Մատչելիության հղումներ

«Վեճն առաջացել է սովորական բառերից». մեղադրյալների փաստաբանները՝ Տիրան Խաչատրյանի մասնակցությամբ միջադեպի մասին


Լուսանկարը՝ Արամուս գյուղի հացատան միջադեպի մասին ոստիկանության հրապարակած տեսանյութից
Լուսանկարը՝ Արամուս գյուղի հացատան միջադեպի մասին ոստիկանության հրապարակած տեսանյութից

Իր զենքով խուլիգանություն կատարելու մեղադրանքով երկու ամսով կալանավորված գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը ոչ միայն չի ընդունում մեղադրանքը, այլև հերքում է տեղեկությունները, թե Արամուս գյուղի հացատանը տեղի ունեցած միջադեպի առիթը Արցախի հարցն էր։

Արդյո՞ք այդ միջադեպին ներգրավված են եղել ադրբեջանական բանտում գտնվող Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հարազատները, ինչպես գրում է մամուլը, փաստաբան Վարազդատ Հարությունյանն ասաց՝ տեղյակ չէ, վեճի մանրամասների մասին էլ հրաժարվեց խոսել։

«Ես չգիտեմ՝ Արայիկ Հարությունյանի ծանոթներն ովքեր են, ես այդ հարցին չեմ կարող պատասխանել։ Համենայն դեպս, այդպիսի ինչ-որ հայտնի անձնավորություն, գոնե ինձ հայտնի անձնավորություն չկա, ես այդ մարդկանց անուններն առաջին անգամ եմ լսել։ Տիրան Խաչատրյանը պրոֆեսիոնալ զինվորական է և այդ զենքի հետ վարվեցողության կանոններին շատ լավ տիրապետում է, նաև իր անցած ուղին հուշում է այն մասին, որ նա շատ լավ գիտի, թե զենքն ում դեմ է պետք կիրառել», - ասաց Վարազդատ Հարությունյանը։

Օրերս Քննչականն էր հայտարարել, որ «Էրիկի մոտ» անվամբ հացատանը երեկոյան Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը կրակոցներ էր արձակել, ինչից վնասվել էր հարևան սեղանի շուրջ նստած քաղաքացին։ Վերջինիս տեղափոխել էին հիվանդանոց։ Երեկ արդեն ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը տեղեկացրեց, որ այս գործով կա չորս մեղադրյալ, որոնցից երկուսը, այդ թվում՝ գեներալ-լեյտենանտ Խաչատրյանը կալանավորված են։

«Վեճի առարկայի և այլնի հետ կապված, քանի որ ընթանում է նախաքննություն, այս պահին նպատակահարմար չէ տեղեկատվություն փոխանցել ընդհանրապես գործի հանգամանքների վերաբերյալ։ Դրա մասին ամբողջական տեղեկատվություն կհրապարակվի, երբ քննությունը կավարտվի, և հանրության՝ տեղեկատվություն ստանալու իրավունքի համատեքստում Քննչական կոմիտեն համապատասխան հաղորդագրություն կտարածի», - փոխանցեց Գոռ Աբրահամյանը։

Կալանավորված երկրորդ մեղադրյալը արցախցի Նորայր Ավանեսյանն է, որի փաստաբանը բացահայտեց կրակոցներով ավարտված վեճի պատճառը. - «Վեճն առաջացել է սովորական բառերից, որոնք սեղանի շուրջ հնչեցվել են՝ հայհոյանք բառն ընդհանրապես օգտագործել, ոչ թե մեկը մյուսին հայհոյելիս, այլ՝ սեղանի շուրջ հայհոյանք օգտագործելիս։ Տիրանը հայհոյանք է օգտագործել, մեր տղերքից մեկն ասել է՝ գեներալ մարդ ես, չե՞ս ամաչում, հայհոյանք ես հնչեցնում, Տիրանը ուրիշ ձև է լսել ու ընկալել, որ գեներալի վրայով կատակ են անում, դրա պատճառով էլ խփել է։ Արայիկ Հարությունյանի հարցեր, նման այլ հարցեր թեմայի հետ ընդհանրապես որևէ աղերս չունեն», - ասաց նա։

