«Թբիլիսիում ցույցեր ցրող ոստիկանները գտնվում են թմրանյութերի ազդեցության տակ», - France Inter ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։
«Մենք այսօր ռուսական բռնաճնշումների ականատեսն ենք դարձել։ Դրանք իրականացվում են ոստիկանության հատուկ ջոկատների մասնակցությամբ։ Այդ ուժերում ծառայող ոստիկաններն ակնհայտորեն թմրանյութերի ազդեցության տակ են։ Դրանով է բացատրվում նրանց դաժանությունը։ Ոստիկաններին ամֆետամիններ կամ որոշ այլ նյութեր են բաժանում, ինչով էլ պայմանավորված է նրանց դիմացկունությունը», - նշել է Վրաստանի նախագահն՝ այս տեղեկատվության որևէ աղբյուր սակայն չմատնանշելով։
Վրաստանում արդեն գրեթե մեկ շաբաթ է բողոքի ակցիաներ են, դրանք վերսկսվեցին ընդդեմ «Վրացական երազանք»-ի՝ ԵՄ-ին անդամակցելու շուրջ մինչև 2028 թվականը բանակցությունների գործընթացից հրաժարվելու որոշման։ Ցույցերն ուղեկցվում են բախումներով ու ձերբակալություններով։ Ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ, լուսաձայնային նռնակներ են կիրառվել։