Հատուկ քննչական ծառայությունը այսօր հայտնում է, որ Ոստիկանության պետի նախկին տեղակալ, Ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է:
«Հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանը հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ: Նշված հանրորեն վտանգավոր արարքների կատարման համար Լևոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով [«պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով և անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ»]», - ասված է հաղորդագրությունում:
Ըստ մեղադրանքի` «Լևոն Երանոսյանը, հատուկ միջոցների գործադրման անհրաժեշտություն առաջացնող իրադրություններում գործելու ունակությունը որոշող ստուգումներ անցած չլինելով, չունենալով հատուկ որակավորում և դրանով իսկ պայմանավորված` չունենալով լուսաձայնային հատուկ միջոցներ ստանալու և անձամբ գործադրելու լիազորություն, դրանց կիրառման համար թույլատրելի չափանիշների խախտմամբ, 2018 թվականի ապրիլի 16-ին և 22-ին՝ Երևան քաղաքում անցկացված բողոքի զանգվածային ակցիաների ժամանակ, ցուցարարների նկատմամբ գործադրել է ընդհանուր առմամբ 8 հատ «Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակներ, ինչի հետևանքով երկու տասնյակից ավելի անձանց առողջությանը պատճառվել է տարբեր աստիճանի, այդ թվում` ծանր և միջին ծանրության վնաս»:
Երանոսյանի կողմից հատուկ միջոցների գործադրման հետևանքով Երևանի Բաղրամյան պողոտայում ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության զորքերի զինծառայողներից 6 հոգի նույնպես ստացել են մարմնական վնասվածքներ, նշված է հաղորդագրությունում:
Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակցությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն դատարան ուղարկելու միջնորդությամբ: