Թբիլիսիում Խորհրդարանի մոտ հավաքված ցուցարարների դեմ Վրաստանի ոստիկանությունը կրկին ջրցան մեքենա է կիրառել։
Հատուկ միջոցի կիրառումից հետո միայն ուժային կառույցը հանդես եկավ հայտարարությամբ՝ պնդելով, որ ցուցարարները անօրինական քայլերի են դիմում՝ «վնասում են տեղական ենթակառուցվածքները, իրենց հետ բերում տարբեր վտանգավոր առարկաներ, որոնք կարող են օգտագործվել բռնի գործողությունների համար»:
Մայրաքաղաք Թբիլիսիում 5-րդ օրն է՝ շարունակվում են հակակառավարական ցույցերն ի նշան բողոքի Եվրամիության հետ բանակցությունները մինչև 2028 թվականը կասեցնելու իշխանությունների որոշման։
Ոստիկանությունը ցուցարարների նկատմամբ անցած օրերին ևս արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ է կիրառել՝ բերման ենթարկելով ցույցերի ավելի քան 200 մասնակցի։