Աշխարհում այս պահին շատ են ճգնաժամերը, սակայն ռուս-ուկրաինականը պետք է կարգավորվի առաջին հերթին, Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբացմանը մասնակցելու նպատակով օրերս Ֆրանսիա կատարած այցի ժամանակ ֆրանսիական Paris Match շաբաթաթերթին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նորընտիր նախագահը:
Դոնալդ Թրամփը նշել է, որ այս օրերին Մերձավոր Արևելքում նոր ճգնաժամ է առաջացել՝ Սիրիան, սակայն դրա կարգավորմանը ԱՄՆ-ն ներգրավված չէ:
«Նրանք ստիպված կլինեն ինքնուրույն գլուխ հանել, քանի որ մենք այդտեղ ներգրավված չենք, ոչ էլ Ֆրանսիան: Առաջնահերթությունը Ռուսաստանի հետ Ուկրաինայի ունեցած խնդիրը կարգավորելն է: Այս երկու երկրներն անհավատալի մարդկային կորուստներ են կրում: Հարյուր հազարավոր զինվորներ են սպանվում: Մերձավոր Արևելքը նույնպես կարևոր է, բայց կարծում եմ՝ այնտեղ տիրող իրավիճակը կառավարելն ավելի քիչ դժվարություն է ներկայացնում, քան Ուկրաինայի և Ռուսաստանի դեպքում», - ասել է նա։
Թրամփը նաև նշել է, որ Փարիզում Ուկրաինայի նախագահի հետ հանդիպմանը լավ քննարկում են ունեցել, իսկ ավելի ուշ հայտարարել էր, որ Վլադիմիր Զելենսկին պատրաստ է գործարք կնքել և դադարեցնել պատերազմը: Ըստ նրա՝ եթե պատերազմը շարունակվի, ապա այն կարող է շատ ավելի վատ հետևանքների հանգեցնել:
Լրագրողը հետաքրքրվել է, թե արդյոք պաշտնոն ստանձնելուց մեկուկես ամիս առաջ Փարիզում նրա ներկայությունը դրական ազդակ է ապագայում Ֆրանսիայի հետ դիվանագիտական հարաբերությունների համար, Թրամփը հույս է հայտնել, որ դա այդպես է. - «Ես միշտ լավ հարաբերություններ եմ ունեցել ձեր նախագահի հետ և միշտ գնահատել եմ Ֆրանսիան։ Գեղեցիկ երկիր է, նրբագեղ, արվեստի երկիր է։ Ինձ դուր է գալիս այստեղ լինելը: