Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը երեկ այցելել է Ներքին Հանդ, «հաջող պարեկություն իրականացրել» Հայաստանի հարավում գտնվող սահմանին։
Հաղորդագրությունում նշվում է, որ առաքելությունը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին հումանիտար և անվտանգային իրավիճակը։
«Առաքելության ղեկավարը և թիմի անդամները հանդիպեցին համայնքի ղեկավար Խաչատուր Բաղդասարյանի հետ։ Նա ջերմորեն ողջունեց մեզ գյուղում», - նշվում է առաքելության X-ի էջում։
Մայիսին ռուս սահմանապահները դուրս եկան Ներքին Հանդից։ Նրանք Հայաստանի տարածքում տեղակայվել էին 44-օրյա պատերազմից հետո՝ Հայաստանի կառավարության նախաձեռնությամբ։
Ապրիլի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն, «Ազատության» հարցին պատասխանելով, փաստացի առաջին անգամ ակնարկել էր, որ Ադրբեջանի հետ սահմանազատումից ու սահմանագծումից հետո նրանք պիտի դուրս գան։ «… սահմանը խաղաղության նշան է, իսկ դա նշանակելու է, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահներն իրար հետ փոխգործակցելով ինքնուրույն ի վիճակի են լինելու իրականացնել սահմանի պահպանությունը», - ասել էր գործադիրի ղեկավարը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակն էլ հաստատել էր, որ Հայաստանի մի շարք մարզերից ռուսաստանցի զինվորականների և սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվել է մայիսի 8-ին Մոսկվայում Հայաստանի ու Ռուսաստանի ղեկավարների հանդիպման ընթացքում։ Ըստ ռուսական կողմի՝ «Երևանի խնդրանքով ռուս սահմանապահները կշարունակեն մնալ հայ - թուրքական և հայ - իրանական սահմանին»։