2018-ի ապրիլի 16-ին և 22-ին Երևանում 8 հատ «Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակներ կիրառելու և այդպիսով իր լիազորությունների շրջանակից դուրս գործողություններ կատարելու մեջ մեղադրվող նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը մեղադրանքը անհիմն է համարում:
Այսօր մինչև իր գործով դատական նիստի մեկնարկը նա հայտարարություն էր տարածել, որտեղ մասնավորապես նշված է․ - «2018 թվականի ապրիլի 16-ին և 22-ին ոստիկանության գործողությունները ընդհանրապես և իմ գործողությունները, մասնավորապես, եղել են իրավաչափ և ստեղծված իրադրությանը լիովին համաչափ: Այդ գործողություններով կանխվել են զանգվածային բախումները ցուցարարների և ոստիկանության ուժերի միջև, իսկ նման գործողությունների չդիմելու դեպքում նույնիսկ դժվար է պատկերացնել, թե ինչ հետևանքների առաջ կարող էր կանգնած լինել մեր պետությունը: Ոստիկանության գործողությունների արդյունքում և դրանց շնորհիվ է հնարավոր եղել ապահովել իշխանության խաղաղ և անցնցում փոխանցումը. մի փաստ, որը հնարավոր չէ հերքել անաչառ լինելու դեպքում»:
Գործով տուժող, լրագրող Լիանա Եղիազարյանը դատարանի բակում վերհիշեց նախորդ տարվա դեպքերը․ - «Բերման ենթարկելու պահին պայթուցիկ նյութերը նետեցին այնտեղ, որտեղ մենք աշխատում էինք»:
Անցած տարի այս իրադարձությունների ժամանակ ավելի քան 2 տասնակ քաղաքացիներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ էին ստացել:
«Երկու վնասվածք եմ ստացել: Այդ պահին չեմ հոսպիտալացվել, որովհետև մեր՝ Հանրային ռադիոյի մեքենաները չէին կարող մոտենալ: Ավելի ուշ շտապ օգնությունն է եղել, այնուհետև վիրաբուժական միջամտության ցուցում եմ ունեցել», - նշեց Եղիազարյանը:
Դատական առաջին նիստի ընթացքում նախկին փոխոստիկանապետը ելույթ չունեցավ: Նրա փաստաբան Տիգրան Սաֆարյանը դատարանին առաջարկեց որպես վկա հարցաքննել այդ օրերին բողոքի ցույցերը առաջնորդող Նիկոլ Փաշինյանին, այն ժամանակ ոստիկանապետի տեղակալ Հունան Պողոսյանին և Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին: Վերջիններս այժմ զբաղեցնում են համապատասխանաբար Սյունքի մարզպետի և Հայաստանի ոստիկանապետի պաշտոնները:
Անդրադառնալով գործի ընթացքին՝ պաշտպանն ասաց, որ դեռևս նախաքննության փուլում քննիչին և դատախազին խորհուրդ է տվել չշտապել և նախորդ տարվա վերոնշյալ իրադարձություններից չառանձնացնել միայն Լևոն Երանոսյանի մասնակցությունը։
Դատական նիստն այսօր հետաձգվեց, տուժող կողմի որոշ ներկայացուցիչներ դատարան չէին եկել:
Հաջորդ նիստը կկայանա հունիսի 11-ին։