Փաստաբան Ռոման Երիցյանը պնդում է՝ իր երկու պաշտպանյալները դիտավորյալ չեն խախտել հասարակական կարգը, սեղանի շուրջ հավաքված տղամարդիկ պարզապես իրար չեն հասկացել։

«Իրենց կամքից անկախ է խախտվել հասարակական կարգը։ Վեճ-կռիվը եղել է իրենց կամքով, բայց այնպես չէ, որ կռվի մեջ են մտել հասարակական կարգը խախտելու նպատակով», - նշեց նա։

Մինչդեռ Տիրան Խաչատրյանի փաստաբանը պնդում է՝ իր պաշտպանյալը հացատան բակում ստիպված էր երկու անգամ օդ կրակել ոչ թե մեկ ուրիշին վնասելու, այլ ինքն իրեն պաշտպանելու համար. - «Ինտենսիվ կերպով ծեծի ենթարկված վիճակում է եղել։ Ես նորություն չեմ բացահայտում, որովհետև նույն ոստիկանության տարածած կադրերում երևում են Տիրան Խաչատրյանի գլխի, աչքի շրջանում ստացված վնասվածքները, և ինքն ամբողջովին ցեխերի մեջ ընկած է եղել», - ասաց փաստաբանը։

Տուժող ճանաչված քաղաքացին, ըստ փաստաբանների, մեղադրյալների հետ որևէ առնչություն չունի։ Երկրորդ կրակոցը պատահական է նրա ուղղությամբ արձակվել, պնդում է Խաչատրյանի փաստաբանը։ Ըստ նրա՝ տուժողը մեկ այլ սրահում է եղել, երբ կրակոցից արձակված փամփուշտը դիպել է դռանը, հետո վնասել նրան։ Ոստիկանության հրապարակած կադրերում երևում է հացատան սենյակներից մեկը՝ գետնին արյան հետքերով։

«Դատարկ ուղղությամբ կրակոց է եղել, գնացել, կպել է ինչ-որ մի դռան բռնակի, ու ըստ ամենայնի, նաև այս պահին հաստատված չէ պատճառահետևանքային կապը հրազենային կրակոցի և վնասվածքի միջև, որովհետև կարծես թե, այլ առարկա է դիպել այդ անձի ձեռքին», - նշեց Վարազդատ Հարությունյանը։

Գեներալ-լեյտենանտին ոստիկանությունը ձերբակալել էր դեպքի հաջորդ օրը՝ Ջրվեժի հյուրանոցներից մեկից։ Փաստաբանի խոսքով՝ պաշտպանյալը չէր թաքնվում, այլ գնացել էր հյուրանոց՝ իրեն կարգի բերելու համար։ Մինչդեռ Քննչականի խոսքով՝ նա դեպքի վայրից փախել էր։

Խաչատրյանի փաստաբանը պնդում է՝ կալանավորումն անօրինական է, իրենք մի հաստափոր թղթապանակով իրավապահներին են ներկայացրել Խաչատրյանի ձեռքբերումների մասին տվյալները։ Դատարանը հաշվի չի առել Խաչատրյանի վաստակը Զինված ուժերում, ավելին՝ համարել է, որ նա ազատության մեջ իր հեղինակությունը կօգտագործի՝ ազդելով գործի քննության վրա։

Փաստաբանը պնդում է, թե իշխանություններն այս առիթն օգտագործել են իրենց քննադատ Խաչատրյանին կալանավորելու համար։

Իշխանությունից նման պնդումներին ի պատասխան՝ վստահեցնում են, թե չեն միջամտում իրավապահ մարմինների գործերին։ 52-ամյա գեներալ-լեյտենանտը 44-օրյա պատերազմից մի քանի ամիս առաջ էր նշանակվել Գլխավոր շտաբի պետի տեղակալ և հենց պատերազմի ընթացքում վարչապետ Փաշինյանի առաջարկությամբ արժանացել ազգային հերոսի կոչման։ Սակայն, մեկ տարի անց նա ազատվեց պաշտոնից, ինչին հետևեց չորս տասնյակ բարձրաստիճան զինվորականների բաց նամակը վարչապետին։ Նրանք անհեռատես որակեցին այդ պաշտոնազրկումն ու պահանջեցին վարչապետի ու կառավարության հրաժարականը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG