Մասկն ընդդեմ Եվրոպայի, Եվրոպան ընդդեմ Մասկի։ Տարին սկսվել է եվրոպական առաջնորդների և օվկիանոսից այն կողմ գտնվող ամերիկացի միլիարդատիրոջ միջև հեռակա ակտիվ բանավեճերով։
Վերջին օրերին միանգամից մի քանի եվրոպական երկրներ ամենաբարձր մակարդակով ստիպված են անդրադառնալ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի մերձավոր, միլիարդատեր, X սոցիալական ցանցի սեփականատեր Իլոն Մասկին՝ նրան մեղադրելով եվրոպական երկրների ներքին գործերին խառնվելու ու ապատեղեկատվություն տարածելու համար։
Նորվեգիյաի վարչապետ Յոնաս Գահր Ստյորեն երկուշաբթի մտահոգիչ է համարել, որ սոցցանցերին հսկայական հասանելություն և ֆինանսական մեծ ռեսուրսներ ունեցող մեկը կարող է այդքան անմիջականորեն ներգրավվել այլ երկրների ներքին գործերում։
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը դիվանագետների հետ ամենամյա հանդիպմանը հայտարարել է, որ եթե 10 տարի առաջ իրեն ասեին, որ ամենախոշոր սոցիալական ցանցերից մեկի սեփականատերը կաջակցի նոր միջազգային հետադիմական շարժմանն ու ուղղակիորեն կմիջամիտի այլ երկրների՝ ներառյալ Գերմանիայի ընտրություններին, ոչ ոք չէր պատկերացնի, որ նման բան հնարավոր է։
Մասկը անմիջապես արձագանքել է Մակրոնին՝ X-ի իր էջում նրան հիշեցնելով, թե ինչպես էր նույնն անում Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Ստարմերը, երբ Դոնալդ Թրամփին անվանում էր ռասիստ և հայտարարում, թե բրիտանական կառավարությունը պետք է ամեն ինչ անի նրան կանգնեցնելու համար։
Ինքը՝ Մասկը, որ, ենթադրվում է, առաջիկայում կգլխավորի ԱՄՆ Կառավարության արդյունավետության վարչությունը, կարծես որոշել է սկսել եվրոպական կառավարությունների արդյունավետությունը գնահատելուց՝ կենտրոնանալով հատկապես Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի վրա։ Միայն վերջին երկու օրերին Մասկն ավելի քան 50 գրառում է արել Մեծ Բրիտանիայի կառավարության մասին։ Օրինակ՝ իր էջում քվեարկություն է կազմակերպել, թե արդյոք Ամերիան պետք է ազատագրի բրիտանացիներին իրենց «բռնակալ կառավարությունից»։
Բացի այդ, Բրիտանիայի կառավարությանը և վարչապետ Ստարմերին, որ անցյալում թագավորական դատախազությունն էր գլխավորում, մեղադրել է 90 ականներին բրիտանական տարբեր քաղաքներում հիմնականում պակիստանական խմբավորումների կողմից անչափահասների բռնաբարության և սեռական շահագործման դեպքերը կոծկելու համար։
Ստարմերն այս մեղադրանքներին պատասխանել է, որ հակառակը՝ այդ ինքն է ժամանակին դարակներից հանել ու վերաբացել աղմուկ հանած այդ գործերը՝ Մասկի մեղադրանքները համարելով մերկապարանոց։
Իլոն Մասկն աջակցում է եվրոպական տարբեր երկրներում գործող ծայրահեղ աջ ուժերին, որոնք հանդես են գալիս հատկապես ներգաղթի կոշտ քաղաքականության օգտին։ Բայց ուշագրավ է, որ Մասկը, որ ժամանակին աջակցում ու հանդիպում էր բրիտանացի աջակողմյան քաղաքական գործիչ Նայջել Ֆարաջին, անգամ խոսք էր գնում նրա կուսակցությունը ֆինանսավորելու մասին, վերջին գրառումներում հայտարարել է, որ աջակողմյան այդ կուսակցությանը նոր առաջնորդ է պետք։ Միևնույն ժամանակ Մասկը կոչ է արել ծայրահեղ աջ գործիչ Թոմի Ռոբիսնոնին բանտից ազատ արձակել, որտեղ նա գտնվում է Սիրիայից ներգաղթյալին զրպարտելու և կեղծ տեղեկություններ տարածելու համար։
Ֆարաջը, որը Մասկի այս գրառման նախորդ օրը BBC-ի հետ զրույցում Մասկին համարում էր իր ընկերը, արդեն պատասխանել է, որ իր համար զարմանալի էր նրա գրառումը։ Նրանց տարաձայնությունը կարծես բանտարկված Թոմի Ռոբինսոնին է վերաբերում, և Ֆարաջը նշել է, որ թեև Մասկին ականավոր անհատ է համարում, բայց Թոմի Ռոբիսնոնի մասին իր կարծիքը պահպանում է։
Ծայրահեղ աջերին Մասկը աջակցում է նաև Գերմանիայում։
Այդ երկրում ներքաղաքական ճգնաժամի ֆոնին, երբ անցած տարեվերջին փլուզվեց իշխող կոալիցիան, Բունդեսթագի պատգամավորները վստահություն չհայտնեցին Օլաֆ Շոլցի կառավարությանն, ու 2025 -ի փետրվարին արտահերթ ընտրություններ նշանակվեցին, Իլոն Մասկը որոշեց արտահայտվել, թե ինչն է լավ կամ վատ Գերմանիայի համար՝ ակտիվորեն աջակցելով աջերին։ Իր աջակցությունը նա հայտնել էր գերմանական թերթերից մեկում հոդված հրապարակելով, ինչպես նաև X-ում գրառմամբ, որ միայն «Այլընտրանք Գերմանիայի համար» աջակողմյան կուսակցությունը կարող է փրկել Գերմանիան։
Գերմանիայում սա քննադատության ալիք է բարձրացրել, իսկ կանցլեր Օլաֆ Շոլցը հունվարի 5-ին ասել է, որ խնդրահարույց է, որ համաշխարհային մեդիա ձեռնարկատերը սատարում է ծայրահեղ աջ կուսակցության և դա անում է ոչ միայն Գերմանիայում, այլև ուրիշ ուղղություններով ևս, և որ ինքը մերժում է այդպիսի գործունեությունը։