Մատչելիության հղումներ

14 ցուցարար՝ մեղադրյալ, սակայն ոչ մի մեղադրյալ ոստիկան. ՔԿ-ն մեկ ամսում ավարտեց ցուցարարների գործի քննությունը 


Հունիսի 12, Ազգային ժողովի հարակից տարածք, Երևան
Հունիսի 12, Ազգային ժողովի հարակից տարածք, Երևան

Քննչականը մեկ ամսում ավարտել է ընդդիմադիրների քրեական գործի քննությունը

Քննչականը մեկ ամսում ավարտել է ընդդիմադիրների քրեական գործի քննությունը՝ 14 ցուցարարի մեղադրելով խուլիգանության ու զանգվածային անկարգության համար։ Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանի փոխանցմամբ՝ գործի նյութերն ուղարկել են կողմերին՝ ծանոթանալու։

«Որոշակի փուլից հետո համապատասխան ընթացք կապահովվի, նաև այդ թվում որոշում կկայացվի մեղադրական եզրակացությամբ դատախազին ուղարկելու վերաբերյալ», - «Ազատության»-ն ասաց նա։

Հունիսի 12-ին մայրաքաղաքի Բաղրամյան պողոտայում անցկացված հանրահավաքին մասնակցած ցուցարարներից ոչ մեկը մեղքը չի ընդունում։

Արդյունավետ քննություն գոյություն չունի. փաստաբան

«Կարելի է պնդել, որ արդյունավետ քննություն գոյություն չունի», - ասում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

Մեղադրյալներից Տիգրան Սարիբեկյանի պաշտպանն ընդգծում է՝ ՔԿ-նն մեկ ամսում քննեց, ավարտեց ցուցարարների գործը, բայց նույն տեմպը չկա ոստիկանների գործողությունները քննող քրեական գործում։ Քննչականից հայտնում են՝ ոստիկանական գործողությունների նախաքննությունը շարունակվում է։

Վարչապետի հրաժարականը պահանջող ընդդիմադիրների հավաքը ոստիկանությունը ցրել էր հատուկ միջոցների և ուժի կիրառմամբ, ինչի հետևանքով ավելի քան 100 մարդ էր տուժել, նրանցից 57-ը, ըստ Առողջապահության նախարարության, ստացել էին բեկորային վնասվածք։ Ոստիկանական գործողությունները քննելու համար հունիսի 14-ին քրեական գործ էր հարուցվել, մեկ ամիս անց, սակայն, որևէ մեղադրյալ ոստիկան չկա։

Հունիսի 12-ի հանրահավաքից ժամեր անց իշխանությունները ոչ միայն արդարացրին ոստիկանական գործողությունները, այլև հենց վարչապետ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց նրանց ծառայության համար։

«Քննչական մի քննչական խումբ, որը եթե չեմ սխալվում, 80-ից ավելի քննիչից կազմված խումբ քննում է ցուցարարների գործողությունները, 7 քննիչից կազմված քննչական խումբը քննում է հակառակ կողմը, բայց այնտեղ որևէ մեղադրանքի մասին խոսք չկա», - ասաց փաստաբանը։

Ռուբեն Մելիքյանի պաշտպանյալը մեղադրվում է խուլիգանության համար։ 73-ամյա Տիգրան Սարիբեկյանը տնային կալանքի տակ է, լուսաձայնային նռնակի պայթյունից վնասվել էր ականջը, Քննչականի հրապարակած կադրերում երևում է, որ ականջը վնասվելուց հետո կռանում, ինչ-որ առարկա է վերցնում ու շպրտում։

«Ընդ որում, գտնվում է բավական հեռու այն հատվածից, որտեղ քաշքշուկն է առաջացել, որը, ըստ իշխանությունների, առիթ է հանդիսացել նռնակներ կիրառելու համար, այսինքն՝ նա զոհ է», - նկատեց Ռուբեն Մելիքյանը։

