Հունգարիայի վարչապետն ու Ռուսաստանի նախագահը երեկ հեռախոսազրույց են ունեցել, որը տևել է մոտ մեկ ժամ: Վիկտոր Օրբանի ու Վլադիմիր Պուտինի զրույցի գլխավոր թեման եղել է ռուս-ուկրաինական պատերազմը:
Զրույցը տեղի է ունեցել Վիկտոր Օրբանի նախաձեռնությամբ, որն ավելի ուշ X-ում գրել է. - «Սրանք ամենավտանգավոր շաբաթներն են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմում, մենք ձեռնարկում ենք դիվանագիտական բոլոր հնարավոր քայլերը հանուն հրադադարի և խաղաղության բանակցությունների»:
Ըստ Կրեմլի՝ տեղի է ունեցել մտքերի հանգամանալից փոխանակում ուկրաինական խնդրի շուրջ։ Վիկտոր Օրբանը շահագրգռվածություն է հայտնել՝ նպաստելու ճգնաժամի քաղաքական և դիվանագիտական ճանապարհով լուծման համար համատեղ ջանքերով ուղիներ փնտրելուն, այդ թվում՝ արևմտյան երկրների մի շարք առաջնորդների հետ նրա շփումները հաշվի առնելով։
Կրեմլի հաղորդագրությունում նաև ասվում է. - «Իր հերթին Վլադիմիր Պուտինը հիմնարար գնահատականներ է տվել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի և Կիևի վարչակարգի որդեգրած կործանարար ուղեգծի վերաբերյալ, որը շարունակում է բացառել հակամարտության խաղաղ կարգավորման հնարավորությունը»։
Կիևի արձագանքն Օրբան-Պուտին հեռախոսազրույցին չի ուշացել: Ուկրաինայի նախագահը խիստ քննադատել է Օրբանին՝ Պուտինի հետ Ուկրաինայի հարցը քննարկելու համար:
Զելենսկին Telegram-ի իր էջում գրել է. - «Միանգամայն պարզ է, որ իրական խաղաղության և երաշխավորված անվտանգության հասնելու համար անհրաժեշտ է ամերիկյան վճռականություն, եվրոպական միասնություն և բոլոր գործընկերների հանձնառությունը՝ պաշտպանելու ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներն ու սկզբունքները: Մենք բոլորս հուսով ենք, որ Օրբանը գոնե չի զանգի Մոսկվայում գտնվող Բաշար Ասադին՝ լսելու նրա մեկ ժամանոց դասախոսությունները»:
Վլադիմիր Զեկենսկին նշել է, որ կարիք չկա միասնության անվան տակ սեփական իմիջը բարելավել, փոխարենն անհրաժեշտ է հոգ տանել ընդհանուր հաջողության մասին։
«Ուկրաինայի դեմ Ռուսաստանի մղած պատերազմի մասին խոսակցությունները չեն կարող լինել առանց Ուկրաինայի: Երախտապարտ եմ նախագահ Թրամփին և Եվրոպայի բազմաթիվ առաջնորդներին, որոնց հետ արդեն միասին աշխատում ենք՝ իրական խաղաղության համար ճիշտ և կայուն լուծումներ գտնելու», - ասել է նա:
Օրբանն X-ում պատասխանել է Զելենսկու քննադատությանը՝ պնդելով, թե Հունգարիան առաջարկել է Սուրբ Ծնունդին ընդառաջ զինադադար հաստատել և գերիների լայնածավալ փոխանակում իրականացնել, սակայն, Զելենսկին, ըստ նրա՝ բացառել է դա։
Հունգարիան Եվրոպական միության այն քիչ երկրներից է, որը հարաբերություններ է պահպանում Մոսկվայի հետ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո և հրաժարվել է ռազմական օգնություն տրամադրել Կիևին։ Վիկտոր Օրբանը բազմիցս հանդես է եկել Ռուսաստանի դեմ Եվրոպական միության պատժամիջոցների դեմ:
Հունգարիայի վարչապետը Եվրոպական միության առաջին ղեկավարն էր, որը ԵՄ նախագահության ղեկը ստանձնելուց հետո հուլիսին այցելեց Մոսկվա և հանդիպեց Պուտինին՝ չնայած Ռուսաստանի առաջնորդին մեկուսացնելու Արևմուտքի քաղաքականությանը: