Մատչելիության հղումներ

Լևոն Երանոսյանը չի ընդունում իրեն ներկայացված մեղադրանքը


Նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի գործով դատական քննությունը շարունակվում է։

Մի քանի նիստի հետաձգումից հետո 2018-ի ապրիլի 16-ին և 22-ին Երևանում 8 հատ «Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակներ կիրառելու և այդպիսով իր լիազորությունների շրջանակից դուրս գործողություններ կատարելու մեջ մեղադրվող նախկին փոխոստիկանապետը այսօր դատարան էր եկել և հայտարարեց, որ մեղադրանքը չի ընդունում:

Դատական նիստերի դահլիճ չէին ներկայացել անցած տարի հեղափոխության օրերին նախ Բաղրամյան, ապա Արցախի պողոտայում «Զարյա»-ից վնասվածքներ ստացած և այս գործով տուժողների կարգավիճակ ունեցողներից մի քանիսը: Դատարանը լսելով կողմերի կարծիքները որոշեց, որ դա խոչընդոտ չէ և կարելի է շարունակել նիստը։

Մեղադրող դատախազը մեղադրական եզրակացությունը ներկայացնելիս ընդգծեց, որ Երանոսյանը ցույցերի ընթացքում և այդ պայմաններում «Զարյա» նռնակներ կիրառել է ակնհայտորեն խախտելով դրա օգտագործման կանոնները՝ դրանք նետելով մարդկանց բազմության վրա։

Չնայած մեղադրող կողմի ներկայացրած փաստերին, նախկին փոխոստիկնապետ Լևոն Երանոսյանը մայիսի 21-ին տեղի ունեցած առաջին նիստից առաջ հայտարարություն էր տարածել, որտեղ մասնավորապես նշված էր․ - «2018 թվականի ապրիլի 16-ին և 22-ին ոստիկանության գործողությունները ընդհանրապես և իմ գործողությունները, մասնավորապես, եղել են իրավաչափ և ստեղծված իրադրությանը լիովին համաչափ: Այդ գործողություններով կանխվել են զանգվածային բախումները ցուցարարների և ոստիկանության ուժերի միջև: Իսկ նման գործողությունների չդիմելու դեպքում նույնիսկ դժվար է պատկերացնել, թե ինչ հետևանքների առաջ կարող էր կանգնած լինել մեր պետությունը: Ոստիկանության գործողությունների արդյունքում և դրանց շնորհիվ է հնարավոր եղել ապահովել իշխանության խաղաղ և անցնցում փոխանցումը. մի փաստ, որը հնարավոր չէ հերքել անաչառ լինելու դեպքում»։

Նախկին ոստիկանապետն իր մեղադրանքի մասով հրապարակային ելույթ մինչև օրս չի ունեցել: Այսօր էլ պատասխանելով դատավորի հարցերին ասաց՝ ինքը հետագայում կխոսի։

Դատարանն անցավ մեղադրող կողմի ներկայացրած ապացույցների՝ գործի փաստաթղթերի ներկայացմանը: Դատավոր Հարություն Մանուկյանը հասավ վեց հատորներից երրորդին և հայտարարեց, որ այլ դատական նիստի պատճառով քննությունն այսօր ավարտված է։

Հաջորդ նիստը կկայանա հուլիսի 2-ին:

Մեղադրյալը հեռացավ՝ չպատասխանելով «Ազատության» հարցերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG