Կիրանցի նորակառույց դպրոցն ադրբեջանցի սահմանապահներից բաժանող պատն արդեն երևում է։ Մոտ երեք մետր բարձրություն ու մեկ մետր լայնություն ունի բետոնե այս պատը, որը, ըստ տեղացիների տեղեկությունների, 100 մետր երկարություն կունենա։
Կառավարության ղեկավարն էր հայտարարել՝ կկառուցեն, որ նորակառույց դպրոցն անվտանգ դառնա, աշակերտների ծնողներն ավելի հանգիստ լինեն։
Տարածքն այսօր սահմանային գոտի են կոչում։ Ազգային անվտանգության ծառայողներն «Ազատությանը» չթույլատրեցին մոտիկից նկարել ոչ կառուցվող պատը, ոչ էլ մի քանի տասնյակ մետրի վրա գտնվող նորակառույց դպրոցը։ Այնտեղ արդեն ներքին հարդարման աշխատանքներ են կատարվում, շինությունը սեպտեմբերին պատրաստ կլինի շահագործման, բայց դեռ հստակ չէ՝ աշակերտներն այնտեղ դասեր կանե՞ն։
Կիրանցում նաև նոր կառուցվող այլընտրանքային ճանապարհները տեսանկարահանելու համար հատուկ թույլտվություն է պետք։ ԱԱԾ աշխատակիցները պնդեցին՝ իշխանական պատգամավորներն ու կառավարության անդամներն օրերս ունեցել են այդ թույլտվությունը։ Նրանք փշալարերի ֆոնին նկարվել ու հայտարարել էին, թե Կիրանցում սահմանազատումից դժգոհ բնակիչ չեն հանդիպել։
Ինչո՞ւ չէին հանդիպել կիրանցեցի 75-ամյա Ալբերտ Սիմոնյանին, որի տունն օրեր առաջ հիմնովին քանդել են, այգու ծառերը՝ կտրել։
«Առաջի տունն էր՝ գյուղի էն ծայրից որ գյուղ ես մտնում, էտեղ էր, քանդել են հիմնովին, հողին հավասարացրել: Իմ աչքի առաջ: Ծառեր ունեինք՝ էրկու մեծ յոլկա [եղևնի՝ ռուսերեն] էր էլի, էն ա էն էլ որ կտրեցին, սավսեմ ամեն ձևի էլ վերացավ ամեն ինչը ինձ համար, աշխարհը», - «Ազատության» հետ զրույցում ասաց տարեց կիրանցեցին:
Կիրանցեցիները տարակուսած էին՝ ինչպե՞ս է եղել, որ իշխանականները եկել ու առանց իրենց հետ հանդիպելու իրենց անունից հայտարարություն են արել։ «Ազատությանը» հանդիպած բնակիչները կա՛մ հրաժարվում էին պատասխանել մեր հարցերին, կամ էլ ասում էին՝ դժգոհ են։
«Թող գան իրանք ստեղ լավ ապրեն, մենք լավ չենք ապրում: Ահուսարսափով եմ ապրում: Ամեն խնդիր էլ կա, մենք հող չենք մշակում: Այ հենց Ադրբեջանի սահմանումն ա մեր հողերը, մենք էլ վախում ենք, չենք մշակում», - ասաց գյուղի բնակիչներից մեկը:
«Ընչի՞ց գոհ ըլնենք՝ դաշտերը մնացել ա ցորենի, չեն թողում հնձեն, էկել են, ոչ մեկին չեն հանդիպել, մեր էս ճանաչված ծառի տակին նկարվել են իրանք իրանցով, հետ դառել գնացել են: Գյուղացիների հետ հանդիպում ոչ ըլել ա, ոչ էլ», - ասաց մյուսը:
Փշալարերին կից հողատարածքներն էլ, Խեյրիմլիից այն կողմ մնացած 60 հա արտերն էլ այս տարի այդպես էլ անմշակ մնացին։ Այս դեպքում էլ պաշտոնյաների ու տեղացիների մտքերը չեն համընկնում։ Արոտն էլ, ցանքսերն էլ, այգիներն էլ մնացին անտեր։ «Անգամ եթե մերն են, մեր վերահսկողության տակ չեն», - ասում են Կիրանցի բնակիչները։ Կառավարության պատասխանատուները վստահեցրել էին՝ մինչև վերջին սանտիմետրը մարդիկ կարող են ապահով մշակել։
Գյուղացիներին լուրեր են հասել, թե առաջիկա օրերին արդեն գործող միջպետական ավտոճանապարհը կփակվի։ Աճարկուտ գյուղի միջով անցնող գրունտային ճանապարհը, որ մոտ 4կմ-ով ավելի երկար է, արդեն ասֆալտապատ է, բայց նոր կառուցվող ճանապարհը, որի մասին խոսում է Կառավարությունը, դեռ անցանելի չէ։
Կիրանցում այսօրվա դրությամբ երկու տուն է քանդվել, բիզնեսով զբաղվող երկու վագոն տնակ հանվել։ Կիրանցի սկզբնամասում գյուղը խորհրդանշող արծիվը նույնպես՝ չկա՝ տարածքն օրեր անց կանցնի Ադրբեջանին։ Վերևում՝ մի քանի տասնյակ մետրի վրա Հայաստանի ու Ադրբեջանի դրոշներն են։