Իրանը կարևորում է բարեկամ Հայաստանի հետ քաղաքական, տնտեսական և հումանիտար ոլորտներում հարաբերությունների շարունակական զարգացումը, ըստ հայկական կողմի, Թեհրանում, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ, հայտարարել է Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
Իրանի հետ բազմակողմանի համագործակցությունը Հայաստանի համար ունի կարևոր նշանակություն, որը խարսխված է փոխադարձ հարգանքի և ըմբռնման վրա, իր հերթին ասել է Նիկոլ Փաշինյանը։
Իրանի նախագահը նախ վերահաստատել է նախկինում բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները, ապա շեշտել, որ պատրաստակամ են համատեղ ջանքերով շարունակելու երկխոսությունը և առավել հարստացնելու երկկողմ համագործակցության օրակարգը։
«Այն, որ այսօր ես այստեղ եմ, վկայում է Հայաստանի և ԻԻՀ-ի միջև ամենաբարձր մակարդակով հարաբերությունները խորացնելու, համագործակցությունն ամրապնդելու մեր հանձնառությունը», - ընդգծել է Հայասատնի վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և դրա սկզբունքները՝ միտված տարածարջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը:
Իրանի նորընտիր նախագահը կարևորել է տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ուղղությամբ հետևողական ջանքերը։
Փեզեշքիանը նշել է, որ Իրանի համար առանցքային նշանակություն ունի տարածաշրջանում խաղաղության պահպանումը, հավելել, որ իրանական կողմը ևս անհրաժեշտ է համարում բոլոր հարցերը երկխոսության միջոցով կարգավորելը։
Նիկոլ Փաշինյանը կարևորել է իրանական կողմի ներգրավվածությունը Հյուսիս-հարավ ավտոմայրուղու, մասնավորապես, Ագարակ-Քաջարան հատվածի կառուցման գործում։ Ընդգծվել է նաև Հայաստան-Իրան սահմանային անցակետի արդիականացման ուղղությամբ իրականացվող քայլերի կարևորությունը:
Ըստ իրանական IRNA գործակալության՝ Փեզեշքիանը շեշտել է, որ Թեհրանը կարևորում է Հյուսիս-Հարավ միջանցքի ավարտը, որպես տարածաշրջանի բոլոր երկրների զարգացման և առաջընթացի հնարավորություն։
Նա ընդգծել է, որ այս ոլորտում ծրագրերի ավարտը կլինի իր վարչակազմի առաջնահերթություններից մեկը։
Փաշինյանն այսօր է մեկնել Իրան՝ մասնակցելու Փեզեշքիանի երդմնակալության պաշտոնական արարողությանը:
69-ամյա Փեզեշքիանն հուլիսի 6-ին կայացած ընտրությունների երկրորդ փուլում հավաքեց ընտրողների ձայների ավելի քան 53 տոկոսը՝ դառնալով Իրանի հաջորդ նախագահը։