Մատչելիության հղումներ

Երրորդ վրացի դեսպանն է հրաժարվում իր պաշտոնից


Դավիթ Սոլոմոնիան
Դավիթ Սոլոմոնիան

Նիդերլանդներում Վրաստանի դեսպան Դավիթ Սոլոմոնիան հրաժարական է տվել՝ ի նշան բողոքի «Վրացական երազանքի» կառավարության հակաեվրոպական քաղաքականության դեմ, հայտնում է վրացական TV Pirveli-ն։

«Ես հավատարմորեն կատարում էի իմ պաշտոնական պարտականությունները, քանի դեռ հավատում էի, որ կարող եմ ինչ-որ կերպ ազդել իրադարձությունների ընթացքի վրա։ Այսօր նման հույս այլևս չկա»,- ըստ աղբյուրի՝ ասված է դիվանագետի հայտարարության մեջ։

Ավելի ուշ հրաժարական ներկայացրեց նաև Իտալիայում Վրաստանի դեսպանի պաշտոնակատարը Իրակլի Վեկուան։

Թբիլիսիում խորհրդարանական վիճահարույց ընտրություններից հետո սկսված բողոքի ցույցերը նոյեմբերի 28-ին նոր թափ հավաքեցին, երբ վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց, որ Վրաստանը մինչև 2028 թվականը դադարեցնում է Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունները։

Այդ հայտարարությունը բողոքի ալիք է հարուցել նաև Վրաստանի պետական ապարատում. հրաժարական է տվել Բուլղարիայում Վրաստանի դեսպանը, Կորեայում վրաց դիվանագետն է գրառում արել՝ ընդգծելով, որ «Վրաստանին ավելի շատ Եվրոպա և ավելի շատ ՆԱՏՕ է պետք»։ Արտգործնախարարության մի քանի տասնյակ աշխատակիցներ հայտարարություն են տարածել՝ նշելով, որ կառավարության որոշումը հակասում է երկրի Սահմանադրությանը և ազգային շահերին։ Նմանատիպ մի հայտարարություն են ստորագրել Պաշտպանության նախարարության չորս տասնյակից ավելի աշխատակիցներ։

XS
SM
MD
LG