Մատչելիության հղումներ

Տիրան Խաչատրյանին ազատելու գործընթացում խախտվել է նրա լսված լինելու իրավունքը, դատարանում պնդեց փաստաբանը


Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու գործընթացում Տիրան Խաչատրյանին չի տրվել դիրքորոշում հայտնելու, ապացույցներ ներկայացնելու հնարավորություն, խախտվել է նրա լսված լինելու իրավունքը: Խաչատրյանն ընդդեմ նախագահ Արմեն Սարգսյանի դատական առաջին նիստում պնդեցին նախկին պաշտոնյայի ներկայացուցիչները։ Փաստաբանները նաև Խաչատրյանի նկատմամբ խտրական վերաբերմունք են տեսնում այդ ամենում։

«Նույնիսկ եթե Տիրան Խաչատրյանին ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատման հիմքում դրվել է Yerevan.today-ում հրապարակված մի հոդված, ապա այստեղ ևս մենք ունենք հետևյալ խնդիրը, որ զինծառայողները որպես այդպիսին ունեն Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքներ` կարծիքի արտահայտման ազատություն, տեսակետ, հայեցակետ արտահայտելու ազատություն, և բնականաբար երբ որ մի հոդվածով պայմանավորված անձնան ազատվում է այս կոնկրետ որևիցե մի պաշտոնից, հետևաբար այդ դեպքում դրսևորվում է անձի գործնական հատկանիշների հետ չկապված խտրականություն», - ասաց Խաչատրյանի փաստաբան Մարտուն Ստեփանյանը:

Տիրան Խաչատրյանը Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատվել էր փետրվարի 24-ին՝ առանց պաշտոնական պարզաբանման։ Պաշտոնանկությունից ժամեր առաջ Yerevan.today-ը Խաչատրյանի հետ հարցազրույց էր հրապարակել՝ «Գլխավոր շտաբի պետի տեղակալը երկար ծիծաղեց «Իսկանդերի» մասին վարչապետի հայտարարության վրա» վերնագրով։ Խաչատրյանի հեռացումից ժամեր անց էլ տարածվեց վարչապետի հրաժարականի պահանջով նախկին Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի և բարձրաստիճան մյուս զինվորականների հայտարարությունը։ Խաչատրյանը դատարանում այս հայցով վիճարկում է իրեն պաշտոնից ազատելու վերաբերյալ հանրապետության նախագահի հրամանագիրը։

«Գտնում ենք, որ նախագահի հրամանագիրը անվավեր վարչական ակտ է, հայցադիմումը, որը ներկայացվել է, ըստ էության, վերաբերում է վիճարկման հայցին, որովհետև դրանով մենք վիճարկում ենք այդ հրամանագրի իրավաչափությունն ու օրինականությունը», - ասաց Մարտուն Ստեփանյանը:

Պատասխանող կողմն այս նիստին ներկա չէր։ Երրորդ անձ ներգրավված վարչապետի պաշտոնակատարի ներկայացուցիչ Տաթևիկ Սարուխանյանը նիստին հայտարարեց, թե հայցն ամբողջությամբ անհիմն է, Տիրան Խաչատրյանի պաշտոնից հեռացումը եղել է օրենքի սահմաններում, բացի այդ պնդեց, թե Խաչատրյանին ազատելու փաստաթուղթը չի կարող վիճարկվել դատարանում որպես վարչական ակտ. «Վերաբերելի օրենքը տվյալ դեպքում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքն է, որի ընթացակարգն ամբողջությամբ պահպանված է, որևէ խախտում օրենքի տեղի չի ունեցել, հետևաբար օրենքի խախտմամբ ընդունված վարչական ու սահմանադրական հիմքեր առկա չեն, ուստի դատարանին խնդրում ենք հայցն ամբողջությամբ մերժել»։

Հայցվոր կողմը միջնորդեց նաև երրորդ անձ ներգրավել պաշտպանության նախարարին: Դատարանը որոշեց ևս մեկ նոր դատական նիստ հրավիրել։

Խաչատրյանը Վարչական դատարանում վիճարկում է նաև իր նախկին պաշտոնում Արշակ Կարապետյանի նշանակումը, մյուս հայցադիմումով էլ պահանջում է վերականգնել իրեն Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնում։

XS
SM
MD
LG