Ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանն այսօր մեղավոր ճանաչվեց 2018-ի հեղափոխության օրերին իշխանությունը չարաշահելու համար։ 4 տարի բանտարկության փոխարեն, սակայն, նա ազատվեց պատժից՝ համաներման ու վաղեմության ժամկետի հիմքով:
Գլխավոր դատախազությունը նախկին բարձրաստիճան ոստիկանին մեղադրում է 2018-ի ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում և ապրիլի 22-ին Արցախի պողոտայում ցուցարարների նկատմամբ լուսաձայնային նռնակներ կիրառելու համար։
Իրավապահների պնդմամբ՝ Երանոսյանն այդ լիազորությունը չի ունեցել, ավելին՝ դիտավորությամբ է կատարել գործողություններ, որոնք էական վնաս են հասցրել ցուցարարներին։ Ինքը՝ Երանոսյանը չի ընդունում մեղադրանքը, այսօր էլ հրաժարվեց մեկնաբանել դատավորի որոշումը։
Մեղադրող դատախազն այսօր չհստակեցրեց՝ արդյոք դատախազությունը կբողոքարկի դատարանի որոշումը, թե ոչ։
«Գալիս էր ու ընտրում էր՝ որտեղ պետք է գցեր». տուժող
«Գալիս էր ու ընտրում էր՝ որտեղ պետք է գցեր։ Գլուխս բարձրացրի, տեսա, որ ... ունի, քաշեց իր վրայից, շատ սառնասրտորեն գցեց, ընկավ մեքենայի գլխին, ինչ-որ մեկը բրդեց ձեռքով, որովհետև Աստվա ոչ անի՝ եթե դա մեքենայի վրա տրաքեր, օդ թռա, ընկա գետնին», - «Ազատության»-ը պատմեց այս գործով տուժողներից Զավեն Գրիգորյանը։
Լուսաձայնային նռանկից նրա ոտքն էր վնասվել, տղամարդը մեկ տարի անկողնում էր անցկացրել։ Ասում է՝ դեպքից 6 տարի է անցել, բայց վնասվածքի հետևանքները դեռ զգացնել են տալիս։ Գրիգորյանն այսօր «Ազատություն»-ից իմացավ, որ Երանոսյանը ազատվել է պատժից։ Անարդար է որակում դատավորի որոշումը, հայտարարում, թե սա ևս մեկ փաստ է, որ դատական համակարգում վեթինգ չի իրականացվել. - «5 տարի առաջ ես գիտեի, որ այսպես է լինելու, չեմ չափազանցնում ձեզ բոլորովին»։
Լուսաձայնային նռնակներով իշխանությունը չարաշահելու գործով դատաքննությունը մեկնարկել էր ուղիղ 5 տարի առաջ՝ 2019 թվականին։ Թե ինչու այսքան երկար ձգվեց այս դատը, հայտնի չէ։ Բայց ավելի վաղ դատական դեպարտամենտը պնդել էր, որ դատաքննությունը հիմնականում ձգձգվել է հենց դատավոր Հարություն Մանուկյանի պատճառով։
Այս պնդման պատճառով Արդարադատության նախարարությունը կարգապահական վարույթ էր հարուցել, այն ավելի ուշ կարճվել է։ Նախարարությունից, սակայն, չեն պարզաբանում՝ ինչ հիմքով։
«ՀՀ դատական օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն՝ վարույթ հարուցող մարմինը պարտավոր է ապահովել կարգապահական վարույթի գաղտնիությունը, հետևաբար նման տեղեկատվություն տրամադրելը հակասում է օրենքի պահանջներին», - փոխանցեց արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Նորայր Շողիկյանը։
Լևոն Երանոսյանն անցնում է ևս մեկ քրեական գործով, որում մեղադրյալ է նաև նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։ Երանոսյանը, Գասպարյանն ու ոստիկանության նախկին բարձրաստիճան այլ պաշտոնյաներ մեղադրվում են պաշտոնեական դիրքի չարաշահման, պաշտոնեական կեղծիքի և պետական միջոցներից առանձնապես խոշոր չափերի՝ 114 միլիոն դրամի հափշտակություն կատարելու համար։