Ռուսական զորքը օդային լայնածավալ հարձակում է գործել Ուկրաինայի վրա, թիրախում էներգետիկ օբյեկտներն են: Պայթյուններ են եղել Կիևում, Օդեսայում, Լվովում, Խարկովում և այլ շրջաններում։ Ռուսական զորքը նաև շարունակում է առաջխաղացումը ճակատում: Ըստ ուկրաինական կողմի՝ ինտենսիվ մարտեր են ընթանում:
Ռուսական զորքի առաջխաղացման պատճառով ռազմաճակատից ընդամենը 2 կմ հեռավորության վրա գտնվող ուկրաինական Պոկրովսկ քաղաքի բնակիչները տարհանվել են և տեղավորվել նկուղային ժամանակավոր կացարաններում: Պոկրովսկի բնակիչ Լիդիա Էհորեշևան պատմում է, որ ռուսական կողմը օր ու գիշեր հրետակոծում է. - «Ամեն տասը րոպեն մեկ պայթյուն է, անվերջ պայթյուններ են: Շատ սարսափելի է: Ասացին՝ կտեղափոխեն, բայց չգիտեմ՝ որտեղ, կապ չունի՝ որտեղ, կարևորը հրետակոծություն չլինի»։
Քաղաքում մնալն այլևս անհնար էր, պատմել է Պոկրովսկի մեկ այլ բնակիչ Լյուդմիլա Լեոնտիիվնան. - «Երբ հեռանում էինք, դեռ գազ կար, բայց մեր կողմում էլեկտրաէներգիա չկար: Մեզ ասացին, որ երկուշաբթիից կամ կիրակիից գազը կանջատեն, ու վերջ, քաղաքը կմեռնի»:
Ռուսական կողմը կիրառել է թևավոր, բալիստիկ 93 հրթիռ. Զելենսկի
Ուկրաինայի նախագահն ասել է, որ ռուսական կողմը կիրառել է թևավոր, բալիստիկ 93 հրթիռ, այդ թվում՝ առնվազն մեկ հյուսիսկորեական։ Ուկրաինական կողմը խոցել է դրանցից 81-ը։ Ըստ Վլադիմիր Զելենսկու՝ ռուսական կողմը կիրառել է նաև 200 անօդաչու:
«Սա մեր էներգետիկ ենթակառուցվածքները թիրախավորած ամենամասշտաբային հարձակումներից մեկն էր: Սա է Պուտինի «խաղաղության ծրագիրը»՝ ոչնչացնել ամեն ինչ: Այսպես է նա ուզում «բանակցություններ»՝ ահաբեկելով միլիոնավոր մարդկանց: Նավթը բավական գումար է տալիս Պուտինին, որպեսզի հավատա իր անպատժելիությանը։ Աշխարհը պետք է ուժեղ արձագանք տա, լայնածավալ հարձակմանը պետք է պատասխանել լայնածավալ արձագանքով։ Ահաբեկչությունը միայն այսպես կարելի է կասեցնել», - ասել է նա։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ Ուկրաինան չորեքշաբթի Ռոստովի մարզում գտնվող Տագանրոգի ռազմաօդային բազային հարվածել էր ամերիկյան արտադրության վեց ATACMS հրթիռներով: Նախարարությունը նշել էր, որ դրան անպայման կպատասխանեն:
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն Associated Press-ին ասել է. - «Ուզում եմ հիշեցնել Ռուսաստանի պաշտպանության նախարարության միանշանակ և ուղիղ հայտարարությունը, որն արվել է չորեքշաբթի, որում հստակ ասվում էր, որ պատասխան կլինի։ Պատասխանը, բնականաբար, կլինի այն ժամանակ և այնպես, ինչպես նպատակահարմար կհամարվի։ Պատասխան անպայման կլինի»:
Ռուսական կողմի պնդմամբ՝ վերջին մեկ ամսում ավելի քան 300 քառակուսի կիլոմետր տարածք են գրավել Ուկրաինայում
Ռուսական կողմը տեղեկացրել է, որ վերջին մեկ ամսում Ուկրաինայում ավելի քան 300 քառակուսի կիլոմետր տարածք է գրավել:
ԱՄՆ-ն հայտարարում է ռազմական օգնության նոր փաթեթի տրամադրման մասին
Մինչ ռուսական զորքը շարունակում է առաջխաղացումը, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Վաշինգտոնը Կիևին 500 միլիոն դոլար արժողությամբ անհետաձգելի ռազմական օգնության նոր փաթեթ կտրամադրի՝ ռուսական շարունակվող հարձակումներից պաշտպանվելու համար: Փաթեթը կներառի HIMARS հրետանային համակարգեր, Javelin հակատանկային համակարգեր, անօդաչուներ և այլ զինատեսակներ:
Սակայն, ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ճիշտ չի համարում Ուկրաինային ամերիկյան արտադրության հեռահար հրթիռներ տրամադրելու՝ հեռացող վարչակազմի որոշումը, որոնց շնորհիվ Ուկրաինան կարողանում է հարվածել Ռուսաստանի խորքերին: Ժամեր առաջ Դոնալդ Թրամփը քննադատել է այս որոշումը՝ պնդելով, որ դրանով Վաշինգտոնը սրում է իրավիճակը:
«Ես կտրականապես համաձայն չեմ Ռուսաստանի տարածք հարյուրավոր մղոն խորությամբ հրթիռներ արձակելու հետ: Ինչո՞ւ ենք մենք դա անում», - ասել է նա:
Կրեմլի խոսնակն արձագանքել է՝ ասելով, որ Թրամփի հայտարարությունը լիովին համընկնում է Մոսկվայի դիրքորոշման հետ, բայց պետք չէ ժամանակից առաջ ընկնել և փորձել կանխատեսել Թրամփի գործողությունները։
«Ժամանակը ցույց կտա: Չմոռանանք, որ Թրամփի առաջին պաշտոնավարման ընթացքում ավելի քան 50 անգամ պատժամիջոցներ սահմանվեցին մեր երկրի դեմ։ Բազմաթիվ ոչ բարեկամական գործողություններ եղան մեր երկրի դեմ։ Այնպես որ, պետք չէ առաջ ընկնել, սպասենք կոնկրետ քայլերին, որոնք կձեռնարկվեն երդմնակալությունից հետո», - նշել է Դմիտրի Պեսկովը:
Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ պետք չէ առաջ ընկնել և փորձել կանխատեսել Թրամփի գործողությունները։