2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացում Ազգային հերոսի կոչում ստացած Տիրան Խաչատրյանն այսօր ձերբակալվել է այդ նույն պատերազմին առնչվող գործով:
Քննչական կոմիտեն որևէ մանրամասն չի հայտնում, թեպետ արդեն դատարան կալանքի միջնորդություն է ներկայացված: «Ազատությանը» իրավապահ կառույցի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը հայտնեց. - «Կատարվում են վարութային և դատավարական գործողություններ: Հաշվի առնելով, որ քրեական վարույթը գաղտնի է, առկա են պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ, այս պահին զերծ կմնանք տեղեկատվություն տրամադրելուց»: Իրավապահ կառույցն անգամ անուն չհաստատեց, խոսնակը միայն ասաց՝ ձերբակալված անձ կա: Պետական գաղտնիքին առնչություն ունեցող անձի անունը չհրապարակելը Քննչականը պատճառաբանեց, թե այս փուլում անձնական տվյալները տրամադրելը կխախտի կոնկրետ անձի անձնական անձեռնմխելիության իրավունքը և կարող է խոչընդոտել քրեական վարույթի բնականոն ընթացքը:
Փոխարենը որոշ փակագծեր բացեց նախկին բարձրաստիճան զինվորականի փաստաբանական խումբը: Հայտարարության մեջ նշված է՝ Տիրան Խաչատրյանը մեղադրանքը չի ընդունում. - «Տիրան Խաչատրյանին առաջադրված մեղադրանքը (ռազմական դրության ժամանակ զինվորական պաշտոնեական անփութություն), որը նա չի ընդունում, առնչվում է 44-օրյա պատերազմի որոշ հանգամանքների: Նախաքննական և ռազմական գաղտնիքի ներքո, այս փուլում չենք կարող ավել մանրամասներ հաղորդել, սակայն կրկնում ենք` Տիրան Խաչատրյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում և նույն հանգամանքների վերաբերյալ քանիցս տվել է սպառիչ և հանգամանալից նախաքննական ցուցմունքներ ու որևէ կերպ չի խոչընդոտել նախաքննությանը»:
Իշխանության և գեներալ-լեյտենանտ Խաչատրյանի հարաբերությունները պատերազմից հետո սրվեցին: Արդեն 2021 թվականի փետրվարի 24-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ Խաչատրյանն ազատվեց Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից: Ազատման հենց հաջորդ օրը Զինված ուժերի ղեկավարությունը պահանջեց վարչապետի և Կառավարության հրաժարականը:
Թե ինչի համար է Տիրան Խաչատրյանը ստացել Ազգային հերոսի կոչում, 2023 թվականի ամռանը պարզաբանել է վարչապետ Փաշինյանը՝ ասելով, թե այդ ժամանակ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն է խնդրել. - «Գլխավոր շտաբի պետը ինձ զանգել զեկուցել ա էդ շրջանում իրադրության վերաբերյալ և ասել ա, որ էնտեղ շատ ամուր պահվում ա իրավիճակը՝ չնայած բարդություններ կան և այլն, բնագիծ ա ստեղծվել նահանջից հետո, և էդ բնագծի վրա կանգ են առել: Եվ ինքը ինձ առաջարկել ա, խնդրել ա, ասել ա՝ «երկու գեներալներին խնդրում եմ պետք ա տանք մենք հերոսի կոչում՝ դա պետք ա և՛ բանակի մարտական ոգու համար, և՛ մնացածի համար»:
Թե կոնկրետ ինչ գործողությունների համար է հերոսի կոչում ստացել Խաչատրյանը, այդպես էլ Փաշինյանը չէր հստակեցրել, բայց որոշ ժամանակ անց վարչապետը հորդորել էր հրաժարվել Ազգային հերոսի կոչումից:
Տիրան Խաչատրյանն իր պաշտոնից ազատվելը բողոքարկել էր դատարանով:
Այնուհետև Խաչատրյանն այլ գործով հայտնվեց իրավապահների ուշադրության կենտրոնում. հացատանը կրակոցներ էր արձակել, ինչից վնասվել էր հարևան սեղանի շուրջ նստած քաղաքացին: Խափանման միջոցը կալանքն էր, որոշ ժամանակ անց նա ազատ արձակվեց 5 միլիոն դրամ գրավի դիմաց: