Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունները մտադիր են քննիչ հանձնաժողով ստեղծել, որ հունիսի 12-ին ոստիկանների գործողությունները քննեն։ Մի քանի օրից նախաձեռնությունը շրջանառության մեջ կդնեն, ասում է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
«Խորհրդարանական ընդդիմության պարտքն է նախաձեռնել նմանօրինակ հանձնաժողով ու արձանագրել այն բոլոր խախտումները, որ տեղի են ունեցել հունիսի 12-ին», - նշեց Մամիջանյանը։
Հանրահավաքը ցրելու համար ուժայինները կիրառել էին հատուկ միջոցներ՝ լուսաձայնային նռնակներ, ընդհուպ, ըստ իրավապաշտպանների, «Զարյա 3» տեսակի, որ այդ պահին դեռ արգելված էին։ Պաշտոնական տվյալներով՝ այդ օրը հիվանդանոցներ դիմած 106 տուժածից 57-ը բեկորային վնասվածք էր ստացել։ Ոստիկանների գործողությունների վերաբերյալ քրեական գործ է հարուցվել, սակայն որևէ ոստիկան անգամ մեղադրյալի կարգավիճակ չունի։
Վարչապետ Փաշինյանը դեպքերից մեկ օր անց, խորհրդարանում հայտարարեց՝ ոստիկաններն իրավաչափ են գործել. - «Ոստիկանության հակազդեցությունը եղել է իրավաչափ և պրոֆեսիոնալ ու նմանատիպ բոլոր դեպքերում ոստիկանությունը գործելու է նույն կերպ»:
«Ինձ Փաշինյանի ասածները շատ քիչ են հետաքրքրում: Հաշվի առնելով ստի հանդեպ նրա վերաբերմունքը՝ չեմ կարծում, որ արժի որևէ կերպ վերաբերվել այդ ասածին, հերթական սուտն է ընդամենը», - նշեց Մամիջանյանը։
Քննիչ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնության համար ընդդիմադիր երկու խմբակցության ձայները բավարար են, բայց նախագիծը հաստատելու համար անհրաժեշտ է իշխող ուժի աջակցությունը: Այս պահին պարզ չէ, թե խորհրդարանական որ հանձնաժողովը կստեղծի այն, իշխանականները բոլոր հանձնաժողովներում մեծամասնություն են։ Ի՞նչ ակնկալիք ունեն իշխանականներից, կաջակցե՞ն իրենց հատկապես Փաշինյանի հայտարարությունից հետո, թե ոստիկաններն օրենքով են գործել։
«Հանձնաժողովը կստեղծվի օրենքի ուժով, բայց ՔՊ-ն կարող է ցանկության դեպքում չներկայացնել կազմ ու իրավական տեսանկյունից վիճելի տարածք է առաջանում», - ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ընդդիմադիրներին առաջարկում է այլ հարցով քննիչ հանձնաժողով ստեղծել. - «Թող մի հատ քննիչ հանձնաժողով ստեղծեն, որ կզբաղվի իրենց ինքնահայեցմամբ»։
Օրինակ՝ Վահագն Ալեքսանյանը պատրա՞ստ է աջակցել, որ այդ հանձնաժողովը գործի ու քննարկվեն իրավապահների գործողությունները։
«Իսկ իրենք ի՞նչն են ուզում քննել, որ հարձակվել են ոստիկանական պատի վրա, քարեր են նետել ու ոստիկանները համարժեքից էլ թույլ արձագանք են տվել հատուկ միջոցներով, դա են ուզո՞ւմ քննեն, ինչը քննեն», - ասաց Ալեքսանյանը։
Նախագիծը քննարկվելու է լիագումար նիստում, այժմ խորհրդարանն արձակուրդում է, այսինքն, գործընթացը կսկսվի աշնանային նստաշրջանում։ Փաշինյանի հրաժարականը պահանջող շարժման առաջնորդը՝ Բագրատ սրբազանը համարում է, որ Ազգային ժողովի մոտ ցուցարարների նկատմամբ ոստիկանների ուժի կիրառումն ու հետևանքների պատասխանատվությունն իշխանությունն է կրում։
«Իրավապահ համակարգն ամբողջությամբ լցված է այս, ապօրինություն ասելը մեղմ բառ է, այս հանցագործությունները արդարացնելու, Քննչական կոմիտե, դատախազություն, մնացած բոլորը», - նշել է Բագրատ արքեպիսկոպոսը:
Հունիսի 12-ի բախումներից հետո ընդդիմադիր շարժումը հեռացավ հրապարակային հարթակներից ու անհնազանդության ակցիաները դադարեցրեց։ Շարժման առաջնորդը հայտարարել է, թե կակտիվանան աշնանը։