Վրաստանի Սահմանադրական դատարանը հրաժարվեց քննել նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի և ընդդիմադիր պատգամավորների՝ հոկտեմբերի 26-ի ընտրությունների արդյունքները չեղարկելու և դրանք հակասահմանադրական ճանաչելու հայցերը։
Բարձր դատարանի 9 անդամներից միայն 2-ն են կողմ արտահայտվել «Վրացական երազանք» իշխող կուսակցության հաղթանակը կասկածի տակ դնող ընդդիմադիրների և նախագահի հայցերի քննությանը, որում հայցվորները պնդում են, որ ընտրություններն անցել են բազմաթիվ խախտումներով, այդ թվում խախտվել է քաղաքացիների գաղտնի քվեարկության սկզբունքը, և դատարանից պահանջում են ընտրությունների արդյունքները հակասահմանադրական ճանաչել, ինչը հիմք կտար նոր ընտրությւոններ կազմակերպել: Դատարանն այսօր նույնիսկ քննության չառնելով այս հայցը հայտարարել է՝ վճիռը վերջնական է և բողոքարկման կամ վերանայման ենթակա չէ։
Ընդդիմության ու Թբիլիսիի արևմտյան դաշնակիցների կողմից չճանաչված խորհրդարանական ընտրությունների պաշտոնական արդյունքների շուրջ Վրաստանում բողոքի ալիքը չմարած, իշխող ուժը հանդես եկավ մի նոր աղմկահարույց հայտարարությամբ՝ է՛լ ավելի սրելով ներքաղաքական իրադրությունը: Իր արդեն12 տարվա իշխանության օրոք Եվրամիությանն անդամակցությունը գերնպատակ հռչակած «Վրացական երազանք»-ի կառավարությունը, որին անցած տարի հաջողվել էր ստանալ դաշինքի անդամ երկրի թեկնածուի կարգավիճակ, որոշեց դադարեցնել Եվրամիության հետ բանակցությունները մինչև 2028 թվականը։ Ընդդիմախոսների համոզմամբ՝ սա նշանակում է, որ իշխանությունը ցանկանում է երկիրը վերադարձնել Ռուսաստանի ուղեծիր:
Կառավարության հեռացման պահանջով արդեն վեց օր է հազարավոր քաղաքացիներ Թբիլիսիի փողոցներում բողոքի ցույցեր են անցկացնում, որոնք ուղեկցվում են ուժայինների հետ բախումներով։ Տասնյակ մարդիկ են հոսպիտալացվել ոստիկանական հատուկ միջոցների՝ ջրցան մեքենաների, արցունքաբեր գազի կիրառման հետևանքով, ավելի քան 250 ցուցարար է ձերբակալվել:
Վրաստանում ռուսաստանյան ռեպրեսիաներ են՝ իրավիճակն այսպես է բնութագրել իշխող ուժի հետ կապերը խզած նախագահ Զուրաբիշվիլին և պնդել , որ Թբիլիսիում ցույցեր ցրող ոստիկանները գտնվում են թմրանյութերի ազդեցության տակ։
«Մենք այսօր ռուսական բռնաճնշումների ականատեսն ենք դարձել։ Դրանք իրականացվում են ոստիկանության հատուկ ջոկատների մասնակցությամբ։ Այդ ուժերում ծառայող ոստիկաններն ակնհայտորեն թմրանյութերի ազդեցության տակ են։ Դրանով է բացատրվում նրանց դաժանությունը։ Ոստիկաններին ամֆետամիններ կամ որոշ այլ նյութեր են բաժանում, ինչով էլ պայմանավորված է նրանց դիմացկունությունը», - հայտարարել է Վրաստանի նախագահը:
Զուրաբիշվիլին, այդուհանդերձ, որևէ փաստ չի ներկայացրել՝ չհստակեցնելով, թե որն է իր այդ պնդման աղբյուրը։
Իշխանությունից առայժմ չեն արձագանքել նախագահի ծանր մեղադրանքներին:
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն, իր հերթին, ցուցարարներին է մեղավոր հռչակել մայրաքաղաքում վերջին օրերին տեղի ունեցող բռնությունների համար՝ պնդելով, որ այդ ամենի ետևում կանգնած են դրսից ֆինանսավորվող ոչ կառավարական կազմակերպությունները:
«Հեղափոխության հերթական՝ արդեն չորրորդ փորձը տապալվել է։ Վերջին չորս տարիներին մենք չորս նմանատիպ փորձերի ենք բախվել։ 2022 թվականի հունիսին, երբ մեզ ԵՄ թեկնածու պետության կարգավիճակ չշնորհեցին, առաջին փորձն էր։ Այն ժամանակ արտերկրից ֆինանսավորվող հասարակական կազմակերպությունները դուրս եկան քաղաքական թատերաբեմ և պահանջեցին կառավարության հրաժարականը։ 2023-ի գարնանը երկրորդ փորձն էր, 2024-ի գարնանը՝ երրորդը։ Այժմ էլ ահա հեղափոխության չորրորդ տապալված փորձն է», - ասել է Կոբախիձեն:
Պաշտոնական Վաշինգտոնը, անուղղակի արձագանքելով վրացական կառավարության ղեկավարի այս հայտարարություններին, հորդորել է ստեղծված իրավիճակի համար մեղքն այլոց վրա չբարդել:
«Վրացական երազանք»-ն է դադարեցրել Եվրամիությանն անդամակցության գործընթացը։ «Վրացական երազանք»-ն է զրկվել ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերությունից։ Այլոց մի մեղադրեք», - հայտարարել է Վրաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունը։