Փորձագետների համոզմամբ՝ Իրանի հոգևոր առաջնորդը հստակ ուղերձ հղեց Հայաստանի վարչապետին, որ Թեհրանը դեմ է այսպես կոչված «Զանգեզուր միջանցքին», եթե նույնիսկ այն վերահսկի միջազգային որևէ ընկերություն։
Այաթոլա Խամենեին, երեկ, Իրանի նախագահի երդմնակալությանն ընդառաջ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը կարևորեց Հայաստանի տարածքային ամբողջականության ապահովումը, ընդգծելով՝ «Իրանը այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» վնասաբեր է համարում Հայաստանի համար։ Օտարները չպետք է սահմանափակումներ ստեղծեն հարևանների հետ երկրների հարաբերություններում»։ Իրանի հոգևոր առաջնորդի այս խոսքերը փոխանցել էր «Մեհր» իրանական գործակալությունը։ Հայաստանի վարչապետի գրասենյակը այս մասին որևէ հաղորդագրություն չէր տարածել։
«Իրանը հասկանում է, որ կզրկվի Հայաստանի հետ իր սահմանից, եթե օտարերկրյա վերահսկող հայտնվի «միջանցքում»
«Որոշ նախնական պայմանավորվածություններ կան Հայաստանի և Ադրբեջանի միջև, որ ինչ-որ մասնավոր միջազգային կազմակերպություն պետք է հսկի այսպես կոչված միջանցքը, կոմունիկացիաները, դա չի անվանվում որպես միջանցք, բայց Իրանում շատ լավ հասկանում են, որ դա կլինի միջանցք», - ասաց «Ապրի Արմենիայի» փորձագետ Սերգեյ Մելքոնյանը:
Մելքոնյանի համոզմամբ՝ Իրանում շատ լավ հասկանում են՝ Թուրքիան և Ադրբեջանը առանց որևէ խոչընդոտի, Սյունիքով ցամաքային ուղիղ կապ ունենալու նպատակ ունեն։ Եթե նույնիսկ սկզբում այդ միջանցքը կվերահսկի ինչ-որ միջազգային կազմակերպություն, ապա արևելագետի համոզմամբ, հետագայում, այդ գործընթացում կներգրավվեն Ադրբեջանն ու Թուրքիան։ Այսինքն՝ նրանք կստանան այն, ինչ ուզում են, կիրառելով սալյամիի մարտավարությունը՝ փոքր քայլերով հասնելով մեծ նպատակին։
«Դա կամաց-կամաց կբերի նրան, որ հիմա կհսկի միջազգային մասնավոր կազմակերպությունը, հետո այնտեղ կլինի ինչ-որ համատեղ վերահսկում, հետո կամաց-կամաց այսպես կոչված վերաբնակեցման ծրագիրն Ադրբեջանը կիրականացնի ու Իրանը կզրկվի իր սահմանից», - ասաց Մելքոնյանը:
«Ազատության» հարցին՝ այդ թվում նաև Հայաստանը կզրկվի՞ իր տարածքից, փորձագետը պատասխանեց. - «Այո, դա էր հիմնական մեսիջը, որ սա անընդունելի է մեզ համար և վնաս կլինի ձեզ համար»:
Միջանցքի երկայնքով ադրբեջանցիների վերաբնակեցման հեռահար ծրագիր. փորձագետ
Նախկին դիվանագետ, 2000-ականների սկզբին ՄԱԿ-ում Հայաստանի արտակարգ դեսպանորդ աշխատած Ձյունիկ Աղաջանյանի համոզմամբ՝ Իրանի հոգևոր առաջնորդը, ևս մեկ անգամ, այս դեպքում նոր նախագահի ընտրություններից հետո բարձրաձայնեց Թեհրանի անփոփոխ դիրքորոշումը՝ Իրանը չի համաձայնի իր հյուսիսային սահմանի հսկողությունը փոխանցել արևմտյան որևէ ուժի՝ լինի դա արևմտյան կառույցի կամ պետության տեսքով։
«Դա նշանակում է սեփական երկիրը լիակատար օղակի մեջ դնել թշնամական ուժերի կողմից, ինչը, բնականաբար, Իրանը չի կարող ընդունել», - ասաց Ձյունիկ Աղաջանյանը:
Նախկին դիվանագետի համոզմամբ՝ Սյունիքով Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապի ապահովումը որևէ միջազգային ընկերության արտապատվիրակելը չի բխում նաև Հայաստանի շահերից, քանի որ Երևանն այդ կերպ զրկվում է Իրանի հետ կապող իր իսկ ճանապարհի վերահսկողությունից։
«Թուրքիան և Ադրբեջանը կողմ են, որ Հայաստանը որևէ վերահսկողություն չունենա այդ ճանապարհի վրա, նրանք ժամանակավորապես ենթադրում են, որ կողմ են լինելու, որ դա ինչ-որ մի օտար ընկերության հանձնվի, իսկ այդ օտար ընկերությունը մենք չգիտենք՝ ինչ բաժնետիրական պատկանելություն կունենա և ինչ հրահանգավորման ներքո կգործի, սակայն այն պայմանները, որով դրանք գործելու են, նշանակելու է անվերահսկելի փոխանցումներ և փոխադրումներ այդ ճանապարհով: Այսինքն՝ կնշանակի, որ մեր թշնամական երկրները մեր հաշվին, մեր վրայով զինելու են միմյանց՝ մեր դեմ օգտագործելով և օգտագործելով փաստացիորեն մեր բարեկամ երկրի՝ Իրանի դեմ: Բնականաբար, դա մեզ ձեռնտու չէ, իսկ թուրք-ադրբեջանական կողմի համար դա ցանկալի է», - նշեց նա:
Նախկին դիվանագետի համոզմամբ՝ իրականում Թուրքիայի, այդ թվում՝ Ադրբեջանի հեռահար նպատակն է լիովին իրենց վերահսկողության տակ վերցնել Ադրբեջանը Նախիջևանին կապող հայկական տարածքը, և դրան ուղղված հեռահար ծրագրեր ունեն։
«Ենթադրում եմ, որ թուրք-ադրբեջանական կողմը մտադիր է այս հնարածին ադրբեջանցի փախստականների անվան ներքո այդ ճանապարհի երկայնքով կարևոր թիրախային կետերում զետեղել իրենց վերադարձող փախստական կոչվածներին, որն իրականության հետ և իրավական առումով ոչ մի հենք չունի, և հետագայում ամբողջովին այդ տարածքն իրենցով անել ամենատարբեր հնարածին պատրվակներով ուղղակի կտրելու այդ տարածքները Հայաստանից: Եթե մենք նայենք, թե որտեղ են ադրբեջանցիներն ուզում վերադարձնել իրենց հնարածին փախստականներին, ապա մենք կտեսնենք, որ այդտեղ հստակ ծրագիրն ուղղակի Հայաստանը մաս-մաս անելն է և Հայաստանը որպես քաղաքական միավոր վերացնելը», - ասաց Ձյունիկ Աղաջանյանը:
Հայաստանյան մի շարք փորձագետներ պնդում են, որ վերջին ամիսներին Հայաստանն ու Ադրբեջանը քննարկում են Սյունիք-Նախիջևան ճանապարհի վերահսկողությունը օտարերկրյա ընկերությանը պատվիրակելու հարցը, պաշտոնական Երևանն ու Բաքուն առայժմ չեն հաստատել, որ բանակցությունների օրակարգում է նաև այդ հարցը։
Ճանապարհի վերահսկողությունը մասնագիտացված կազմակերպությանը արտապատվիրակելու առաջարկի մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել էր դեռևս երկու տարի առաջ՝ 2022-ին, մի քանի ուղղությամբ Հայաստանի վրա Ադրբեջանի սեպտեմբերյան հարձակումից օրեր անց։
«Դուք գիտեք, որ հիմա Եվրոպայում էլ կան երկրներ, որ իրենց մաքսային հսկողությունն իրականացնում է ոչ թե մաքսային պետական ծառայությունը, այլ մասնագիտացված կազմակերպությունների են պատվիրակում՝ իրանք են էդ գործառույթը իրականացնում: Նույնը կարելի է անել սահմանային հսկողության դեպքում։ Ադրբեջանը, մեզ համար պարզ չէ էդքան էլ՝ համաձա՞յն է սրան, եթե համաձայն է, մենք կարող ենք գնալ էդ լուծմանը», - հայտարարել էր վարչապետը։
Թե Փաշինյանի՝ դեռ երկու տարի առաջ հնչեցրած այս առաջարկի շուրջ կողմերն այսօր ինչ հանգուցալուծման եկել, պաշտոնապես չի հաղորդվել։