Քննիչները եզրահանգել են, որ այս արարքը հենց խուլիգանություն է, այն էլ՝ միջին ծանրության, որը մեղադրյալը կատարել է մի խումբ անձանց կողմից։ Այս արարքը, սակայն, հանցագործություն չէ, պնդում է փաստաբանը. - «Մի խումբ անձանց կողմից ծանրացնող հանգամանքներ, այս մարդիկ իրար չեն էլ ճանաչում, այսինքն՝ որևէ մեկի գործողությունը պայմանավորված չէ մյուսի գործողությամբ։ Մի խումբ անձանց կողմից հատկանիշը պարզապես իսպառ է բացակայում։

<> Որպեզի ծանր հանցակազմ լինի, որպեսզի կալանքի հնարավորություն լինի, նաև տնային կալանքի հնարավորություն լինի, որպեսզի ավելի մեծ զրկանքներ կրեն»։

ՔԿ-ի արձագանքը

Քննչական կոմիտեից, սակայն, հակադարձում են, ցուցարարներն այդ օրը, մարդկանց անդորրը խախտելով, ոստիկանության ծառայողների հասցեին հայհոյանքներ ու անպարկեշտ արտահայտություններ հնչեցնելով, նրանց ուղղությամբ քարեր, փայտեր, շշեր ու ծխագլանակներ էին նետել, կոտրել կից գտնվող այգու մետաղական ճաղավանդակները:

Իրական որևէ ապացույց չկա, որ ցուցարար Ավետիք Ջիլավյանը խուլիգանություն է արել. փաստաբան

«Ավետիք Ջիլավյանը վանաձորցի մի տղա է, որ ռումբերի պատճառով հետ-հետ գնալով՝ չի նկատում, որ իր հետևում աթոռ կա, այդ աթոռի վրա ընկնելով՝ ընկնում է հատակին, էմոցիոնալ կանգնելուց հետո այդ աթոռը վերցնում ու շպրտում է ինչ-որ մի ուղղությամբ, այդ աթոռն էլ գնում, դիպչում է մի քաղաքացու մեջքին, որից հետո Ջիլավյան Ավետիքը ներողություն է խնդրում, մասնակիցն էլ ասում է՝ ոչ մի խնդիր չկա», - «Ազատության» հետ զրույցում ասաց ցուցարար Ավետիք Ջիլավյանի փաստաբան Արսեն Բաբայանը։

Նա ծանոթացել է ՔԿ-ի ուղարկած նյութերին։ Արսեն Բաբայանը պնդում է՝ իրական որևէ ապացույց չկա այն մասին, որ ցուցարարը խուլիգանություն է արել՝ չկա կադրը, որտեղ ցուցարարը աթոռ է շպրտում ոստիկանի ուղղությամբ, հայհոյում է իրավապահներին։ Փաստաբանը նաև տարակուսում է՝ քննիչները գրել են, որ հենց ցուցարարներն են փորձել խափանել հավաքը, բայց սա այն դեպքում, երբ ոստիկաններին էին նման փորձեր արել։

«Խուլիգանության հանցակազմը տարբեր գործողություններ է նկարագրել, թե ինչ պիտի լինի, հայհոյանք պիտի լինի, անպարկեշտ արտահայտություններ պետք է լինեն, կամ այնպիսի գործողություններ, որոնք որևէ միջոցառումը կխափանեն», - նշեց նա։

Արսեն Բաբայանի պաշտպանյալի արարքից տուժող ճանաչված անձինք գործում չկան, բայց ընդհանուր գործում կան տուժող և վկա ոստիկաններ, որոնց ցուցմունքները որակվել են ապացույցներ։ Ըստ փաստաբանի՝ ոստիկաններն իրենց ցուցմունքներում չեն մատնանշել որևէ քաղաքացու, որը հարվածել է իրավապահներին կամ էլ նրա նետած ծխագլանակից ծխահարվել է։ Ընդդիմադիրների փաստաբաններն ընդգծում են՝ ճիշտ է, իրենց պաշտպանյալները լավ բան չեն արել, բայց, միևնույն է, դրանք հանցագործություն չեն, նրանք պարզապես արձագանքել են ոստիկանական ուժային գործողություններին։

Քննչականը չի բացառում, որ մեղադրյալները կշատանան։ Այդ օրը նույնականացրել էին դեպքի վայրում գտնված շուրջ 40 անձի, որոնց վարքագիծը կասկածելի է թվացել իրավապահներին։

XS
SM
MD
LG