Մատչելիության հղումներ

Փարաքարի փրայմըրիզում հաղթեց հրաժարական տված համայնքապետը


Լյուդվիգ Գյուլնազարյան, արխիվ
Լյուդվիգ Գյուլնազարյան, արխիվ

Փարաքարի՝ երկու ամիս թափուր մնացած համայնքապետի պաշտոնը կստանձնի հենց երկու ամիս առաջ նույն պաշտոնից հրաժարված Լյուդվիգ Գյուլնազարյանը։ Նա համայնքապետի նախընտրական ընտրության՝ փրայմըրիզիհաղթողն է, երկրորդ տեղը զբաղեցնողից ավելի քան 300 ձայն ավելի ստացավ։

Փարաքարի համայնքապետի պաշտոնակատարի նախնական ընտրության արդյունքներն իշխող ուժը երեկ Ֆեյսբուքի ուղիղ եթերում էր ամփոփում. - «Գյուլնազարյան Լյուդվիգ՝ 594»:

Երեք օր տևեց մոտ 20 հազար ընտրող ունեցող ու 9 գյուղ ընդգրկող համայնքի փրայմըրիզը։

Նոյեմբերին քրեական պատմության պատճառով հրաժարական ներկայացրած Լյուդվիգ Գյուլնազարյանի համար նախնական ընտրության արդյունքները կանխատեսելի էին։ «Հաղթանակը իհարկե սպասելի էր, որովհետև եթե չսպասեի հաղթանակի, հաստատ չէի մասնակցելու փրայմըրիզին», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա:

Ինչո՞ւ այդ դեպքում տարեվերջին հրաժարական ներկայացրեց ու մասնակցեց նախնական քվեարկությանը։ Գյուլնազարյանն ասում է, թե սպանության միջադեպից հետո նախաքննության վրա ազդեցություն չունենալու պատճառով է հրաժարվել պաշտոնից. դեպքի օրը նա ոտքից վիրավորվել էր։ Պնդում է՝ փոխհրաձգության վայրում պատահաբար է հայտնվել։

«Ձեր գործընկերներին, մեր գործընկերներին տված հարցազրույցներում արդեն իսկ նշել եմ, որ ես եղել եմ էդ վայրում իմ կամքից անկախ, որտեղ եղել ա հրաձգություն, ու պատահաբար մի գնդակ կպել ա ինձ: Իսկ նախաքննությանը չխանգարելու համար, քննչական մարմնին չխանգարելու համար ես տվել եմ հրաժարական, այնուհետև թե՛ քննչական մարմինը, թե՛ Դատախազությունը տվել են իրենց որոշումը, որ ես եղել եմ բացառապես տուժող», - հայտարարեց Գյուլնազարյանը:

«Քաղաքացիական պայմանագրից» էլ էին շեշտել՝ որևէ խոչընդոտ չկար Գյուլնազարյանի թեկնածությունը հաստատելու համար։

«Որևէ քրեաիրավական, այսպես ասած, խոչընդոտ չի եղել որևէ թեկնածուի համար առաջադրման», - հայտարարել էր Ազգային ժողովում իշխող կուսակցության խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:

Գյուլնազարյանը, ինչպես և մյուս հինգ թենածուները աշխատանքային կենսագրությունն ուղարկել էին ՔՊ, կուսակցության վարչությունն էր հաստատել թեկնածուներին։ Վեցից միայն մեկն էր անկուսակցական, նա էլ «Քաղաքացիական պայմանագրի» համախոհ է։ Գոռ Սարիբեկյանն, ի դեպ, երկրորդ ամենաշատ ձայն հավաքած թեկնածուն է՝ նա 180 քվե է ստացել փարաքարցիներից։

ՔՊ-ում արդեն պատրաստվում են մարտին կայանալիք բուն ընտրություններին։ Անցած՝ 2021-ի ընտրություններին իշխող ուժը պարտվել էր Փարաքարում, հաղթել էր ընդդիմադիր «Ապրելու երկիր» կուսակցությունը։ Իշխանությունը, սակայն, կոալիցիա կազմելու արդյունքում անցել էր «Դավիթ Մինասյան» դաշինքին ու «Քաղաքացիական պայմանագրին»։ Դավիթ Մինասյանն ու Լյուդվիգ Գյուլնազարյանը հերթով ղեկավարեցին համայնքը։

Փրայմըրիզում հաղթած Գյուլնազարյանը պնդում է՝ անցած տարիներին իրենք հասցրել են շատ բան փոխել համայնքի կյանքում. - «Սկսած դպրոցաշինություններից, սկսած մանկապարտեզների վերանորոգումից, սկսած ասֆալտապատումներից, տուֆասալիկապատումներից փողոցների, ոռոգման ցանցի վերանորոգումից, խմելու ջրի ցանցերի վերազինումից, փոխումից, լուսավորությունից, ու մի շարք այլ ծրագրեր, որ իրականացվել են համայնքում»:

Մինչդեռ ընդդիմադիր «Ապրելու երկիր» կուսակցությունում կարծում են, թե իշխանությանը չի հաջողվել արդյունավետ կառավարել Փարաքարը։ «Ապրելու երկրի» համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանն ասում է՝ անցած երեք տարիներին խոշորացված համայնքում խնդիրները նվազելու փոխարեն ավելացել են։

«Ամենամյա զարգացման ուղղությամբ որևէ աշխատանք չի տարվել, բազմաթիվ ծրագրեր նաև կիսատ են մնացել: Հետևաբար՝ այս պահին էլ մեր թիմը այդ ուղղությամբ աշխատում է, ուսումնասիրություններ է անում, նաև համայնքի բնակիչների հետ է պարբերաբար կապի մեջ: Եվ մենք վստահ ենք, որ մեր թիմի ներկայացրած ծրագիրը հենց այն ծրագիրն է, որը համայնքի բնակիչները կուզենան տեսնել», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Առաքելյանը:

Նրա համոզմամբ՝ համայնքում լուծվել են միայն խնդիրների շատ փոքր մասը։ Հենց արդյունավետ կառավարում իրականացնելու մղումով են մասնակցելու մարտին կայանալիք արտահերթ ընտրություններին։

«Խմելու ջրի, ոռոգման ջրի, ճանապարհների նաև՝ դրանք նվազագույն խնդիրներն են, որ պետք է լուծվեն; Մեր պատկերացրած համայնքները նաև պետք է լինեն ապրելու համայնքներ՝ այն տեսանկյունից, որ համայնքներում լինի այնպիսի միջավայր, որ մարդիկ ուզենան իրենց առօրյան անցկացնեն համայնքում: Շատ քիչ են համայնքում մշակութային և այլ բնութի կառույցները, և համայնքի բնակիչները այդ առումով էլ իրենց լիարժեք չեն զգում, և այդ տեսանկյունից բազմաթիվ ծրագրեր կան», - ասաց Մեսրոպ Առաքելյանը:

Իշխանությունում համաձայն չեն իրենց ընդդիմախոսների գնահատականներին։

Փրայմըրիզում հաղթած թեկնածուն համոզված է, թե իր ստացած 594 քվեն իր թիմի աշխատանքի արդյունքն է:

XS
SM
MD
LG