Մատչելիության հղումներ

ՆԳՆ-ը այսուհետ գաղտնի է համարում հատուկ միջոցների մասին տեղեկատվությունը


Հունիսի 12-ին ընդդիմության հանրահավաքը Բաղրամյան պողոտայում
Հունիսի 12-ին ընդդիմության հանրահավաքը Բաղրամյան պողոտայում

Ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) վարչապետի որոշման պահանջով գաղտնագրել է ոստիկանության կիրառած հատուկ միջոցների մասին տեղեկությունները։ Սա, ըստ իրավապաշտպան Դանիել Իոաննիսյանի, նշանակում է, որ հանրությանը չեն բացահայտի, թե օրինակ, ինչ հատուկ միջոցներով են ցրում հանրահավաքները։

«Այս տեղեկությունը Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Գասպարյանի ժամանակ գաղտնի չէր», - ասաց Իոաննիսյանը:

Նիկոլ Փաշինյանի՝ անցած տարվա որոշման համաձայն՝ պետական գերատեսչությունների որոշ տվյալներ պետք է գաղտնագրվեին։ Ըստ դրա, ներքին գործերի նախարարն այս մայիսին նոր հրաման է ընդունել, որի մեջ, սակայն, հատուկ միջոցները չէին ներառվել։ Դրանք ներառվել են նախարարի նոր հրամանում, որն ուժի մեջ է մտել հունիսի 12-ի բախումից հետո՝ հուլիսին, երբ իրավապաշտպաններն ու լրատվամիջոցները սկսեցին ահազանգել, որ ընդդիմադիրների հավաքը ոստիկանությունը ցրել է այդ ժամանակ արգելված «Զարյա 3» հատուկ միջոցով։

«Իրազեկ քաղաքացիների միավորման» ղեկավար Դանիել Իոաննիսյանը պնդում է՝ նախարարն այս նոր հրամանն ընդունել է, որպեսզի թաքցնի մարդու համար վտանգավոր համարվող «Զարյա 3»-ի կիրառման փաստը։

«30-օրյա ժամկետի ընթացքում գաղտնագրեցին այդ տեղեկությունը, 30 օր հետ ասացին՝ կներեք, սա գաղտնագրված տեղեկությունների գերատեսչական ցանկի էսինչ կետում հենց նոր ներառված հարց է, չենք կարող տեղեկությունը տրամադրել», - նշեց Իոաննիսյանը:

«Իրազեկ քաղաքացիների միավորում»-ը հունիսի 12-ի տեսագրությունների ուսումնասիրությունից էր եզրակացրել, որ հավաքը ցրվել է այդ ժամանակ արգելված հատուկ միջոցով։

Ներքին գործերի նախարարությունից հակադարձում են՝ կատարել են օրենքի ու վարչապետի որոշման պահանջը և շարունակում են գաղտնի պահել, թե, ի վերջո, ի՞նչ տեսակի հատուկ միջոց կիրառեցին հունիսի 12-ին՝ միաժամանակ չհերքով, որ հենց «Զարյա 3» են կիրառել։ Այսօր էլ նախարարությունից պատասխանեցին՝ քանի որ կա հարուցված քրեական գործ, որևէ տեղեկություն տալ չեն կարող, իսկ եթե առհասարակ նոր հարցում անենք ու փորձենք պարզել՝ ինչ հատուկ միջոցներ կան իրենց զինանոցում, կմերժեն հրապարակել այդ տեղեկատվությունը։

Հունիսի 12-ին ոստիկանական գործողությունները քննող Քննչական կոմիտեից էլ միայն հայտնում են, թե նախաքննություն է ընթանում, բայց դեռևս որևէ ոստիկան մեղադրյալ չկա, ինչո՞ւ մեկ ամսից ավելի քննվող գործով չկա մեղադրյալ, չեն պարզաբանում։

«Այդ «Զարյա 3» լուսաձայնային նռնակները կիրառվել են հունիսի 12-ին: Սա մենք այլևս գիտենք հաստատ», - ընդգծեց Դանիել Իոաննիսյանը:

Նախարարը պնդում է՝ «Զարյա 3»-ը թույլատրելի են դարձրել մասնագիտական կառույցների եզրակացություններից հետո

Իրավապաշտպանները շարունակում են պնդել՝ ոստիկանությունն իրավունք չուներ այդ օրը «Զարյա 3» կիրառել։ Այդ ժամանակ դա արգելված էր, դրանից երկու շաբաթ անց, սակայն, առողջապահության նախարարը որոշեց թույլատրել դրա կիրառությունը։

«Կյանքը փոփոխվում է, առաջանում են որոշակի իրավիճակներ և անհրաժեշտություններ մեր իրավական ակտերը փոխելու», - մոտ մեկ ամսվա լռությունից հետո սա էր առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի բացատրությունը, թե ինչու որոշեց փոփոխել 12 տարվա հրամանը:

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին որոշ մանրամասներ փոխանցեց, այդպես էլ չհստակեցնելով, թե փոփոխված կյանքում ի՞նչ կարիք է առաջացել հավաքները ցրել հենց այս տեսակի նռնակի միջոցով, երբ այն տարիներ շարունակ պարզապես արգելված միջոց է համարվել։

«Ես չեմ դրա գնահատողը, ինչպես ասացի՝ կա մասնագիտական կառույց, որը ելնելով թե՛ միջազգային փորձից, թե՛ տվյալ միջոցների կիրառման արդյունքում հնարավոր որևէ մարդու առողջությանը հասցված վնասի ռիսկերից կայացնում է որոշում՝ ընդգրկելու տվյալ միջոցը մեր հրամանում, թե՝ չէ: Մասնագիտական խումբը որոշում է կայացրել, որ այն, ինչ որ ընդգրկված է, համապատասխանում է ստանդարտներին», - նշեց նախարարը:

Նախարար Ավանեսյանը, սակայն, այսօր պնդեց, թե ոչ ինտրիգ կա, ոչ էլ՝ հետին թիվ. - «Որևէ սրբագրման կամ սահմանափակման հարց չկա, թե որ ամսաթվին և երբ են արվում փոփոխությունները: Օրենքով սահմանված կարգով, պահպանելով ընթացակարգերը, որևէ հետին թիվ չկա, ընդունվել է որոշում փոփոխության մասով, չեմ կարծում, որ այստեղ որևէ ինտրիգ կա»:

Ավանեսյանն ընդգծեց, որ «Զարյա 3»-ը թույլատրելի են դարձրել մասնագիտական կառույցների եզրակացություններից հետո։ Նկատի ունի իր ղեկավարած նախարարության ենթակա երկու կառույցները՝ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը և Դատաբժշկական գիտագործնական կենտրոնը։ Այս երկու կառույցները, փաստորեն, ըստ էության եզրահանգել են, որ «Զարյա 3»-ը վտանգավոր չէ, այնինչ Հայաստանի նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանն էր «Ազատության» հետ զրույցում հակառակը պնդել:

«Զինված խմբավորումներ, զինված հանցագործին զինաթափելու համար է, դրա վնասվածքը, հետևանքները կարող են անդառնալի լինել: Որ ասենք՝ անմիջապես մահաբեր է, ոչ, բայց կարող է բեկոր լինի, կարևոր արյունատար անոթ վնասվի ու բժիշկները չկարողանան անմիջապես տվյալ քաղաքացու կյանքը փրկել», - ասաց Օսիպյանը։

«Զարյա 3»-ն, ի տարբերություն «Զարյա 2»-ի, կիրառում են ընդհուպ պատերազմի ժամանակ զինված հակառակորդին մեկուսացնելու համար։

XS
SM
MD
LG