Մատչելիության հղումներ

«Մենք վրաց ժողովրդի կողքին ենք»․ ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ


ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլեր
ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլեր

«Մենք վրաց ժողովրդի կողքին ենք», այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը՝ շեշտելով՝ Վաշինգտոնը մտահոգված է Վրաստանի իշխանությունների ձեռնարկած քայլերից, որոնք հեռացնում են Թբիլիսիին Եվրոպայի հետ ավելի խորն ինտեգրման ճանապարհից՝ նկատելով՝ վրաց ժողովուրդն աջակցում է ԵՄ ինտեգրմանը:

Հարցին, թե ի՞նչն է խանգարում Վաշինգտոնին իշխող «Վրացական երազանք»-ի հիմնադիր ու նախագահ Բիձինա Իվանիշվիլիի և նրա կամակատարների դեմ պատժամիջոցների մասին հայտարարել, ինչպես արեցին Մերձբալթյան երկրները, Կանադան, Միլլերը պատասխանել է, որ այդ մասին կհայտարարեն, երբ որոշում ունենան՝ հիշեցնելով, որ ԱՄՆ պատժամիջոցներ արդեն սահմանել է Վրաստանի կառավարության պաշտոնյաների նկատմամբ, վիզային սահմանափակումներ է մտցրել, կասեցրել է Վրաստանի կառավարությանը տրամադրվելիք 95 միլիոն դոլարը։

Օրերս Վաշինգտոնը հայտարարեց, որ դադարեցնում է ռազմավարական գործընկերությունը Վրաստանի հետ, ինչպես նաև դատապարտում է ոստիկանության կողմից ուժի չափից ավելի կիրառումը վրացիների նկատմամբ, ովքեր, ինչպես նշել էր Միլլերը, ձգտում են օգտվել հավաքների և արտահայտվելու իրենց իրավունքներից, ներառյալ խաղաղ բողոքի ցույցերի ազատությունը:

Վրաստանում արդեն գրեթե մեկ շաբաթ է բողոքի ակցիաներ են, դրանք վերսկսվեցին ընդդեմ «Վրացական երազանք»-ի՝ ԵՄ-ին անդամակցելու շուրջ մինչև 2028 թվականը բանակցությունների գործընթացից հրաժարվելու որոշման։ Ցույցերն ուղեկցվում են բախումներով ու ձերբակալություններով։ Ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ, լուսաձայնային նռնակներ են կիրառվել։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG