Մատչելիության հղումներ

ՍԴ-ն քննեց Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի սահմանադրականությունը


ՀՀ Սահմանադրական դատարանը, արխիվ
ՀՀ Սահմանադրական դատարանը, արխիվ

Սահմանադրական դատարանն այսօր սկսեց և ավարտեց հայ - ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի սահմանադրականության հարցի քննությունը։ Բարձր դատարանի լրատվական ծառայության համաձայն, դատարանն անցել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, բայց դեռ պարզ չէ, թե այն երբ կհրապարակվի։ Նիստը դռնփակ էր, անցկացվում էր գրավոր ընթացակարգով։

«Բարձր դատարանը դրա համար էլ հավաքվել է, որպեսզի որոշի՝ հակասո՞ւմ է, թե՞ չի հակասում: Եվ դատարանն իր հեղինակավոր խոսքը կասի՝ հակասո՞ւմ է, թե՞ ոչ», - նիստից առաջ լրագրողներին ասաց ՍԴ նախագահ Արման Դիլանյանը:

Եթե հայ - ադրբեջանական սահմանագծման համար կազմված փաստաթուղթը ճանաչվի Սահմանադրությանը համապատասխանող, ապա Կառավարությունն այն կուղարկի խորհրդարան՝ վավերացման։ Հակառակ դեպքում այս փաստաթուղթը Հայաստանի խորհրդարան չի կարող հասնել։

Առավոտյան ՍԴ նախագահը լրագրողների հետ զրույցում միայն ընդգծեց՝ ցանկացած միջազգային պայմանագիր պետք է նախ ուղարկվի Բարձր դատարան։

«Ես ձեզ միանշանակ եմ ասում՝ եթե մի բան պետք է վավերացվի՝ մի միջազգային պայմանագիր, ինքը չի կարող չգալ Սահմանադրական դատարան: Եթե կա մի միջազգային պայմանագիր, որը պետք է վավերացվի, բայց չի վավերացվել, ուրեմն՝ ինքը Հայաստանի համար իրավական ուժ չունի», - ասաց Արման Դիլանյանը:

Հայաստանն ու Ադրբեջանը այս համատեղ փաստաթուղթը ստորագրել են օգոստոսի 30-ին: Ըստ դրա՝ Երևանն ու Բաքուն համաձայնել են սահմանազատումն իրականացնել 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, բայց այդ համաձայնությունը վերջնական չէ։ Կանոնակարգում նշվում է՝ հնարավոր է հետագայում՝ խաղաղության համաձայնագրի ընդունումից հետո, գործընթացն այլ սկզբունքներով ընթանա։

Այս փաստաթուղթը կանոնակարգում է հայ - ադրբեջանական հանձնաժողովների համատեղ գործունեությունը, ունի 7 հոդված։ Ըստ դրա՝ կողմերը սահմանազատման համար կարող են փորձագետների ներգրավել, փոխանակել քարտեզագրական և գեոդեզիական նյութեր, լուսանկարներ, մշակել և ընդունել համատեղ աշխատանքի կարգի, սահմանազատման քարտեզի ստեղծման մասին ուղեցույցներ, սահմանազատման ընթացքում սահմանի առանձին հատվածներով իրականացնել սահմանագծման աշխատանքներ, դրա վերաբերյալ կազմել սահմանագծի անցման նկարագրություն, որն էլ մինչև սահմանազատման գործընթացի ավարտը կհամարվի համաձայնեցված։

Ընդդիմադիրներն այս թեմայի շուրջ մի քանի հարց են բարձրացնում: Առաջինը վերաբերում է գարնանը Տավուշի ու Ղազախի հատվածում սահմանազատմանը, թե ինչու Ադրբեջանին վերադարձված չորս գյուղերի դեպքում գործընթացն իրականացվեց առանց Սահմանադրական դատարան և խորհրդարան դիմելու։ Կառավարությունից բացատրում են, թե դա պիլոտային ծրագիր էր, որով կողմերը փորձ ձեռք բերեցին հետագա սահմանագծման համար։

