Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երկուշաբթի օրը հայտարարել է, որ Կիևը պատրաստ է «մտածել և աշխատել» Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի առաջարկի շուրջ Ուկրաինայի անվտանգության հնարավոր երաշխիքների վերաբերյալ՝ Ռուսաստանի հետ հակամարտությունը «սառեցնելու» դեպքում։
Զելենսկիի խոսքերից հետևում է, որ Մակրոնն առաջարկել է մինչև ՆԱՏՕ-ին Ուկրաինայի միանալը երկրում օտարերկրյա ռազմական կոնտինգենտ տեղակայել՝ որպես անվտանգության երաշխավոր։ Ուկրաինայի առաջնորդը չի հստակեցրել, թե որ երկրի մասին է խոսքը, սակայն Մակրոնն ավելի վաղ չէր բացառել ֆրանսիացի զինվորականների Ուկրաինա ուղարկելու հնարավորությունը։
Վերջերս մի շարք առաջատար լրատվամիջոցներ գրել են, որ Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան վերստին քննարկում են այդ գաղափարը՝ ոչ թե ռազմական գործողություններին մասնակցելու համար, այլ Ուկրաինային լրացուցիչ երաշխիքներ տրամադրելու։ Ինքը՝ Ելիսեյան պալատի ղեկավարը, պաշտոնապես նման առաջարկով հանդես չի եկել։
Զելենսկին Մակրոնի, ինչպես նաև ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպել է դեկտեմբերի 7-ին Փարիզում։ Ուկրաինայի նախագահի համոզմամբ՝ խաղաղության հասնելու համար Կիևը պետք է «ստիպի» Պուտինին դադարեցնել պատերազմը։ Միաժամանակ Զելենսկին բացառել է ռազմական գործողությունների «դադարի» հնարավորությունը՝ մի քանի անգամ շեշտելով, որ նման «դադար» հնարավոր է միայն, եթե Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրվեն։