Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան այսօր կայացած հանդիպմանն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին, երկու երկրների միջև սահմանազատման գործընթացին:
Վարչապետը գործընկերոջն է փոխանցել, որ Հայաստանում և Ադրբեջանում այս պահին ընթանում են կանոնակարգի ներքին համաձայնեցման ներպետական ընթացակարգերը:
Լեհաստանի նախագահը կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացն ու տարածաշրջանում կայունության ապահովումը` հույս հայտնելով, որ տեղի ունեցող քննարկումները կտան դրական արդյունք:
Փաշինյանն ու Դուդան քննարկել են Հայաստան-Լեհաստան համագործակցությանն ու դրա հետագա զարգացմանը վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության ընդլայնման, մեր երկրում ԵՄ աջակցությամբ իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին վերաբերող հարցերի շուրջ:
Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում օտարերկրյա գործընկերների հետ հանդիպումներ է անցկացնում նաև արտգործնախարար Արարատ Միրզոյանը:
Կանոնակարգը, որին սեպտեմբերի 5-ին հավանություն տվեց Հայաստանի կառավարությունը, սահմանված ժամկետից երկու ամիս ուշ ստորագրվեց, տեքստը հրապարակվեց դրանից միայն երկու օր հետո: Գործադիրը պարզաբանեց, թե բովանդակության գաղտնազերծման ուշացումը կապված է նաև Ադրբեջանի հետ գործընթացը հնարավորինս սինխրոնացնելու անհրաժեշտության հետ: