Մատչելիության հղումներ

Ինչո՞ւ է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովի կանոնակարգը ուղարկվում ՍԴ, ԱԺ, իսկ Վրաստանի հետ՝ ոչ


Սահմանազատված հատված Ադրբեջանի հետ, Տավուշի մարզ
Սահմանազատված հատված Ադրբեջանի հետ, Տավուշի մարզ

Ինչպե՞ս է, որ Վրաստանի և Հայաստանի սահմանազատման հանձնաժողովի կանոնակարգը որևէ իրավական գործընթաց չի անցնում. Գեղամ Մանուկյան

Ինչո՞ւ դեռ 90-ականներին ստեղծված Հայաստանի և Վրաստանի սահմանազատման միջպետական հանձնաժողովի աշխատակարգը, որով երկու երկրները սահմանազատում են իրականացրել, այն ժամանակ Սահմանադրական դատարան, ապա նաև խորհրդարան չի ուղարկվել։ Մինչդեռ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը միջպետական վավերացման ընթացակարգերով է անցնում։ Այս հարցի պատասխանը ստանալու համար ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հարցումներ է ուղարկել Ազգային անվտանգություն և Արտգործնախարարություն։

«Ինչպե՞ս է, որ Վրաստանի և Հայաստանի սահմանազատման, սահմանագծման միջպետական հանձնաժողովի կանոնակարգը որևէ իրավական գործընթաց չի անցնում, իսկ այս դեպքում Նիկոլ Փաշինյանն ու իշխանությունն անպայման ուզում են դա անցկացնել Սահմանադրական դատարանով ու Ազգային ժողովով», - հարցնում է պատգամավորը։

Կոնկրետ ժամկետներ չեն սահմանել. նախկին արտգործնախարար

Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման քննարկումները մեկնարկել են վաղ 90-ականներին։ 1993-ից 96 թվականներին արտգործնախարարի պաշտոնը զբաղեցրած Վահան Փափազյանն «Ազատությանը» փոխանցեց, որ իր պաշտոնավարման ընթացքում այդ թեմայով բազմիցս քննարկումներ ունեցել է իր վրաց գործընկերների և Վրաստանի նախագահ Շվարնաձեի հետ։ Ի վերջո, որոշել են, որ սահմանազատում պետք է արվի, սակայն կոնկրետ ժամկետներ չեն սահմանել։ Ընդ որում, ըստ նախկին արտգործնախարարի՝ վրացիներն ավելի շատ էին շահագրգռված սահմանազատման հարցում։

Կառավարությունն իր վրայից պատասխանատվությունը գցում է. Հրանտ Բագրատյան

1996-ի մայիսին արդեն վարչապետ Հրանտ Բագրատյանի որոշմամբ ստեղծվում է Հայաստանի և Վրաստանի միջև պետական սահմանի սահմանագծման և սահմանազատման հանձնաժողով, որի աշխատակարգը կամ կանոնակարգը ներպետական վավերացում չի անցել։

Այսօր «Ազատության» հետ զրույցում նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը պարզաբանեց՝ Սահմանադրական դատարան, ապա Ազգային ժողովի վավերացման ուղարկվում է ոչ թե կանոնակարգը, այլ արդյունքը, այսինքն՝ երբ սահմանազատումն ավարտվում է, ու միջպետական պայմանագիր է կնքվում։

«Եթե ինչ-որ սահմանի տեղամաս սահմանազատվել է և սահմանագծվել է, երկու պետությունները կնքում են պայմանագիր, և պայմանագիրը որպես միջազգային ներկայացվում է ինչպես Սահմանադրական դատարան, այնպես էլ Ազգային ժողով», - ասաց նա։

Այն, որ այժմ Փաշինյանի կառավարությունը սահմանազատումը չավարտած Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը ուղարկում է ՍԴ, Հրանտ Բագրատյանի համոզմամբ՝ «սխալ իրավական գործընթաց է», որը Փաշինյանն անում է կոնկրետ նպատակով. - «Այսօր կանոնակարգ ուղարկելու անհրաժեշտություն չկա, պարզապես նա առիթ է ստեղծելու գործող իշխանության համար վաղը ասել, որ նոր տարածքային զիջումներից հետո ի՞նչ կարող ենք անել, դա եղել է այն կանոնակարգի համաձայն, որը հաստատել է ԱԺ-ն, այսինքն՝ գործադիրն իր վրայից պատասխանատվությունը գցում է, գործադիրը պատասխանատվության է հրավիրում նաև Ազգային ժողովին ու Սահմանադրական դատարանին»։

Ի դեպ, իրավական ակտերի միասնական համակարգից՝ Իրտեկ-ից տեղեկանում ենք, որ 2000-ին արդեն Հայաստանի և Վրաստանի միջև պետական սահմանի սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովի ստեղծման մասին որոշումը ուժը կորցրած է ճանաչվել, և ստեղծվել է Հայաստանի պետական սահմանի սահմանագծման ու սահմանազատման հարցերով հանձնաժողով։

Վրաստանի հետ սահմանազատման աշխատանքները մինչև օրս էլ դեռ չեն ավարտվել։ Ինչպես վարչապետ Փաշինյանն էր դեռ 2021 -ին հայտարարել, Հայաստանը Վրաստանի հետ համաձայնեցրել է սահմանի ընդամենը 60 տոկոսը։

Ինչո՞ւ է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովի կանոնակարգը ուղարկվում ՍԴ, որից հետո նաև պետք է ներկայացվի Ազգային ժողովի վավերացմանը։ Հայաստանի արտգործնախարարությունից խնդրեցին գրավոր հարցում ուղարկել։

Սա ընթացակարգ է, որով կառավարությունն առաջնորդվում է. Վլադիմիր Վարդանյան

Խորհրդարանի պետաիրավական հանձնաժողովի նախագահ, իշխանական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը մինչդեռ պարզաբանեց՝ սա ընթացակարգ է, որով կառավարությունն առաջնորդվում է։ Մասնավորապես, վավերացման ենթակա միջազգային պայմանագրերը պետք է ներկայացվեն նախ Սահմանադրական դատարան՝ դրանում առկա պարտավորությունների սահմանադրականությունը պարզելու համար, իսկ այս կանոնակարգը, ըստ խորհրդարանի պետաիրավական հանձնաժողովի նախագահի, նույնպես միջազգային պայմանագիր է։

Եթե ՍԴ-ն որոշի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը համապատասխանում է Սահմանադրությանը, կառավարությունն այն կուղարկի Ազգային ժողով՝ վավերացման։

XS
SM
MD
LG