ԱՄՆ-ն փոխում է այս պայմանները և առաջարկում է միանգամից ստորագրել ամբողջական գործարքը»։


Ըստ Bloomberg-ի՝ ԱՄՆ-ն ձգտում է վերահսկել բոլոր ապագա ներդրումները Ուկրաինայի ենթակառուցվածքներում և հանքային ռեսուրսներում: Եվ եթե համաձայնագիրը ստորագրվի, ԱՄՆ-ն հսկայական լիազորություններ կստանա՝ վերահսկելու ներդրումները ճանապարհների, երկաթուղու, նավահանգիստների, հանքերի, նավթի, գազի և կարևոր օգտակար հանածոների արդյունահանման նախագծերում:

Հարվածները շարունակվում են

Այս ընթացքում Ռուսաստանն ու Ուկրաինան հարվածել են իրար, Խերսոնում և Դոնեցկում զոհեր ու վիրավորներ կան: Ռուսաստանը հայտնել է, որ Կուրսկում մեկ գյուղ է վերադարձրել: Կողմերը միմյանց մեղադրել են էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածելու մեջ: Պեսկովն ասել է, որ եթե Ուկրաինան շարունակում է հարվածել էներգետիկ օբյեկտներին, ապա Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում անել նույնը: «Անտրամաբանական կլինի կանգնել և դիտել, թե ինչպես է «ամեն գիշեր» Ուկրաինան հարվածում ռուսական էներգետիկ թիրախներին»,- ասել է Դմիտրի Պեսկովը:


XS
SM
MD
LG