Մատչելիության հղումներ

Տարածաշրջանը եռում է, Հայաստանի իշխանությունը հանգիստն է վայելում, ընդգծում է ՀԱԿ փոխնախագահը


Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյան, արխիվ
Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյան, արխիվ

«Մենք ունենք այսօր ոչ թե ղեկավար, մենք ունենք այսօր գերագույն գլխավոր հեծանվորդ». - տարածաշրջանը եռում է, իշխանությունը շարունակում է վայելել հանգիստը. երբ Հայաստանի գլխավոր մարտահրավերն անվտանգությունն է, առաջին նախագահի մամուլի նախկին խոսնակ Լևոն Զուրաբյանը, ու ոչ միայն նա, բարձրաստիճան ղեկավարների երկարաժամկետ հանգիստը իրավիճակին ամենևին համահունչ չի համարում։

«Մենք ունենք տարածաշրջանային մի հրդեհ, որը կապված է Իսրայել - Իրան հակամարտության հետ, որը, գիտեք, արդեն կարող է բռնկվել ամեն պահին, և բոլորը հիմա սպասում են, որ «Համաս»-ի լիդերի՝ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանը Իրանի կողմից հետևելու է, և եթե հետևի էնպես, ոնց որ դա պատկերացնում են բոլորը՝ դա լինի համազարկ Իրանի կողմից, «Հեզբոլա»-ի կողմից, սիրիական և իրանական շիա բանակների կողմից, հուսիթների կողմից Եմենի, ուրեմն՝ սա նշանակելու է լայնամասշտաբ պատերազմ, որը մեզ չի շրջանցի: Եվ այս վիճակում մեր իշխանությունները զբաղված են ինչ-որ անհասկանալի օլիմպիական կայֆերին տրվելով՝ հեծանիվ են քշում, դադարել են պետական կառավարման գործը ինչ-որ ժամանակով, հանգստանում են», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Զուրաբյանը:

Վարչապետ Փաշինյանը գրեթե մեկ ամսով՝ հուլիսի 15-ից օգոստոսի 12-ն է մեկնել արձակուրդ։ Նրան այս ընթացքում երկու փոխվարչապետերն են փոխարինում։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոր է վերադարձել 21-օրյա արձակուրդից։

Ինչպե՞ս է ամառն անցկացնում նախագահը: Անհայտ է, արդյո՞ք նա արձակուրդում է, ե՞րբ է մեկնել, ե՞րբ կվերադառնա, թե՞ ընդհանրապես չի մեկնել. այս պարզ հարցերին նախագահի գրասենյակից բանավոր չպատասխանեցին, գրավոր հարցում ուզեցին, բայց մի ամբողջ օրը, պարզվեց, պատասխանելու համար նրանց բավարար չէր։

Հայաստանցի պաշտոնյաների հանգստի անբաժանելի մասն է դառնում հեծանիվը՝ վերջին շրջանի վարչապետի հոբբին։

«Կեցցե հեծանիվը» հեշթեգով վարչապետի տիկինը երեկ Ֆեյսբուքում տեսանյութ հրապարակեց։ Հեծանվով, որ, ըստ Նիկոլ Փաշինյանի, ցավ է ու միաժամանակ՝ ընկերություն, համբերություն, կամք, վարչապետն ու տիկինը, ինչպես Աննա Հակոբյանը գրեց՝ առաջին անգամ 40 կմ են անցել։

ԱԺ նախագահը որոշեց իր հանգստի օրերին հետ չմնալ վարչապետից՝ նա ևս հեծանվային զբոսանքի դուրս եկավ, լուսանկարներից պարզ դարձավ՝ Ալեն Սիմոնյանն Իտալիայում էր։

Իհարկե, վարչապետն արձակուրդին տարբեր մարզերում եղավ՝ ներհայաստանյան հարցերով, Լոնդոն գնաց, իսկ երբ մեկնեց Իրանի նախագահի երդմնակալությանը, Թեհրանում սպանված «Համաս»-ի առաջնորդը դեռ ողջ էր, Հայաստանի անմիջական հարևան Իրանի ներգրավմամբ Մերձավոր Արևելքում էլ պատերազմի ընդլայնման կանխատեսումներ դեռ չկային։

Ի՞նչ պիտի աներ իշխանությունը։ Ըստ Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանի՝ երկու ուղղությամբ պետք է աշխատեր, ինչի մասին ոչ մի հրապարակային հիշատակում չկա՝ տարածաշրջանային երկրների հետ պետք է ներգրավվեր ինտենսիվ բանակցությունների մեջ, քաղաքացիական պաշտպանությունը, զինուժի մարտական պատրաստության աստիճանը պետք է բարձրացներ։ Սցենարներ մշակեր՝ որ զարգացման դեպքում Հայաստանն ինչ է անելու:

«Ի՞նչ եք կարծում, ասենք, մենք հիմա ինտենսիվ կոնսուլտացիաների մեջ չպիտի՞ լինեինք, օրինակի համար, ռուսների հետ, թեկուզ ադրբեջանցիների հետ, թեկուզ Իրանի հետ: Մենք մտածում ե՞նք՝ ինչ ռմբակոծություններ կարող են լինել, մեր պետությունը պատրա՞ստ է ապահովել փախստականների ներհոսքի հետ կապված խնդիրները: Էսօր մեր կառավարությունը պիտի ամբողջ օրը զբաղված լիներ արտակարգ դրությունների հետ կապված պլանավորման հետ», - ընդգծեց Լևոն Զուրաբյանը՝ շարունակելով. - «Կա՛մ Նիկոլ Փաշինյանը և իր ամբողջ թիմը մեր ազգային անվտանգության խնդիրների ապահովման անհրաժեշտությունը չեն հասկանում, կամ էլ իրենք էլ գիտակցոււմ են արդեն, որ իրենց հենց քաղաքականության արդունքում ստեղծվել է մի իրավիճակ, երբ որ նրանց դիվանագիտական ջանքերից այլևս ոչինչ կախված չէ: Երկու դեպքում էլ սարսափելի է»:

Իշխանությունից այս քննադատության առնչությամբ մեկնաբանություն ստանալ չհաջողվեց, «Ազատության» զանգերն անպատասխան մնացին։

Արձակուրդի ընթացքում իշխող խմբակցության անդամները ևս պասիվ են, թեև և՛ նրանց, և՛ կառավարությանն ուղղված բազմաթիվ հարցեր են կուտակվել։ Օրինակ՝ հայ - ադրբեջանական բանակցային ներկա փուլի զարգացումների մասին Բաքվից մեկնաբանություններ են հնչում, իսկ Հայաստանի կառավարությունից «Ազատության» գրավոր հարցերին ի պատասխան հորդորում են սպասել վարչապետի արձակուրդի ավարտին, երբ նա կվերադառնա ու ասուլիսում դրանց կանդրադառնա։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG