Մատչելիության հղումներ

Տիրան Խաչատրյանը կալանավորվել է


Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը երկու ամսով կալանավորվել է, հայտնում է նրա փաստաբանական թիմը։

Ազգային հերոս Խաչատրյանը երեկ էր ձերբակալվել 44-օրյա պատերազմին առնչվող գործով: Նա մեղադրվում է ռազմական դրության ընթացքում իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ։ Տիրան Խաչատրյանը մեղադրանքը չի ընդունում։

Փաստաբանները հայտարարության մեջ նշել են, որ Տիրան Խաչատրյանին առաջադրված մեղադրանքի անհիմն լինելն ու կալանքի հիմքի բացակայությունն ամբողջությամբ հիմնավորվեց շուրջ 5 ժամ տևած դատական նիստին: Վերաքննիչ բողոք կներկայացվի: Նաև պնդում են, որ նախկին բարձրաստիճան զինվորականի նկատմամբ կալանքը կիրառվեց նրան «իր ակտիվ քաղաքական և քաղաքացիական դիրքորոշման համար պատժելու, ինչպես նաև պատերազմի պարտության «մեղավորներ» կարգելու նպատակով»:

Քննչական կոմիտեն ավելի ուշ մանրամասներ հայտնեց մեղադրանքից. այսպես ըստ իրավապահների՝ Խաչատրյանը, 2020 թվականի ռազմական դրության ընթացքում նշանակված լինելով Զորքերի հարավային խմբավորման հրամանատար, հոկտեմբերի 7-17-ը իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ դրսևորել է անփույթ վերաբերմունք՝ չի ստեղծել հարավային խմբավորման կառավարման կետ իր բոլոր տարրերով, մարտական գործողությունների վարման ընթացքում լիարժեք չի կատարել կառավարմանը բնորոշ մի շարք միջոցառումներ, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։

Ըստ ՔԿ-ի հաղորդագրության՝ այդ գործողությունները հանգեցրել են ԶՈւ բանակային բնագծի պաշտպանության ձախողմանը, խարխլել զորքերի կառավարման համակարգը, խափանվել է առաջադրված մարտական խնդրի կատարումը, «արդյունքում հակառակորդն օգտվել է ստեղծված իրավիճակից և անխոչընդոտ տիրացել ռազմավարական բարձունքի, ճեղքել է առկա բնագիծը, մեկ այլ դեպքում շրջանցել է յուրային ստորաբաժանումներին և զարգացնելով գրոհը՝ տիրապետության տակ է վերցրել խմբավորման պաշտպանությանը հանձնված տարածքները»։

Իշխանության և գեներալ-լեյտենանտ Խաչատրյանի հարաբերությունները պատերազմից հետո սրվեցին: 2021-ի փետրվարին վարչապետի առաջարկությամբ Խաչատրյանն ազատվեց ԳՇ պետի առաջին տեղակալի պաշտոնից: Ազատման հենց հաջորդ օրը Զինված ուժերի ղեկավարությունը պահանջեց վարչապետի և Կառավարության հրաժարականը:

Տիրան Խաչատրյանն իր պաշտոնից ազատվելը բողոքարկել էր դատարանով:

Իսկ թե կոնկրետ ինչ գործողությունների համար է հերոսի կոչում ստացել Խաչատրյանը, Նիկոլ Փաշինյանն այդպես էլ չէր հստակեցրել, բայց որոշ ժամանակ անց հորդորել էր հրաժարվել Ազգային հերոսի կոչումից:

Այնուհետև Խաչատրյանն այլ գործով հայտնվեց իրավապահների ուշադրության կենտրոնում. հացատանը կրակոցներ էր արձակել, ինչից վնասվել էր հարևան սեղանի շուրջ նստած քաղաքացին: Խափանման միջոցը կալանքն էր, որոշ ժամանակ անց նա ազատ արձակվեց 5 միլիոն դրամ գրավի դիմաց:

XS
SM
MD
LG