Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկ հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Ադրբեջանական կողմի փոխանցմամբ, երկու պետությունների ղեկավարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության, ինչպես նաև էներգետիկայի, առևտրի և այլ ոլորտներում երկկողմ համագործակցության հարցեր։
Զելենսկին իր հերթին հայտարարել է, որ Ալիևի հետ քննարկել է, մասնավորապես, Ուկրաինայի էներգետիկ իրավիճակը։
«Ես խոսել եմ Ադրբեջանի նախագահի հետ մեր երկրում էներգետիկ իրավիճակի, այդ ուղղությամբ մեր պետությունների համագործակցության մասին»,- տեսաուղերձում ասել է Ուկրաինայի նախագահը՝ նշելով, որ երկու երկրների խմբերին հանձնարարվել է ակտիվացնել աշխատանքները նախագծերի իրականացման ուղղությամբ և համակարգել «ապագա համատեղ գործունեությունը»:
Ռուսական զորքերն այս գարնանը բազմիցս հարվածել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին։ Այդ օբյեկտներին հասցված վնասը Ուկրաինայի էներգետիկայի նախարարությունը գնահատել է ավելի քան մեկ միլիարդ դոլար։