Մատչելիության հղումներ

Ձերբակալված քաղաքացին ահազանգում է բռնության մասին. ՆԳՆ-ն հերքում է


Լուսանկարը՝ Ռոման Երիցյանի
Լուսանկարը՝ Ռոման Երիցյանի

Պարեկների կողմից ծեծի ենթարկվելու մասին ահազանգող քաղաքացին ձերբակալվել է

Պարեկների կողմից ծեծի ենթարկվելու մասին ահազանգող քաղաքացին ինքն է ձերբակալվել ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու կասկածանքով։ Ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) հերքում է բռնության փաստը՝ պնդելով, որ երիտասարդն է հարվածել պարեկներին։

Արցախից տեղահանված փաստաբան Ռոման Երիցյանն էր երեկ ահազանգել, որ ավտոմեքենան սխալ տեղ կայանելու պատճառով պարեկների հետ եղբոր՝ Արամ Երիցյանի զրույցն ավարտվել է դաժան ծեծով։ Ռոման Երիցյանը նաև մի լուսանկար էր հրապարակել, որտեղ երևում է եղբոր վնասված թևը. - «Մոտեցել են և խոսակցության ընթացքում արցունքաբեր գազը փչել երեսին, ահավոր ծեծի ենթարկել, ձեռնաշղթաները հագցրել և տեղափոխել ոստիկանության Արաբկիրի բաժանմունք։ Հիմա իր ձեռքը կոտրած, թաթի մատները կոտրատած, և աչքերը ընդհանրապես չեն տեսնում, գլուխը ուռած վիճակում՝ ինքը գտնվում է ոստիկանության Արաբկիրի բաժանմունքում»։

Լուսանկարը՝ Ռոման Երիցյանի
Լուսանկարը՝ Ռոման Երիցյանի

Արամ Երիցյանին դեռ մեղադրանք չի առաջադրվել։ Փաստաբան Ռուբեն Մելիքյանը պատմում է, որ երիտասարդ տղամարդը համաձայնել է պարեկների հետ բաժին գնալ, բայց երբ փորձել են ձեռնաշղթա հագցնել, պարզապես ընդդիմացել է, ինչին հետևել է բռնությունը։ Ինչո՞ւ են ձեռնաշղթա անցկացրել, երբ մարդն իր ոտքով գնում էր ոստիկանական բաժին, հարցնում է փաստաբանը։

«Կարևորն այն է, որ ներկայացվել է պահանջ բաժին ներկայանալու, և դա ընդունում են նաև պարեկները, որ մարդը համաձայնել է։ Դրանից հետո որոշել են ձեռնաշղթա հագցնել, մարդն էլ բնականորեն և իրավաչափորեն առարկել է, ասել է՝ բայց, ես գալիս եմ ձեզ հետ, ձեռնաշղթա ինչի՞ եք կապում։ Եվ այդտեղ է սկսվել արդեն նրա նկատմամբ ուժի կիրառումը», - պնդում է Ռուբեն Մելիքյանը։

Մինչդեռ Ներքին գործերի նախարարությունը ոչ միայն հերքում է բռնությունը, այլև պնդում՝ ձերբակալման ընթացքում տղամարդը հարվածել և դիմադրություն է ցույց տվել պարեկներին։ Միաժամանակ նշում են, որ ծառայողական քննություն են նշանակել և դրա շրջանակներում ուսումնասիրում են ինչպես պարեկներին ամրակցված, այնպես էլ հարակից տարածքներում տեղադրված տեսախցիկների տեսագրությունները։

«Պարզվել է, որ հիմնավոր կասկածանքով ձերբակալման և ոստիկանության Արաբկիրի բաժին տեղափոխելու ընթացքում նշված անձը ծեծի չի ենթարկվել, նա չունի որևէ կոտրվածք»,- հայտարարում է ՆԳՆ-ն։

«Եթե չեն ծեծել, որտեղի՞ց Արամ Երիցյանի վնասվածքները»,- հարցնում են փաստաբանները։

Սա շարունակությունն է նախորդած ոստիկանական բռնություններին, որոնց հեղինակները չեն պատժվում. Ռուբեն Մելիքյան

Ռուբեն Մելիքյանը պնդում է՝ այս դեպքը շարունակությունն է սրան նախորդած ոստիկանական բռնություններին, որոնց հեղինակ ոստիկանները չեն պատժվում։

«Եթե մենք չենք տեսել գոնե մեկ դեպք. Սամվել Վարդանյանի գործով, հունիսի 12-ի գործով, մայիսի 31-ի գործով, բազմաթիվ այլ ոչ քաղաքական գործերով գոնե մեկ ոստիկան որ պատասխանատվության կանչվեր, գոնե մեղադրյալ կարգավիճակով, բացակայելու արգելքով… Աշոտ Սիմոնյանի գործը դե վրադիր, ամենացցուն օրինակը։ Եթե մի այդպիսի ոստիկան չենք տեսել, ինչո՞ւ մենք պետք է հավատանք, որ այս գործով ոստիկանի նկատմամբ պետք է արդյունավետ քրեական հետապնդում լինի», - շեշտեց փաստաբանը։

Երիցյանի փաստաբանները ՆԳՆ-ից պահանջում էին հրապարակել միջադեպի տեսագրությունը, ինչը օրվա վերջում արեց Քննչական կոմիտեն։ 23 վայրկյանանոց տեսանյութում իսկապես երևում է, որ երիտասարդը դիմադրում է պարեկներին, երբ փորձում են ձեռնաշղթա հագցնել։ Երկու պարեկները գետնին են գցում Երիցյանին, որից հետո տեսանյութն ընդհատվում է։ Պարզ չէ, թե դրանից հետո ինչ է եղել։

ՄԻՊ խումբն արձանագրել է Երիցյանի վնասվածքները

Երիցյանի վնասվածքներն արձանագրել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խումբը։ Պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչ Արամ Մինասյանը փոխանցեց՝ գիշերն են մեկնել ոստիկանական բաժին, առանձնազրույց ունեցել Երիցյանի հետ։

«Առանձնազրույցի ընթացքում վերջինս ներկայացրել է դեպքի հանգամանքները, մանրամասները։ Պաշտպանի ներկայացուցիչներին ներկայացրել է նաև իր մարմնի տարբեր հատվածներում առկա վնասվածքները, սակայն կոտրվածքներ ստանալու վերաբերյալ որևէ տեղեկություն Արամ Երիցյանի կողմից Պաշտպանի ներկայացուցիչներին չի ներկայացվել։ Ինչ վերաբերում է նրա պատճառված վնասվածքների աստիճանը որոշելուն, կոտրվածքի առկայությանը, ապա կարծում եմ, որ դրանք պետք է առնվազն բժշկական փորձաքննությամբ կամ հետազոտությամբ արձանագրվեն», - ասաց ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչը։

Անահիտ Մանասյանի թիմն արձանագրել է նաև, որ Երիցյանին օգնություն տրամադրելու նպատակով ոստիկանություն շտապօգնություն է հրավիրվել։ Պաշտպանը կարծում է, որ բռնության այս դեպքը պետք է քննեն իրավապահները։

Պարեկների մասով քրեական գործ դեռ հարուցված չէ։ Վերջին շրջանում մի քանի իրավապաշտպան կազմակերպություն իր զեկույցներում քննադատել է Հայաստանի ոստիկանությանը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG