Մատչելիության հղումներ

Ռուսաստանը նշում է Մայիսի 9-ը. Պուտինը կրկին քննադատում է Արևմուտքին


Ռազմական շքերթը Մոսկվայի Կարմիր հրապարակում, 9-ը մայիսի, 2024թ․
Ռազմական շքերթը Մոսկվայի Կարմիր հրապարակում, 9-ը մայիսի, 2024թ․

Մոսկվային Կարմիր հրապարակում այսօր անցավ Հաղթանակի 79-րդ տարեդարձին նվիրված ռազմական շքերթը։

Ուկրաինա Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից հետո սա արդեն մայիսիննյան երրորդ շքերթն է Մոսկվայում։

Հաղորդվում է, որ շքերթին մասնակցել է մոտ 9 հազար զինվորական, այդ թվում՝ պատերազմի հազար վետերաններ։ Կարմիր հրապարակով առանձին ջոկատով անցել են Ուկրաինայում կռվածները։

Շքերթն ընդունել է պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սերգեյ Շոյգուն։ Ամբիոնում նախագահի պաշտոնը հինգերերոդ անգամ ստանձնած Վլադիմիր Պուտինն էր։

Պուտինից բացի Կարմիր հրապարակում էին Ղազախստանի, Ղրղըզստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Բելառուսի, Թուրքմենստանի նախագահները, ինչպես նաև հատուկ հրավիրված Լաոսի, Գվինեա-Բիսաուի և Կուբայի ղեկավարները։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Մոսկվայում էր Եվրասիական տնտեսական ընկերակցության գագաթնաժողովին մասնակցելու նպատակով, նա առանձին հանդիպում ունեցավ Պուտինի հետ, այսօրվա շքերթին, սակայն, նա չի մնացել։

Պուտինն իր ելույթում Հաղթանակի օրն անվանել է Ռուսաստանի «գլխավոր տոն»։ Ելույթի գրեթե հենց մեկնարկին նա կրկին քննադատել է Արևմուտքին՝ մեղադրելով նացիզմը վերակենդանացնելու և պատմությունը կեղծելու մեջ։

Նրա խոսքերով՝ Արևմուտքը փորձում է աշխարհում հակամարտություններ, ազգամիջյան թշնամանք հրահրել, փորձում է խեղաթյուրել երկրորդ համաշխարհային պատերազմի մասին ճշմարտությունը, կեղծել պատմությունը։

Պուտինը ողջ ելույթի ընթացքում Ուկրաինայի անունը չտվեց, իսկ այսպես կոչված հատուկ ռազմական գործողության մասնակիցներին հերոսներ կոչեց։

«Ռուսաստանը ամեն ինչ կանի գլոբալ առճակատում թույլ չտալու համար, բայց մեր ռազմավարական ուժերը միշտ մարտական պատրաստվածության վիճակում են»,- ասաց նա՝ նկատի ունենալով Ռուսաստանի միջուկային զինանոցը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG