Իշխող կուսակցությունը Փարաքարում էլ ժամանակավոր համայնքապետ կնշանակի բնակիչների քվեարկությամբ։ Կլինի այսպես ասած փրայմըրիզ, ինչպես եղավ Գյումրիում։
«Քաղաքացիական պայմանագրի» վարչության նիստում հաստատվել են թեկնածուները։ Վեցից հինգը վարչապետ Փաշինյանի ղեկավարած կուսակցությունից են, մեկն է անկուսակցական։
«Պետք լինի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ կամ համախոհ կամ համակիր», - հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:
Փարաքարի նախկին համայնքապետն էլ է թեկնածուներից։ Լյուդվիգ Գյուլնազարյանը մոտ երկու ամիս առաջ հրաժարական տվեց կրիմինալ պատմության մեջ հայտնվելու պատճառով. Երևանում սպանություն էր եղել, նա էլ էր դեպքի վայրում ու ոտքից վիրավորվել էր։
«Դե քանի որ ես ընկել էի մի փոքր անախորժ պատմությունների մեջ, որի համար հրաժարական էի տվել, նախաքննությունը՝ թե՛ քննչական մարմինը, թե՛ դատախազությունը, տվեցին իրեն որոշումը, որ ես բացառապես տուժող եմ, էդ դեպքում էլ արդեն իսկ ես նորից հնարավորություն ունեցա մասնակցելու», - «Ազատությանն» ասաց Գյուլնազարյանը:
Թե որ թեկնածուին կընտրեն Փարաքարի բնակիչները, հունվարի կեսին կպարզվի։ Մարդիկ ոչ թե տեղամասեր կգնան, այլ շրջիկ խմբերը՝ քվեատուփերով ու քվեաթերթիկներով, կթակեն մարդկանց դռները, ու նրանք կքվեարկեն իրենց նախընտրած թեկնածուի օգտին։
Նախատեսվում է, որ հունվարի 11-13-ը կանցկացվի ընտրությունը։ Թեկնածուները քարոզարշավ կանեն։ Ամենաշատ ձայներ ստացած թեկնածուին էլ վարչապետը կնշանակի համայնքի ղեկավար, նա էլ կգլխավորի իշխող թիմի նախընտրական ցուցակը. - «Եվ մեծ հավանականությամբ՝ 95 և ավել տոկոս հավանականությամբ, կգլխավորի արտահերթ ընտրություններում՝ Փարաքար խոշորացված համայնքի ավագանու ընտրություններում, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակը», - հայտարարել է վարչապետը: Ըստ Փաշինյանի՝ ընտրությունները մարտի վերջին կլինեն։
Ի՞նչ է ակնկալում նախկին համայնքապետը՝ իրեն կընտրե՞ն, թե՞ կրիմինալ պատմությունն ազդել է իր հեղինակության վրա։
«Ես կապ չունեմ դրա հետ, կարծում եմ՝ բոլորն էլ ըմբռնումով կմոտենան, որովհետև, Աստված մի արասցե, մեզանից յուրաքանչյուրը կարար հայտնվեր էդ իրավիճակում, որի հետ կապ չունենա: Այ էն փորձանք ու շառ ասածն էր», - նշեց Գյուլնազարյանը:
Թեկնածուներից մեկն է կին՝ Արփինե Առաքելյանը, որն ինքնաառաջադրվել է։ Նախկինում վեց ամիս աշխատել է Փարաքարի համայնքապետարանում՝ արտաքին կապերի ու գովազդի բաժնում, կարծում է՝ իրեն ճանաչում են Փարաքարի ութ գյուղերում, պարզապես մարդկանց համար է այս ընտրությւոնը անսովոր։
«Մարդիկ, ճիշտ ա, մի փոքր սովոր չեն, չեն պատկերացնում ֆորմատը, բայց կարծում եմ՝ քարոզրշավի ընթացքում մենք կծանոթացնենք մարդկանց։ Էստեղ պատահականության սկզբունքն ա գործում, ինձ թվում ա՝ ոչ մեկ ոչ ոքի վրա չի կարող ազդել», - «Ազատությանն» ասաց Արփինե Առաքելյանը:
Ժամանակավոր պաշտոնակատարի ընտրությունը միայն իշխանության թեկնածուների միջև է լինելու, ընդդիմադիրները չեն կարող մասնակցել։ Ժամանակավոր պաշտոնակատարին վարչապետն է նշանակում, նա էլ մինչև արտահերթ ընտրությունները որոշել է, որ այս տարբերակով լինի. - «Ընտրությունները տեղի կունենան մարտի վերջին: Այսքանը: Շնորհակալություն»:
Ավագանու ընդդիմությունը՝ «Ապրելու երկիր»-ը, դեմ է մինչև ընտրություններն այս տարբերակով պաշտոնակատար նշանակելուն։ Կուսակցության ներկայացուցիչ Մեսրոպ Առաքելյանն «Ազատությանն» ասել էր, որ վարչապետն այս թեկնածուներից մեկին ժամանակավոր նշանակելով՝ փորձում է վարչական ռեսուրսի օգտագործման հնարավորություն ստեղծել ընտրությունների փուլում, և այդպիսով անհավասար պայմաններ կլինեն քաղաքական ուժերի համար։ Իսկ որ ավագանու կազմից չընտրվեց նոր համայքնապետն ու արտահերթ ընտրություններ պետք լինեն գարնանը, ընդդիմության սրտով է։
«Մեր դիրքորոշումը այն է, որ պետք է տեղի ունենան նոր ավագանու ընտրություններ՝ ժողովրդի կոմից ընտրված, որովհետև էս ձևավորված ավագանին, ցավոք, այնպիսի միջավայրում աշխատեց այս տարիների ընթացքում՝ տարբեր խնդիրներ, հիմա նախկին համայնքի ղեկավարի նկատմամբ քրեական գործ է հարուցված՝ համայնքապետարանում հնարավոր չարաշահումների մասով, այսինքն՝ թեև անմեղության կանխավարկած կա, բայ արդեն էդ փաստը ինքնին այնպես է, որ խնդրահարույց է նաև նման կազմով շարուրակել՝ գործող», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց Մեսրոպ Առաքելյանը:
Նիկոլ Փաշինյանի թիմը Փարաքարում այդպես էլ չկարողացավ լիարժեք իշխանություն ունենալ ու հասնել հերթական ընտրություններին։ 2021-ի ընտրություններում այստեղ ամենաշատ ձայնը ստացել էր «Ապրելու երկիր» կուսակցությունը, վարչապետի թիմին համայնքապետի պաշտոնը մեծ դժվարությամբ բաժին հասավ. ՔՊ-ն ու «Դավիթ Մինասյան» դաշինքը միացան ու որոշեցին հերթով կառավարել համայնքը։ Սկզբում Դավիթ Մինասյանն ընտրվեց ու երկուսուկես տարի ղեկավարեց, ապա աթոռը փոխանցեց իշխանական Լյուդվիգ Գյուլնազարյանին, որը հինգ ամիս կառավարեց։ Երկու թեկնածուն էլ պաշտոնից հեռացան քրեական գործերով, բայց երկուսն էլ շարունակում են մնալ ավագանու անդամներ։