Իշխանական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն անցած շաբաթ էր այս հարցին պատասխանել. - «Եվ ըստ էության, սահմանները վերջնականապես գծելով՝ մենք վերջին ռիսկը Հայաստանի Հանրապետության վրա հարձակման՝ լեգիտիմ հարձակման, վերացրել ենք և ունենք հստակ սահման, որից գոհ են կիրանցիները, բաղանիսցիները, ոսկեպարցիները, և էստեղ մենք խնդիր չունենք: Եվ կանոնակարգ ու աշխատակարգը, ըստ էության, սահմանազատման, ձևավորվել է հենց էդ գործընթացում, և հենց ընդգծվել է Ալմա-Աթայի հռչակագիրը, որով էլ հենց Կիրանցում սա տեղի է ունեցել: Այսինքն՝ մենք կարող ենք արձանագրել, որ Կիրանցի սահմանազատումը նախադեպ էր, որի հիման վրա մենք ստեղծեցինք աշխատակարգը, և դրա հիման վրա այն տարածելու ենք սահմանի ողջ երկայնքով»:

Իշխանական պատգամավորը շտապել էր նաև հայտարարել՝ դժվար թե սահմանադրականության խնդիր արձանագրվի։

«Կանոնակարգը, ըստ էության, հիմնականում տեխնիկական լուծումների մասին է, այսինքն՝ մենք կարող ենք արձանագրել, որ դժվար թե գործ ունենանք Սահմանադրության հետ խնդրի հետ, չնայած Սահմանադրական դատարանի դաշտում է հարցը՝ սպասենք, թե ինչ եզրակացություն կտա Սահմանադրական դատարանը», - ասել էր Հովհաննիսյանը:

Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, սակայն, հակադարձում է՝ այս կանոնակարգով Ադրբեջանը կարող է հատվածային սահմանազատումներ անել, իսկ դրանք կարող են լինել վերջնական ու ոչ շահավետ Հայաստանի համար։

«Ի՞նչ կարող է տեղի ունենալ հողի վրա. Ադրբեջանը իրեն հետաքրքրող բոլոր հատվածներում կարող է ստանալ սահմանազատման հատվածային ու ըստ կանոնակարգի վերջնական լուծումներ, ինչպես արեց Կիրանցում՝ մենք չորս գյուղ կորցրեցինք, որից հետո վերջնական գործընթացին նույնիսկ չգնա, ու էդ հատվածային սահմանազատումները լինեն վերջնական, անբեկանելի: Առանց ռատիֆիկացիայի, առանց ներպետական փուլերի անցնելու, այսինքն՝ միանձնյա զիջումների մասին ենք մենք խոսում», - հայտարարեց Մամիջանյանը:

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության մաս կազմող Դաշնակցությունն էլ, իր հերթին, նկատում է, որ կանոնակարգում բացակայում է վեճերի լուծման կարգը, բացի այդ՝ դրանում որևէ թվականի կոնկրետ քարտեզի հղում չի արվել։

Ընդդիմադիր խմբակցությունները նշում են, որ կողմ են սահմանազատմանը, սակայն ո՛չ այս կանոնակարգով, հետևաբար պատրաստվում են դեմ քվեարկել նախագծին։

Իսկ Սահմանադրական դատարանում որոշումն ընդունվում է ձայների մեծամասնությամբ, այդ որոշմանը անհամաձայնություն հայտնած դատավորներն իրենց դիտարկումները ներկայացնում են հատուկ կարծիքի տեսքով։

Այս կանոնակարգը պետք է ներպետական վավերացում անցնի նաև Ադրբեջանում, բայց Բաքուն դրա տեքստը դեռ չի հրապարակել։ Ավելին՝ հայտնի չէ, թե նորընտիր Միլի մեջլիսը երբ կքննարկի այն։

Հայտնի չէ նաև, թե որ հատվածում կշարունակվի մոտ 1000-կիլոմետրանոց ընդհանուր սահմանի սահմանազատումը։ Վարչապետ Փաշինյանն ասել էր՝ դա կորոշեն սահմանազատման հանձնաժողովները կանոնակարգի հաստատումից հետո։

XS
SM
MD
LG