Եթե իրագործվեն Ռուսաստանի Դաշնության տարածքում բրիտանական զենքով Կիևի հարվածների վերաբերյալ Լոնդոնի սպառնալիքները, ապա Ռուսաստանը կստանա բրիտանական թիրախներին հարվածներ հասցնելու իրավունք թե՛ Ուկրաինայում և թե՛ Ուկրաինայի սահմաններից դուրս։ Այդ մասին ՏԱՍՍ ռուսաստանյան լրատվական գործակալությանն այսօր ասել է ՌԴ արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Եթե նման սցենար իրականացվի, մեր երկիրը՝ Ռուսաստանի Դաշնությունն իրեն վերապահելու է համապատասխան արձագանք տալու իրավունք, որպես թիրախ ընտրելով բրիտանական ռազմական օբյեկտները, որոնք գտնվում են ինչպես Ուկրաինայի տարածքում, այնպես էլ դրա սահմաններից դուրս», - նշել է դիվանագետը։
Այդպես նա արձագանքել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Քեմերոնի հայտարարությանը, որ Լոնդոնն օրինական է համարում Կիևի կողմից ռուսական տարածքը հարվածելու համար բրիտանական զենքի կիրառումը:
Մարիա Զախարովան «բացարձակ խելագարություն» է անվանել Դեյվիդ Քեմերոնի այդ հայտարարությունը:
«Այն ոչ միայն լեգիտիմ չէ, այն նաև անտրամաբանական է, քանի որ Բրիտանիան ինքը ոչ վաղ անցյալում բառացիորեն հակառակն է հայտարարել», - նշել է Զախարովան: