Անօդաչուի հարվածից տուժել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) փորձագետներին տեղափոխող ծառայողական ավտոմեքենաներից մեկը, ինչի համար Ռուսաստանը մեղադրել է ուկրաինական կողմին:
Գործակալության գլխավոր տնօրենն ասել է, որ միջադեպը տեղի է ունեցել Զապորոժիեի ատոմակայանի ճանապարհին, հարվածից ավտոմեքենաներից մեկը լրջորեն վնասվել է, տուժածներ չկան: Մարիանո Գրոսսին անընդունելի է համարել հարձակումը գործակալության աշխատակիցների վրա:
«Որպես գլխավոր տնօրեն՝ խստորեն դատապարտում եմ այս հարձակումը ԱԷՄԳ-ի աշխատողների վրա: Ինչպես նախկինում, հիմա ևս կրկին կոչ ենք անում առավելագույն զսպվածություն ցուցաբերել: Ես նախկինում ասել եմ, որ ատոմակայանի վրա հարձակվելն արգելված է: Առավել ևս անընդունելի է հարձակումը նրանց վրա, ովքեր հոգ են տանում միջուկային անվտանգության և այս կայանների անվտանգության մասին», - ասել է նա:
Սրանից հետո ռուսական զինուժը գիշերը ԱԹՍ-ով հարվածել է ուկրաինական Զապորոժիե քաղաքի մասնավոր մի կլինիկայի, սպանվել է 7 մարդ, վիրավորվել՝ առնվազն 22-ը։ Զապորոժիեի նահանգապետ Իվան Ֆեդորովը Տելեգրամում տեղեկացրել է, որ գիշերը 2 կին դուրս է բերվել փլատակների տակից և հոսպիտալացվել, 4 մարդ դեռ գտնվում է ավերված շենքի փլատակների տակ, փրկարարական աշխատանքները շարունակվում են։
Ուկրաինան իր հերթին օդային հարվածներ է հասցրել Ազովի ծովի հարավում գտնվող ռուսական նավահանգստին, նաև ԱԹՍ-ով հարվածել ռուսական Բրյանսկի շրջանում գտնվող նավթի պահեստին: Ըստ ուկրաինական կողմի՝ հարվածի հետևանքով պահեստում խոշոր հրդեհ է բռնկվել:
Բրյանսկի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազը Տելեգրամում տեղեկացրել է, որ հարձակման հետևանքով արտադրական ձեռնարկությունում կարճ հրդեհ է բռնկվել, սակայն չի մանրամասնել, թե ինչ օբյեկտ է վնասվել:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ իր հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները գիշերը ուկրաինական 14 ԱԹՍ են ոչնչացրել սահմանամերձ Բրյանսկում:
Հենց Բրյանսկի մարզով են անցնում Խորհրդային Միության տարիներին կառուցված «Դրուժբա» նավթամուղը և Բալթյան խողովակաշարային համակարգը, որոնք Արևմտյան Սիբիրի և Կասպից ծովի հանքերից նավթ են մղում դեպի եվրոպական շուկաներ: Այս պահին տեղեկություն չկա, թե արդյոք այս ենթակառուցվածքները վնասվել են:
Թե կոնկրետ ինչ զինատեսակներ է կիրառել ուկրաինական կողմը, պարզ չէ, սակայն Մոսկվան բազմիցս զգուշացրել է, որ Ուկրաինայի կողմից ամերիկյան արտադրության հեռահար հրթիռների կիրառումը Ռուսաստանի ինքնիշխան տարածքին հարվածելու համար կարող է ավելի լայնավածավալ պատերազմի պատճառ դառնալ:
Նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկ Կիևի դաշնակիցներին կոչ էր արել Ուկրաինային տրամադրել ևս 10-12 Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր, որոնք, ըստ նրա, անհրաժեշտ են Ուկրաինայի օդային տարածքը լիովին պաշտպանելու համար։