Նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի գործով տուժողներից է Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
Նախկին փոխոստիկանապետը մեղադրվում է անցած տարի հեղափոխության օրերին՝ ապրիլի 16-ին և 22-ին Երևանում «Զարյա» տեսակի ութ լուսաձայնային նռնակ կիրառելու, իր լիազորությունների շրջանակից դուրս գործողություններ կատարելու համար: Ըստ մեղադրանքի, Երանոսյանի գործողությունների հետևանքով տուժել են երկու տասնյակից ավել ցուցարարներ: Այսօր գործով հերթական դատական նիստն էր:
«Նախաքննության ընթացքում իմացա, որ իրեն է մեղադրանք առաջադրվել, ինչպես նաև որոշ տեսանյութերի ծանոթացա, որտեղ ես տեսա, թե ինչպես է հենց ինքը նետում», - նշեց Սիմոնյանը։
Դատարան էր եկել նաև մեղադրյալ Երանոսյանը: Լրագրողների հարցերին հրաժարվեց պատասխանել, միայն ասաց՝ իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:
Տուժողները և նրանց ներկայացուցիչները դատական նիստին ներկա չէին, նախագահող դատավորը որոշեց առանց նրանց շարունակել: Նիստի վերջում, սակայն, դատարան եկավ տուժողներից Զորիկ Մարտիրոսյանը: Դատավորը տեղեկացրեց, որ միջնորդություններով կարող է հանդես գալ միայն իր իրավունքների ու պարտականությունների մասին պատշաճ իրազեկվելուց հետո, հաջորդ նիստին: Մինչ հաջորդ նիստը տուժողն ասելիքը նախ լրագրողներին հայտնեց:
«Բաղրամյանի վրի տուժածներից, ոնց սաղ ժողովուրդը, նենց էլ ես, մեկ էլ տենամ բոմբը գալիս ա վրես, տրաքում ա, ես էլ մի քիչ վնասվում եմ էլի», - նշեց Զորիկ Մարտիրոսյանը։
Ասաց՝ ապրիլի 16-ին Բաղրամյան փողոցում փշալարերի մոտ ոտքն է վնասել, շտապօգնության մեքենայով հիվանդանոց տեղափոխվել: Անձամբ չի տեսել, լսել է, որ լուսաձայնային նռնակները Երանոսյանն է նետել:
«Ուղղությունն եմ տեսել, հետո անունն եմ լսել, որ ժողովուրդը գոռում էին, ասում էին՝ «ինչի՞ եք անում, պարոն Երանոսյան, մի շպրտեք»։ Ես չէի նկատել՝ ինչ ա կատարվում, ուզում էի մեկին օգնեի, փշալարերից հանեի, հետևիցս մեկը ասեց՝ «մեկը քեզի օգնի», տենամ ոտիցս արուն ա գանում», - պատմեց Մարտիրոսյանը։
Ալեն Սիմոնյանն էլ Բաղրամյան պողոտայում է վնասվածք ստացել: Նույն վայրում վիրավորվել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Տեսարաններ եմ տեսել, թե ինչպես մարդիկ տուժել են, էն աղջիկն է տուժել, որ դեմքի հետ խնդիր կար, Զավենն է տուժել, ոտքի հետ կապված մինչև հիմա տղան խնդիր ունի։ Վերջիվերջո, դա կարա պատճառ հանդիսանա մարդու մահվան և բնական է՝ այն մարդը, որը որ օգտագործել է, նա պետք է պատասխանատվություն կրի ամբողջ խստությամբ, որովհետև դա թքած վերաբերմունք է մարդու կյանքի նկատմամբ», - ընդգծեց Սիմոնյանը։
Իր մեղադրանքն անհիմն համարող Լևոն Երանոսյանը դատարանից հեռացավ՝ խոստանալով խոսել ավելի ուշ: Նիստը կշարունակվի հուլիսի 9-ին: