Մատչելիության հղումներ

Ադրբեջանը կարող է խաբել ու ծուղակը գցել, եթե ամեն ինչ համաձայնեցված չէ. ընդդիմադիր պատգամավոր


Հայ - ադրբեջանական սահմանի վերջերս սահմանազատված Տավուշ - Ղազախ հատվածը, հուլիս, 2024թ.
Հայ - ադրբեջանական սահմանի վերջերս սահմանազատված Տավուշ - Ղազախ հատվածը, հուլիս, 2024թ.

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման ու սահմանագծման երեկ հրապարակված կանոնակարգը, որ երկու օրից կքննարկվի Կառավարության նիստում, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի համար անհասկանալի է։ Ընդդիմությունը հիմնավորում է, թե այս փաստաթղթով վարչական սահմաններին հղում չկա, որով էլ սահմանազատման ու սահմանագծման հիմք դրվի։ Կողմերն ընդամենը տարածքային ամբողջականություն են ճանաչում։ Ալմա-Աթայի հռչակագրով սահմանազատումը , ըստ ընդդիմադիր պատգամավորի, Ադրբեջանի ձգտումն է։

«Ալմա-Աթայի հռչակագիրը Ադրբեջանը վկայակոչում է, որպեսզի ցույց տար, իբրև թե, որ Սովետական Միության փլուզման պահին Ղարաբաղը եղել է Ադրբեջանի կազմում, հետևաբար՝ uti possidetis juris սկզբունքով՝ այսինքն՝ «ինչ որ իմն էր, իմն է»՝ այդ սկզբնակետով առաջնորդվելով՝ պետք է Արցախի հարցը լուծվի Ադրբեջանի ներքին օրենքների շրջանակներում, որը, ի դեպ, մերժվեց թե՛ ՄԱԿ-ի կողմից, թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից: Դա էր պատճառը՝ ինչու է Ադրբեջանը դեռևս 2008 թվականից այդ թղթի կտորը առաջ մղում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Խաչատրյանը:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյան, արխիվ
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյան, արխիվ

Ընդդիմության համար անընդունելի է նաև, որ հատվածական սահմանազատում ու սահմանագծում լինի։ Առաջարկում են, որ սահմանի ամբողջ երկայնքով վիճելի հարցերի շուրջ համաձայնություն լինի, հետո սկսվի բուն գործընթացը։

«Ես ի նկատի ունեմ՝ եթե ամեն ինչ համաձայնեցված չէ, ուրեմն ոչինչ համաձայնեցված չէ, որովհետև Ադրբեջանը կարող է Հայաստանին պարտադրել ինչ-որ մի զիջում ինչ-որ հատվածում՝ խոստանալով համարժեք զիջման գնալ մեկ այլ հատվածում: Հայաստանը կարող է հավատա, Ադրբեջանը հերթական անգամ կարող է խաբի և ծուղակ գցի», - նշեց դաշնակցական պատգամավորը:

Իշխանական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը հակադարձում է՝ պայմաններ դնելու դեպքում սահմանազատումը կարող է տասնամյակներ տևել, իրենք նախընտրում են գնալ այն ճանապարհով, որ իրատեսական են համարում։

«Այսինքն՝ եթե մենք շարունակենք ասել, եթե մենք ասենք՝ քանի դեռ ամբողջ սահմանը համաձայնեցված չէ, ոչինչ պետք չի ստորագրել, այդ սահմանը կարող է համաձայնեցվել 20 տարուց: Արդյո՞ք Հայաստանի Հանրապետության շահերից բխում է դա, թե՞ ոչ: Իրենք կարծում են, որ բխում է, իսկ ես կարծում եմ, որ դա շատ ռիսկային է», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց Ջուլհակյանը:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյան, արխիվ
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյան, արխիվ

Ընդդիմությունը սահմանազատման ու սահմանագծման այլ ճանապարհ էր առաջարկում՝ հինգ ամիս առաջ նախագիծ էր շրջանառության մեջ դրել, որ գործընթացը սկսեն ոչ թե 1991-ին ընդունված Ալմա-Աթայի հռչակագրով, այլ հետպատերազմական՝ 1993-ի սահմաններով։ Իշխանությունն այս առաջարկը չընդունեց, քանի որ համարում էր՝ դա կնշանակի հրաժարվել Արծվաշենից ու 90-ականներին ադրբեջանական վերահսկողության տակ անցած այլ հայկական տարածքներից:

44-օրյա պատերազմից հետո՝ 2021-22 թվականներին Ադրբեջանը Հայաստանի ինքնիշխան տարածքից շուրջ 140 քառակուսի կիլոմետր տարածք է օկուպացրել։ Ինչպե՞ս են անելու սահմանազատումը: Իշխանական պատգամավորը պնդում է՝ կպահանջեն Ադրբեջանը վերադարձնի այդ տարածքները, բայց վստահ չէ՝ գործընթացը որ հատվածից է սկսվելու:

«Հայաստանի Հանրապետությունը, բնականաբար, պնդելու է, որ Ադրբեջանը դուրս գա թե՛ Սյունիքի և թե՛ Գեղարքունիքի և թե՛ Վայոց ձորի օկուպացված տարածքներից: Թե ինչ հաջորդականությամբ սահմանազատման և սահմանագծման գործընթացը տեղի կունենա, այդ հարցին ես չեմ կարող պատասխանել», - ասաց Արուսյակ Ջուլհակյանը:

Տավուշ - Ղազախ հատվածում սահմանազատումն առանց կանոնակարգի արվեց։ Վարչապետ Փաշինյանն այն որակել էր պիլոտային, և այդ փորձի հիման վրա էլ պետք է ստեղծվեր կանոնակարգը։ Այս փաստաթուղթը դեռ պետք է մանրամասն քննարկվի խորհրդարանում և վավերացվի։ Թե երբ՝ առայժմ հստակ չէ, սակայն հայտնի է, որ ընդդիմությունը բավարար ձայներ չունի այն տապալելու համար։

XS
SM
MD
LG