Հեղափոխության օրերին ոստիկանության կողմից հատուկ միջոցներ կիրառելիս պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ մեղադրվող Հայաստանի նախկին փոխոստիկանապետ, Ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանի գործով այսօր դատարան էր ներկայացել գործով տուժող Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
Նախքան նիստի մեկնարկը, լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ինչ է կարծում՝ արդյո՞ք Լևոն Երանոսյանը պատասխանատվության կենթարկվի, Սիմոնյանն արձագանքեց․ - «Եթե դատարանը որոշի, որ մեղավոր է, կպատժվի, ով ուզում է լինի, որևիցե կասկած չունեմ։ Իսկ թե մեղավոր է, մեղավոր չէ, ես հիմա իրավունք չունեմ նման հայտարարություն անել, գոյություն ունի անմեղության կանխավարկած»։
Ալեն Սիմոնյանը 2018 թվականի ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում հատուկ միջոցների կիրառման հետևանքով վնասվածք էր ստացել և տեղափոխվել հիվանդանոց:
«Ազատության» հարցին, թե դեպքի օրը ինքն անձամբ տեսել է Լևոն Երանոսյանին, Սիմոնյանը պատասխանեց. - «Բոլոր օրերին էլ տեսել եմ»:
Ալեն Սիմոնյանը նաև ասաց․ - «Իմ միակ պահանջն այն է եղել, ու նախկին ոստիկանապետի հետ հանդիպել եմ և կարծես թե լուծել ենք այդ խնդիրը, որ այդ նռնակներն այլևս չկիրառվեն, որովհետև այդ նռնակներից մեկի պատճառով [2008 թվականի] մարտի 1-ին զոհ է եղել, և այդ օրը Բաղրամյանում բազմաթիվ մարդիկ տուժեցին: Իմ վնասվածքը թերևս ամենաթեթևներից մեկն է եղել․ իմ ոտքի մեջ երեք բեկոր է եղել, բայց ունենք աղջիկ, որի դեմքն էր վնասվել, ունենք տղա, որի ոտքի հետ կապված մինչ օրս խնդիրներ կան և այլն, և այլն: Նման միջոցի կիրառումը Երևանում, Հայաստանի Հանրապետությունում այլևս պետք է չլինի»:
Նա մանրամասներ ներկայացրեց դեպքի օրվանից․ - «Անցնում էինք՝ պարոն Փաշինյանն էր, պարոն Ավինյանն էր, ես էի, Լենա Նազարյանն էր, և մի պահ ձեռքս մեկնեցի, որպեսզի վահանը վերցնեմ, որպեսզի գցեմ փշալարերի վրա, որպեսզի կարողանամ անցնել, ոստիկաններից մեկը շատ ջանասիրաբար փորձեց հարվածել մատերիս, ձեռքս հետ հասցրեցի քաշեմ, և դրանից մեկ վայրկյան անց տեղի ունեցավ պայթյունը: Ամեն ինչ տեսագրված կա»:
Լևոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապրիլի 16-ին և 22-ին հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ։
Նախկին փոխոստիկանապետը իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:
Նախկինում Երանոսյանը հայտարարել էր՝ ես արդար մարդ եմ, կարդարացվեմ:
Դատարանն այսօր հետազոտեց գործում առկա ապացույցների մի մասը: Նիստը հետաձգվեց դատավորի ծանրաբեռնվածության պատճառով:
Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին փոխոստիկանապետի պաշտոնը զբաղեցրած Լևոն Երանոսյանը հայտնի է առավելապես հակաիշխանական բողոքի ակցիաները ցրելու գործողություններով: