Մատչելիության հղումներ

Հրազենով ու այլ ռազմամթերքով հանցանքների թիվն աճել է. ըստ Իոաննիսյանի՝ ոստիկանությունը թուլացել է


Հայաստանում ամեն շաբաթ միջինը երկու հանցագործություն է կատարվում հրազենով ու այլ ռազմամթերքով։ Վիճակագրական կոմիտեի տվյալով՝ այս տարվա միայն հինգ ամիսներին՝ հունվարից մինչև մայիս, նման հանցանքների թիվը 45-ի է հասել՝ գրեթե 65 տոկոսով ավելի, քան 2023-ի նույն ժամանակահատվածը։

«Սա խոսում է ոստիկանության համակարգի շատ լուրջ թերության և շատ լուրջ անզորության մասին», - ասում է «Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։

Նա կասկած չունի՝ Ներքին գործերի նախարարության գրանցած դեպքերի զգալի մասը հենց ապօրինի զենք-զինամթերքով է տեղի ունեցել։ Արդյոք հրազենով հանցանքների աճի պատճառը 2020 թվականի պատերազմից հետո անհետացած 17 հազար ինքնաձիգերն են, որոնց մասին ներքին գործերի նախարարն էր ամիսներ առաջ հայտարարել, Դանիել Իոաննիսյանը նշում է. - «Ակնհայտ է, որ հիմնականում ապօրինի զենք-զինամթերքը 20 թվականի պատերազմի արդյունքում է հայտնվել, և 20 թվականի պատերազմի արդյունքում հայտնված զենք-զինամթերքը եթե 23 թվականին կրակում էր 70 տոկոսով ավելի քիչ, քան 24 թվականին, կամ 24 թվականին 70 տոկոսով ավելի, քան 23-ին, սա նշանակում է, որ մենք խնդիրներ ունենք հանցավորության դեմ պայքարի հետ և ոչ թե ապօրինի զենք-զինամթերքի քանակի շատացման, թեև քանակը, իհարկե, մտահոգիչ է»։

Դանիել Իոաննիսյանի պնդմամբ՝ հենց համակարգային բարեփոխումների բացակայության հետևանքով են ոստիկաններն անարդյունավետ հանցավորության դեմ պայքարում։ Ոստիկանական բարեփոխումների մշակմանը որոշ ժամանակ մասնակցած իրավապաշտպանի գնահատմամբ՝ դեռ ավելին՝ համակարգում հետընթաց է նկատվում։

Փաստերի ստուգման հարթակի ուսումնասիրության համաձայն՝ վերջին տարիների վիճակագրությունը ցույց է տալիս, որ 4 մարդասպանից մեկն է դատարանի առաջ կանգնում։ Սա, ըստ Իոաննիսյանի, նաև ոստիկանների թերի աշխատանքի, ապացույցների հավաքագրման ոչ պրոֆեսիոնալության պատճառով է։

«Ոստիկանությունը շատ-շատ թուլացել է վերջին տարիներին և թուլացել է, որ սա-խնամի-ծանոթ բարեկամով է, ավելի շատ, քան եղել է Վլադիմիր Գասպարյանի ժամանակ։ Ես բնավ չեմ ուզում, Վլադիմիր Գասպարյանին գոված լինեմ ընդհանրապես։ Ոստիկանությունում շատ ուժեղ չի խրախուսվում կոմպետենտությունը, չի խրախուսվում նախաձեռնողականությունը, խրախուսվում է ծառայությունը մի տեսակ ձևի համար, քան թե բովանդակության», - նկատեց նա։

Դանիել Իոաննիսյանն ասում է՝ ոստիկանների անարդյունավետությունը նաև քրեական ենթամշակույթին հարող անձանց՝ «օրենքով գողերի» ակտիվացմանն է նպաստում, թեև այս իշխանությունները նրանց դեմ լայնածավալ պայքար էին խոստանում։ Լրահոսում քրեական հեղինակությունների մասնակցությամբ աղմկահարույց դեպքերի պակաս չկա, ամենաթարմ դեպքն անցած շաբաթ էր՝ Սևանի հանգստյան գոտում ծագած վիճաբանությունից հետո երիտասարդի էին սպանել։՝

«Ստոմատոլոգին սպանել են նրա համար, որ ինքը նկատողություն է արել, ասել է՝ աղմուկ մի արեք, և քաղաքային իշխանությունները նույնիսկ այն աստիճան վախեցած են սպանողներից... սենց դեպքերից հետո, եթե նորմալ ոստիկանություն կա երկրում, ամբողջ կրիմինալը պիտի մտնի ծակերը և վախենա գլուխ բարձրացնել, և սենց մթնոլորտ պիտի սկսեր տիրել Սևան քաղաքում, եթե նորմալ իրավապահ համակարգ լիներ», - ասաց նա։

Ներքին գործերի նախարարությունից էլ են ընդունում՝ համակարգում դեռ կան բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծումը դեռ էլի ժամանակ է պահանջում։

«Եթե մենք խնդիրներ չտեսնեինք, այսօր բավական լայն կազմով չէինք քննարկի 24-26թթ. ռազմավարությունը։ Ընդ որում, եթե հասցրել եք աչքի անցկացնել, նկատած կլինեք, որ մենք բարձրացրել ենք խնդիրներ թե առհասարակ մարդկային ռեսուրսների կառավարման տեսանկյունից, թե կրթական բլոկի տեսանկյունից, թե վատ վերաբերմունքի դրսևորման արձանագրման տեսանկյունից, թե ընտանեկան բռնության դեմ պայքարի կամ անձնական տվյալների պաշտպանության», - օրեր առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը։

Նա նաև շեշտել է՝ ոստիկանական բարեփոխումները շարունակվում են, ռազմավարական նոր՝ 2024-2026 ծրագիրը դեռ մշակման փուլում է։

Օրեր առաջ ռազմավարական ծրագրի նախագծային լուծումներին նվիրված առաջին հանրային քննարկումն էր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG