Մատչելիության հղումներ

Ձերբակալվել է գեներալ Տիրան Խաչատրյանը


Տիրան Խաչատրյանը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնում, մարտ, 2021թ.
Տիրան Խաչատրյանը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնում, մարտ, 2021թ.

Առավոտյան ձերբակալել են ազգային հերոս, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին: Փաստը «Ազատությանը» հաստատել է նախկին բարձրաստիճան զինվորականի փաստաբան Վարազդատ Հարությունյանը:

Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը «Ազատությանը» հայտնեց՝ կատարվում են վարութային և դատավարական գործողություններ, քրեական վարույթը գաղտնի է: Իրավապահ մարմինը գործի և մեղադրանքի վերաբերյալ մանրամասներ չհայտնեց՝ պատճառաբանելով պետական գաղտնիք պարունակող տեղեկություններով, միայն հաստատեց, որ կա ձերբակալված անձ:

Քննչական կոմիտեն ձերբակալվածի ինքնությունը չհայտնեց՝ ասելով, որ այս փուլում անձնական տվյալներ տրամադրելը կխախտի կոնկրետ անձի անձնական անձեռնմխելիության իրավունքը և կարող է խոչընդոտել քրեական վարույթի բնականոն ընթացքը:

Խաչատրյանի պաշտպանական խումբը Ֆեյսբուքում գրել է. - «Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին այսօր առավոտյան ձերբակալել են` մեղադրանք առաջադրելու և կալանավորման համար դատարան ներկայացնելու նպատակով:

Տիրան Խաչատրյանին առաջադրված մեղադրանքը (ռազմական դրության ժամանակ զինվորական պաշտոնեական անփութություն), որը նա չի ընդունում, առնչվում է 44-օրյա պատերազմի որոշ հանգամանքների: Նախաքննական և ռազմական գաղտնիքի ներքո, այս փուլում չենք կարող ավել մանրամասներ հաղորդել, սակայն կրկնում ենք` Տիրան Խաչատրյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում և նույն հանգամանքների վերաբերյալ քանիցս տվել է սպառիչ և հանգամանալից նախաքննական ցուցմունքներ ու որևէ կերպ չի խոչընդոտել նախաքննությանը»:

Քիչ ավելի ուշ փաստաբանները հայտնեցին, որ կալանքի հարցով Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նիստը տեղի կունենա այսօր ժամը 18-ին:

Տիրան Խաչատրյանը Հայաստանի ազգային հերոսի կոչմանն արժանացել է 44-օրյա պատերազմի ժամանակ: 2021-ի փետրվարին նա վարչապետի առաջարկությամբ և նախագահի հրամանագրով ազատվել է Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից:

Տիրան Խաչատրյանն անցած տարվա սկզբին իր զենքով խուլիգանություն կատարելու մեղադրանքով կալանավորվել էր, ապա երկու ամիսը չլրացած՝ 5 միլիոն դրամ գրավի և բացակայության արգելքի դիմաց ազատ արձակվել:

Առավել մանրամասն տե՛ս այստեղ

XS
SM
MD
LG