Մատչելիության հղումներ

Ռուսական կողմը հերթական հրթիռային հարվածն է հասցրել Խարկովի ուղղությամբ, 7 մարդ զոհվել է


Հրշեջներն մարում են ռուսական հրթիռային հարվածների հետևանքով տպագրատան տարածքում բռնկված հրդեհը, 23-ը մայիսի, 2024թ.
Հրշեջներն մարում են ռուսական հրթիռային հարվածների հետևանքով տպագրատան տարածքում բռնկված հրդեհը, 23-ը մայիսի, 2024թ.

Ռուսական կողմն այսօր կեսօրին հերթական հրթիռային հարվածն է հասցրել Ուկրաինայի մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Խարկովի ուղղությամբ, 7 մարդ զոհվել է, երկու տասնյակից ավելին՝ վիրավորվել։ Հարձակման թիրախում են եղել արդյունաբերական օբյեկտներն ու քաղաքացիական ենթակառուցվածքները, ուժգին հրդեհ է բռնկվել ամենամեծ տպագրատներից մեկում, որտեղ այդ պահին մոտ հինգ տասնյակ մարդ է եղել, ասում է քաղաքապետ Իգոր Տերեխովը:

«Հասցվել է մոտ 15 հարված Խարկովին ու քաղաքի մերձակայքին, հիմնական մասը՝ բալստիկ հրթիռներով․ նախնական տվյալներով՝ գործի են դրվել S-300 հրթիռներ», - նշել է Տերեխովը:

Ռուսաստանն օգտվում է այն հանգամանքից, որ Ուկրաինայի օդային պաշտպանությունը բավարար չէ, և դաժան հարձակման ենթարկում ռազմաճակատն ու խաղաղ բնակավայրերը, այսօր սոցիալական ցանցերում գրել է նախագահ Վլադիմիր Զելենսկին:

Երեկ նա կրկին դիմել էր Արևմուտքին՝ Ուկրաինայի պաշտպանողականությունն ամրապնդելու խնդրանքով. - «Այլընտրանք չկա՝ Ուկրաինան այնպիսի համակարգերի և ռազմավարության կարիք ունի, որոնք թույլ կտան մեզ պաշտպանել մեր դիրքերը, մեր քաղաքներն ու համայնքներն այն ռումբերից, որոնք դարձել են ռուսական ահաբեկչության հիմնական զենքը՝ օգնելով օկուպացման ջանքերին»:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտնել է, թե այսօր գրավել է Բախմուտի և Կլեշեևկայի մոտ գտնվող Անդեևկա բնակավայրը։ Ուկրաինական կողմը սա դեռ չի մեկնաբանել։ Մյուս կողմից, ըստ ռուսների, ուկրաինացիներն անօդաչու թռչող սարքով թիրախավորել են ռուս-ուկրաինական սահմանից հարյուրավոր կիլոմետր հեռո գտնվող Թաթարստանի տարածքը, Կազանի հիմնական օդանավակայանը ավելի քան երեք ժամ աշխատել է սահմանափակումներով, երկու ժամ էլ չի աշխատել Նիժեկամսկի օդանավակայանը:

Մոսկվան աղմկահարույց ձերբակալություններ է սկսել բարձրաստիճան զինվորականների շարքում

Ավելի քան երկու տարի շարունակվող լայնածավալ պատերազմի ֆոնին Մոսկվան աղմկահարույց ձերբակալություններ է սկսել բարձրաստիճան զինվորականների շարքում։ Ռազմական դատարանն այսօր ձերբակալել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ Վադիմ Շամարինին՝ առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու մեղադրանքով: Եթե մեղադրանքն ապացուցվի, ըստ պետական լրատվամիջոցների, Շամարինին սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում:

Սա արդեն բարձրաստիճան չորրորդ զինվորականի ձերբակալությունն է ռուսական բանակում անցած մեկ ամսվա ընթացքում․ շաբաթներ առաջ էլ ձերբակալվել էին պաշտպանության փոխնախարարն ու նախարարության երկու այլ պաշտոնյաներ՝ կրկին կաշառքի ու խարդախության մեղադրանքով։ Ընդորում՝ վերջին երեք ձերբակալությունները տեղի են ունեցել պաշտպանության նոր նախարար Անդրեյ Բելոուսովի օրոք։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, սակայն, այսօր հերքել է պնդումները, թե քաղաքական թևը արշավ է սկսել ռազմական ղեկավարության դեմ․ - «Սա կոռուպցիայի դեմ պայքարը հետևողական աշխատանք է, ոչ թե քարոզարշավ։ Մանրամասների մասին ոչինչ ասել չեմ կարող»:

Մանրամասները հստակ չեն, սակայն, ակնհայտ է, որ պաշտպանության նախկին նախարար Սերգեյ Շոյգուի պաշտոնանկությունից հետո Կրեմլը փորձում է խիստ վերահսկողություն հաստատել բանակում, որը Ուկրաինայի դեմ սկսված պատերազմից ի վեր այլևս հսկայական տնտեսական միջոցներ է տնօրինում, ասում է քաղաքագետ Աբաս Գալյամովը:

Ձերբակալված չորս բարձրաստիճան զինվորականների շարքում առաձնանում է 58-րդ բանակի նախկին հրամանատար Իվան Պոպովը, ով քննադատել էր Պաշտպանության նախարարությանը, անցած տարվա ամռանը Պոպովը պատմել էր Ուկրաինայի դեմ պատերազմում ռուսական բանակի խնդիրների մասին, միաժամանակ հայտարարել էր, թե բարձրագույն ղեկավարությունն իրեն ծառայությունից հեռացրել է:

Ըստ քաղաքագետի, Պոպովի ձերբակալությունն ուղերձ է բարձրաստիճան զինվորականներին առ այն, որ իրենք էլ կարող են պատժել, եթե որոշեն անցնել հրապարակային քննադատության։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG