ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել ռազմական կամ տնտեսական միջոցների կիրառումը Պանամայի ջրանցքը և Գրենլանդիան ձեռք բերելու համար։
Ֆլորիդայի իր հանգստավայրում նախօրեին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, հարցին, թե կարո՞ղ է աշխարհին հավաստիացնել, որ չի օգտագործի ռազմական կամ տնտեսական պարտադրանք՝ Պանամայի ջրանցքի և Գրենլանդիայի վրա վերահսկողություն հաստատելու համար, Թրամփը պատասխանել է․ - «Ո՛չ, այս երկու կետերից և ոչ մեկը չեմ կարող երաշխավորել: Բայց մի բան կարող եմ ասել՝ դրանք մեզ պետք են տնտեսական անվտանգության համար»։
Հունվարի 20-ին պաշտոնը ստանձնող Թրամփը նաև հանդես է եկել Կանադան ԱՄՆ-ի պետություն դարձնելու ծրագրով, ինչպես նաև խոստացել է փոխել Մեքսիկական ծոցի անունը Ամերիկայի ծոցով։
Reuters-ը նշում է, որ պաշտոնը ստանձնելուց երկու շաբաթ առաջ Թրամփը սկսել է ագրեսիվ արտաքին քաղաքականություն մշակել՝ հաշվի չառնելով դիվանագիտական նկատառումները, ԱՄՆ դաշնակիցների մտահոգությունները։
Թրամփը քննադատել է կանադական ապրանքների և ռազմական աջակցության վրա ԱՄՆ-ի ծախսերը՝ նկատելով՝ ԱՄՆ-ը դրանից չի շահում։ Նա երկու երկրների միջև սահմանն անվանել է «արհեստական գիծ»։
Նա Truth social-ի իր էջում ԱՄՆ քարտեզն է հրապարակել՝ ցույց տալով, թե ինչ տեսք կունենա ԱՄՆ-ը, եթե Կանադան միանա նրան։
ԱՄՆ նորընտիր նախագահը նաև չի բացառել Դանիայի նկատմամբ մաքսատուրքերի սահմանումը, եթե այն մերժի Գրենլանդիան գնելու իր առաջարկը, որը, ըստ նրա, կենսական նշանակություն ունի ԱՄՆ ազգային անվտանգության համար: Այս մեկնաբանություններից ժամեր առաջ Թրամփի որդին մասնավոր այցով ժամանել է Գրենլանդիա։
Դանիան հայտարարել է, որ Գրենլանդիան իր թագավորության ինքնավար տարածքն է և չի վաճառվում: