Մատչելիության հղումներ

Փարաքարում պատրաստվում են համայնքի ղեկավարի նախնական ընտրությանը՝ փրայմըրիզին


Տոներից հետո Փարաքարում պատրաստվում են համայնքի ղեկավարի նախնական ընտրությանը՝ փրայմըրիզին։ Գյումրիից հետո Երևանին մոտ խոշորացված այս համայնքը երկրորդն է, որտեղ ժամանակավոր ղեկավար կնշանակվի բնակիչների քվեարկությամբ։

Իսկ արդյոք իրենք՝ փարաքարցիները, տեղյա՞կ են ընտրական այս նորամուծությունից։

«Տեսել եմ Լեննականում ոնց են անցկացրել, ինձ թվում է՝ նույն ձև էլի։ Էդ չի՞ փրայմըրիզը… դե տուն-տուն պետք է ֆռան, առաջադրեն թեկնածուներին, ում աշխատանքը գնահատում են, նրան էլ ձայն են տալու էլի»:

Ոմանք էլ դեռ չեն հասցրել ծանոթանալ՝ ի՞նչ է փրայմըրիզը, ինչպե՞ս է քվեարկությունը տեղի ունենալու։ Փարաքարցիներն ասում են, թե փրայմըրիզից ընդամենը օրեր առաջ թեկնածուները դեռ քարոզարշավն էլ չեն սկսել։

Կան մարդիկ էլ, որ թերահավատ են, թե նախնական ընտրությունն արդար կանցկացվի։

«Քաղաքացիական պայմանագրի» վարչության նիստում են հաստատվել համայնքի ղեկավարի 6 թեկնածուները։ Նրանցից հինգը իշխող կուսակցությունից են, այդ թվում՝ Փարաքարի նախկին համայնքապետ Լյուդվիգ Գյուլնազարյանը։ Նա սպանության աղմկոտ դեպքից հետո էր հրաժարական ներկայացրել, տեղում ոտքից վիրավորվել էր։ Ավելի ուշ էլ պնդել՝ դեպքի հետ ինքը կապ չունի։ Թեկնածուներից մեկն էլ անկուսակցական է։

Հարցմանը մասնակցած փարաքարցիներից ոչ բոլորը գիտեին 6 թեկնածուներին։ Ոմանք էլ արդեն նախընտրելի թեկնածու ունեին։ Նրանք գոհ են 2 ամիս առաջ հրաժարական ներկայացրած համայնքապետի աշխատանքից։ Ասում են՝ փողոցներից մի քանիսն է բարեկարգել։

Փրայմըրիզը մոտ 29 հազար բնակիչ ունեցող Փարաքարում անցկացվելու է հունվարի 11-ից 13-ը։ Բուն ընտրությունները խոշորացված համայնքում տեղի կունենան մարտին։ Նախնական ընտրություններին հաղթած թեկնածուն էլ կգլխավորի իշխող թիմի նախընտրական ցուցակը։

ՔՊ-ն 2021-ի Փարաքարի ավագանու ընտրություններում պարտվել էր։ Հաղթել էր ընդդիմադիր «Ապրելու երկիր» կուսակցությունը, սակայն «Քաղաքացիական պայմանագիր»-ը փաստացի կոալիցիա էր կազմել ու «Դավիթ Մինասյան» դաշինքի հետ միասին հերթով կառավարել համայնքը։ Մինասյանը 2.5 տարի, Գյուլնազարյանը՝ ընդամենը 5 ամիս ղեկավարեց Փարաքարը։

XS
SM
MD
LG