Գյումրիից հետո Փարաքար խոշորացված համայնքը երկրորդն է, որտեղ փրայմըրիզով ղեկավար կնշանակի վարչապետ Փաշինյանը:
«Մեծ հավանականությամբ առաջիկայում Փարաքար խոշորացված համայնքում համայնքի ղեկավարի ժամանակավոր ղեկավարի պաշտոնակատարի նշանակման հարց ենք ունենալու, և առաջարկում եմ, որ այդ հարցը լուծենք նախնական քվեարկության, նախնական ընտրությունների միջոցով», - երեկ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Մինչև հունվարի 2-ն ինքնակենսագրական, մոտիվացիոն նամակ, լուսանկար և անձնագիր պիտի ուղարկեն թեկնածուները:
Քրեական պատմության մեջ հայտնվելուց հետո համայնքապետի պաշտոնից հրաժարված Լյուդվիգ Գյուլնազարյանը չհստակեցրեց՝ մոտիվացիոն նամակն արդեն ուղարկե՞լ է, թե՞ ոչ, բայց հայտարարեց՝ այս պահին մտադիր է մասնակցել փրայմըրիզին:
«Դրա մասին Դուք տեղյակ կլինեք մի քանի օրից, երբ որ ես ինքս իմ որոշումը կայացնեմ», - «Ազատությանն» ասաց նախին համայնքապետը:
Հրաժարականի հիմքում նոյեմբերի 18-ին Երևանում կատարված սպանությունն էր, որի ընթացքում ոտքից վիրավորվել էր նաև Գյուլնազարյանը: Աղմկոտ վիճաբանության հետ ինքը կապ չունի, պնդեց ՔՊ-ական նախկին համայնքապետը:
«Այո, ես պատահաբար ուղղակի հայտնվել եմ մի տեղ ոչ ճիշտ ժամանակին ոչ ճիշտ վայրում, ես դեպքի հետ ընդհանրապես առնչություն չունեմ, դրա մասին արդեն իսկ Դատախազություն էլ, Քննչականն էլ իրենց որոշումներ տվել են՝ ես որպես տուժող եմ ճանաչվել», - հայտարարեց Գյուլնազարյանը:
Թե թիմից կամ համակիրներից քանիսն են փարաքարցիներին համոզելու, որ հենց իրենց պիտի նշանակի վարչապետը, Գյուլնազարյանը չասաց:
2021-ին կայացած համայնքապետի ընտրություններում վարչապետ Փաշինյանի թիմը Փարաքարում պարտվել էր։ Ամենաշատ ձայնը ստացել էր ընդդիմադիր «Ապրելու երկիր» կուսակցությունը՝10 մանդատ, սակայն 6 մանդատ ստացած «Քաղաքացիական պայմանագիր»-ը միացավ 5 մանդատ ունեցող «Դավիթ Մինասյան» դաշինքին ու որոշեցին հերթով կառավարել համայնքը։ Դավիթ Մինասյանը 2.5 տարի համայնքը ղեկավարեց, Լյուդվիգ Գյուլնազարյանը՝ 5 ամիս:
Դավիթ Մինասյանն «Ազատությանն» ասաց՝ փրայմըրիզին չի մասնակցի, իսկ մարտին կայանալիք ընտրություններում իր մասնակցության հետ կապված դեռ չի շտապում որոշումը հրապարակել:
Գալիք տարվա մարտի 30-ին կայանալիք ընտրություններին ընդդիմադիր «Ապրելու երկիր» կուսակցությունը մտադիր է մասնակցել, ասաց կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը, իսկ իշխող ուժի փրայմըրիզը ընտրություններից առաջ վարչական ռեսուրսի ներգրավման փորձ համարեց:
«Եթե համայնքի ղեկավար չկա, դա բազմաթիվ այլ մեխանիզմներ կան՝ ինչպես կարելի է կարգավորել, որպեսզի մինչև ընտրությունները համայնքը շարունակի իր բնականոն գործունեությունը; Բայց նույնիսկ եթե այնտեղ մեկ-երկու ամիս էլ է մնում, ամեն ձևով վարչապետը փորձում է իր նշանակած անձի միջոցով որոշակի վարչական ռեսուրս գեներացնել», - «Ազատությանն» ասաց Առաքելյանը:
Երկրի ղեկավարի կողմից տեղական ինքնակառավման ընտրություներին միջամտելը դեմ է համայնքների կառավարման գաղափարին, ընդգծեց նա:
«Փորձել եմ ուսումնասիրել, չեմ գտել մի երկիր, որտեղ գործադիր իշխանությունը տեղական ինքնակառավարման վրա ունի կառավարման տեսանկյունից ազդեցություն, և սա ընդհանրապես անընդունելի է, նաև Սահմանադրության այդ սկզբունքներին է հակասում», - նշեց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիրը:
Առաքելյանը համոզված է՝ երեք ամսում թեկնածուն համայնքի խնդիրներով չի զբաղվելու, այլ՝ իշխող ուժի վարկանիշի բարձրացմամբ: Միջանկյալ ընտրությունները, ըստ «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադրի, նաև հետագայում՝ քարոզարշավում, անհավասար պայմաններ են ստեղծում մյուս քաղաքական ուժերի համար: