Սահմանադրական դատարանի 9 դատավորները խորհրդակցական սենյակում երրորդ օրն է քննարկում են որոշումը՝ արդյոք հայ-ադրբեջանական սահմանազատման կանոնակարգը համապատասխանո՞ւմ է Սահմանադրությանը, թե՝ ոչ։
Ըստ Հայաստանի իշխանությունների՝ Երևանում ու Բաքվում այս կանոնակարգի ներպետական վավերացումից հետո, սահմանազատման հանձնաժողովները կշարունակեն մոտ 1000 կիլոմետր երկայնքով սահմանի հետագա սահմանազատումը։
«Տեքստային մասի վերաբերյալ կարող են լինել դետալային քննարկումներ հենց խորհրդակցական սենյակում», - ասաց սահմանադրագետ Վարդան Պողոսյանը:
Պողոսյանը որևէ խնդիր չի տեսնում այստեղ, խորհրդակցական սենյակում մնալու ժամկետ չկա։ Նորմալ է նաև, որ ընդամենը մի քանի ժամ տևած գրավոր քննությունից հետո դատավորները մի քանի օր անցկացնեն խորհրդակցական սենյակում։ Սա, ըստ էության, նշանակում է, որ դատավորների մեծ մասը եկել են համաձայնության և այդ պատճառով են անցել խորհրդակցական սենյակ, որտեղ արդեն քննարկում են ծավալում որոշման պատճառաբանական հատվածի շուրջ։
«Երբ որ հարցը, որոշման նախագիծը որոշակի հասունության աստիճան է ունենում, և ամեն դեպքում արդեն վերջնական մասը պարզ է լինում, դրանից հետո են իրենք գնում խորհրդակցական սենյակ ու այդտեղ արդեն դետալային, տեքստային աշխատանքը կատարում-վերաջացնում», -ներկայացրեց նա:
Սահմանադրագետը բացատրում է օրենքը, ըստ որի մինչև դատաքննության մեկնարկը զեկուցող դատավորները, որ ծանոթանում են դիմումի բովանդակությանը, կազմում են որոշման նախագիծ, որն էլ հետո ներկայացնում են մյուս դատավորներին։ Վերջիններս նիստին գալիս են արդեն ունենալով իրենց տեսակետը։ Այն, որ արդեն երրորդ օրն է դատավորները խորհրդակցական սենյակում են, նշանակում է, որ դեռևս կան դետալներ, ձևակերպումներ, որոնք դեռ համաձայնեցված չեն։
«Այս ամբողջ տեքստի վերաբերյալ նրանք, ովքեր կողմ են այս կանոնակարգը սահմանադրական ճանաչելու, բոլոր այդ մարդիկ պետք է նաև համաձայնության գան, որ այս կամ այն դրույթը հենց այդ ձևակերպումը պետք է ունենա: Չէ՞ որ իրենք պետք է հիմնավորեն, թե ինչի է Սահմանադրությանը համապատասխանում», - ասաց Վարդան Պողոսյանը:
Հայաստանն ու Ադրբեջանն այս համատեղ փաստաթուղթը ստորագրել են օգոստոսի 30-ին: Ըստ դրա՝ Երևանն ու Բաքուն համաձայնել են սահմանազատումն իրականացնել 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, բայց այդ համաձայնությունը վերջնական չէ։ Կանոնակարգում նշվում է՝ հնարավոր է հետագայում՝ խաղաղության համաձայնագրի ընդունումից հետո, գործընթացն այլ սկզբունքներով ընթանա։
Այս փաստաթուղթը կանոնակարգում է հայ - ադրբեջանական հանձնաժողովների համատեղ գործունեությունը, ունի 7 հոդված։ Ըստ դրա՝ կողմերը սահմանազատման համար կարող են փորձագետների ներգրավել, փոխանակել քարտեզագրական և գեոդեզիական նյութեր, լուսանկարներ, մշակել և ընդունել համատեղ աշխատանքի կարգի, սահմանազատման քարտեզի ստեղծման մասին ուղեցույցներ, սահմանազատման ընթացքում սահմանի առանձին հատվածներով իրականացնել սահմանագծման աշխատանքներ, դրա վերաբերյալ կազմել սահմանագծի անցման նկարագրություն, որն էլ մինչև սահմանազատման գործընթացի ավարտը կհամարվի համաձայնեցված։