ԱՄՆ նորընտիր նախագահը, որի երդմնակալությունը նախատեսված է հունվարի 20-ին, Ֆլորիդայի իր հանգստավայրում մեկ ժամից ավելի պատասխանել է լրագրողների հարցերին և մի շարք աղմկահարույց հայտարարություններ արել։ Նախ՝ Դոնալդ Թրամփը չի բացառել Պանամայի ջրանցքն ու Գրենլանդիան ուժով վերցնելու հնարավորությունը՝ ասելով, որ դրանք Միացյալ Նահանգներին անհրաժեշտ են անվտանգային և տնտեսական նպատակներով:
«Գրենլանդիան մեզ հարկավոր է ազգային անվտանգության նպատակներով: Ինձ դա ասել են երկար ժամանակ, նույնիսկ իմ առաջադրվելուց շատ առաջ ... Իսկապես չգիտեմ, թե արդյոք Դանիան ունի որևէ օրինական իրավունք դրա նկատմամբ, սակայն եթե ունի, պետք է հրաժարվի դրանից, քանի որ դա մեզ անհրաժեշտ է մեր ազգային անվտանգության համար: Դա անհրաժեշտ է ազատ աշխարհի համար: Այդ տարածքում ամենուր չինական, ռուսական նավեր են: Մենք դա թույլ չենք տա», - հայտարարել է Թրամփը:
Գրենլանդիայի մասին Թրամփի հայտարարությունների ֆոնին երեկ Դանիայի թագավորը փոխել է թագավորական զինանշանը: Նոր տարբերակում Դանիային պատկանող Գրենլանդիան և Ֆարերյան կղզիներն ավելի ընդգծված են պատկերված: Ենթադրվում է, որ դրանով թագավորը հասկացրել է՝ չեն պատրաստվում այդ տարածքները որևէ մեկին զիջել:
Դոնալդ Թրամփը, անդրադառնալով կոնկրետ Պանամայի ջրանցքին, ասել է, որ այն անհրաժեշտ է ԱՄՆ տնտեսական անվտանգության համար, և նշել, որ ջրանցքը կառուցվել է ԱՄՆ զինվորականների համար: Արդյոք պատրա՞ստ է ջրանցքը և Գրենլանդիան վերադարձնելու համար ռազմական գործողությունների դիմել. Թրամփն այդ հնարավորությունը չի բացառել:
«Ես հիմա չեմ պատրաստվում դա անել: Դա հնարավոր է: Հնարավոր է, որ ստիպված լինենք ինչ-որ բան անել: Տեսեք, Պանամայի ջրանցքը կենսական նշանակություն ունի մեր երկրի համար։ Այն շահագործում է Չինաստանը: Իսկ մենք Պանամայի ջրանցքը տվել ենք Պանամային։ Չինաստանին չենք տվել։ Եվ նրանք չարաշահել են դա: Նրանք չարաշահել են այդ նվերը: Դա երբեք չպետք է այդպես արվեր», - ասել է ԱՄՆ ընտրյալ նախագահը:
Դոնալդ Թրամփը մեկ այլ վիճահարույց հայտարարություն է արել Կանադայի մասին՝ ասելով, թե այն կարող է միանալ Միացյալ Նահանգներին և դառնալ ԱՄՆ 51-րդ նահանգը, ինչը թույլ կտա ազատվել «արհեստական գծված սահմաններից»: Եվ այդ նպատակին հասնելու համար պատրաստ է օգտագործել տնտեսական լծակները: Իր հիմնադրած Тruth Social սոցցանցում Թրամփը երեկ նաև քարտեզներ է հրապարակել, որոնցում Կանադան և ԱՄՆ-ը ներկայացված են որպես մեկ պետություն՝ Միացյալ Նահանգներ:
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, արձագանքելով Թրամփի հայտարարությանը, X-ում գրել է, որ նման բան անհնար է. - «Չափազանց անհավանական է, որ Կանադան դառնա Միացյալ Նահանգների մի մասը: Մեր երկու երկրների աշխատողներն ու համայնքները շահում են միմյանց առևտրային և անվտանգության ամենամեծ գործընկերը լինելուց»:
Երեկվա ասուլիսում Թրամփն անդրադարձել է նաև ռուս - ուկրաինական հակամարտությանը և ԱՄՆ հեռացող վարչակազմին քննադատել Ուկրաինայի հարցում վարած քաղաքականության համար։ Ըստ նրա՝ Սպիտակ տունը բազմաթիվ սխալներ է գործել ՆԱՏՕ-ին Ուկրաինայի հնարավոր անդամակցության բանակցություններում՝ հաշվի չառնելով այն, որ Ռուսաստանի նախագահը բազմիցս զգուշացրել է, որ Ուկրաինան չպետք է որևէ կապ ունենա ռազմական այս դաշինքի հետ։ Հենց այս սխալներն էլ, ըստ Թրամփի, հանգեցրին պատերազմի։
Ընդ որում, եթե Թրամփն ընտրվելուց առաջ վստահեցնում էր, որ ընդամենը մեկ օրում կարող է վերջ դնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական գործողություններին, ապա երեկ հույս է հայտնել, որ դա կարող է անել վեց ամսում, և կրկին չի նշել, թե ինչպես:
«Գուցե մի փոքր ավելի շուտ, Ռուսաստանը շատ երիտասարդների է կորցնում, նույնը Ուկրաինային է վերաբերում, սա ընդհանրապես չպետք է սկսվեր, նման պատերազմ ընդհանրապես չպետք է տեղի ունենար», - հայտարարել է ԱՄՆ ընտրյալ նախագահը:
Թրամփը նաև անդրադարձել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին իսրայելական բնակավայրերի վրա «Համաս»-ի հարձակման ժամանակ պատանդառված իսրայելցիների հարցին՝ նշելով, որ եթե նրանք ազատ չարձակվեն նախքան իր պաշտոնավարումը, ապա դա ծանր հետևանքներ կունենա:
«Եթե այդ պատանդները չվերադարձվեն, ես չեմ ուզում վնասել բանակցություններին, սակայն եթե նրանք չվերադարձվեն նախքան ես կստանձնեմ պաշտոնս, ապա դա ծանր հետևանքներ կունենա Մերձավոր Արևելքում: Եվ դա լավ չի լինի «Համաս»-ի համար ... Ավելացնելու բան չունեմ: Նրանք վաղուց պետք է վերադարձրած լինեին պատանդներին: Նրանք երբեք չպետք է պատանդ վերցվեին: Հոկտեմբերի 7-ի հարձակումը չպետք է տեղի ունենար», - պնդել է Միացյալ Նահանգների ընտրյալ նախագահը:
Թրամփը նաև ասել է, որ պաշտոնն ստանձնելուց հետո փոխելու է գումարի չափը, որը ՆԱՏՕ-ի անդամ երկրները վճարում են ռազմական դաշինքին: Նրա խոսքով՝ նրանք ստիպված կլինեն հատկացնել իրենց ՀՆԱ-ի ոչ թե 2, այլ 5 տոկոսը, նրանք բոլորը, ըստ նրա, կարող են դա իրենց թույլ տալ: Նա հիշեցրել է, որ իր նախագահության առաջին ժամկետի ընթացքում ՆԱՏՕ-ի 28 անդամ երկրներից 21-ը չէին կատարում իրենց վճարները, և ինքն է ստիպել նրանց դա անել: